Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ ուշ չի

Հուլիս 31,2019 14:30

Որքան էլ հայաստանյան քաղաքական քննարկումներն ընթանան տարբեր, իսկապես կարեւոր՝ դատաիրավական փոփոխությունների, անիմաստ՝ Ստամբուլյան կոնվենցիայի եւ այլ հարցերի շուրջ, միեւնույն է, համոզված եմ, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ հայության թիվ մեկ խնդիրն Արցախի հիմնահարցն է։ Այս հիմնահարցի նկատմամբ մեր հանրության վերաբերմունքն է լինելու որոշիչը, թե մենք որպես ոչ միայն պետություն, այլեւ ազգ, ժողովուրդ, ունենալո՞ւ ենք ապագա, թե՞ … Այս հարցում ես ունեմ իմ համոզմունքը. տես՝ «Ո՞րն է Արցախի արդարացի լուծումը»  հոդվածը։ Այժմ կուզենայի անդրադառնալ վերջին շրջանում Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, քննարկումներին, կարծիքներին։

1. Արցախը Հայաստանի մարզ է

Այս թեզը պաշտպանում եւ դրա իրագործման համար բավականին արմատական ձեւերով պայքարում են «Սասնա Ծռերը», քաղաքագետներ Արա Պապյանը, Հայկ Մարտիրոսյանն ու այլք։
Իհարկե, ողջ խորհրդային շրջանում հայության երազանքը Արցախի միավորումն էր Հայաստանին, իսկ 1988թ. արցախյան շարժման ձողն ու կարգախոսը՝ «Միացումը»։ Եվ վերջապես, դեռեւս ոչ մեկի կողմից չի չեղարկվել 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ-ի կողմից Հայաստանի եւ Արցախի վերամիավորման փաստաթուղթը։ Հետագայում ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, իշխանության եկած «Ղարաբաղ» կոմիտեի վերնախավը ետ կանգնեց «Միացում» կարգախոսից, եւ 1991թ. Հայկական ԽՍՀ-ն եւ Արցախը գնացին «ինքնորոշման» եւ անկախության ճանապարհով։ Հաշվարկը, հավանաբար, միջազգային հանրությանն ապացուցելն էր, թե Հայաստանն ագրեսոր չէ եւ Արցախը հարցը միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման սկզբունքներով է անջատվում Ադրբեջանից։ Հիմնավո՞ր էր, արդյոք, «միացումը» փոխարինել «ինքնորոշմամբ», թե՞ ընդամենը պատասխանատվությունից խուսափելու ձեւ էր, դժվարանում եմ ասել։
Ինչեւէ, արդեն 28 տարի Արցախի հարցը նրա, որպես երկրորդ հայկական պետության միջազգայնորեն ճանաչումն է։ Իհարկե, կարծում եմ՝ ողջ հայ ժողովրդի վերջնական նպատակը պետք է լինի մոտ, թե հեռավոր ապագայում միացումը։ Սակայն ե՞րբ եւ ինչպե՞ս։ Միացման առաջին քայլը, կարծում եմ, պետք է լինի Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը, որից հետո նոր երկու հանրապետությունների միավորումը։ Հայաստանի բոլոր ղեկավարները խուսափել են Արցախի ճանաչումից, պատճառաբանելով, որ այդ կնշանակի արցախյան բանակցությունների վիժեցում։ Թերեւս նրանք ճիշտ են եղել, բայց՝ մասամբ։ Ինչու մասամբ, քանի որ այս նույն 28 տարիների ընթացքում Ադրբեջանն իր գործողություններով չասենք հիանալի, բայց մի քանի անգամ առիթ է տվել Հայաստանի կողմից Արցախի ճանաչման։ Առաջին առիթը հենց 1994թ. հրադադարի հաստատման պահն էր, երկրորդը ՝ 2012թ. Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, եւ վերջապես երրորդը՝ 2016թ. ապրիլյան պատերազմը։ Այս բոլոր դեպքերում էլ Հայաստանը լիովին բարոյական իրավունք ուներ «միջազգային հանրությանը» իր քայլերին քաղաքական բացատրություններ տալու, բայց հավանաբար չճանաչելու պատճառները նույն «միջազգային հանրությունից» ահուսարսափն էր։
Ինչեւէ, Արցախի՝ որպես Հայաստանի մարզ ճանաչման բանալին Երեւանում է, ոչ թե Ստեփանակերտում։ Ուստի, նույնիսկ քաղաքականությունից ոչինչ չհասկացողին հետաքրքրում է՝ ինչո՞ւ են վերոնշյալ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները Արցախի, որպես Հայաստանի մարզ ճանաչման սլաքն ուղղում ոչ թե դեպի Երեւան, այլ Ստեփանակերտ։ Իսկապես անհասկանալի է, մի՞թե Երեւանը պատրաստ է Արցախը որպես մարզ, ուստի որպես առաջին քայլ Արցախի անկախությունը ճանաչելուն, իսկ Ստեփանակերտը դիմադրում է։ Եվ, արդյոք այդ դիմադրությունը կոտրելու համա՞ր են նախաձեռնվում տարբեր, անհասկանալի, «հերոսական» ավտոերթեր, ինչպես նաեւ կոչեր Արցախում նույնպես հեղափոխություն անելու, նաեւ որքան էլ ցավալի է՝ վիրավորանքներ արցախցիների հասցեին. «Դե եթե անկախ եք, ինչու պիտի մեր հարկատուների հաշվին ձեզ ֆինանսավորենք» կամ՝ «Ինչու պիտի Հայաստանի քաղաքացիները զինվորական ծառայություն անցնեն Արցախում»։ Գուցե մենք ինչ-որ բան չգիտենք եւ Արցախը չի ցանկանում միավորվել Հայաստանին եւ ստիպված Հայաստանի ղեկավարությունը դիմել է «Սասնա Ծռերին» եւ նրանց համակիր քաղաքագետների օժանդակությա՞նը։

2. Արցախի հարցը պետք է որոշի ժողովուրդը

Այս թեզը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին անգամ այս միտքը հնչեց անցյալ տարվա օգոստոսյան հանրահավաքին, իսկ վերջին անգամ, կարծեմ՝ կառավարության նիստերից մեկի ժամանակ, մոտավորապեսգ «…Բա ժողովուրդը պետք ա որոշի, ուրիշ ո՞վ, թե՞ բանակը թալանած գեներալները, իհարկե, ժողովուրդը»։ Սա, եթե չասենք անընդունելի, առնվազն անհասկանալի մոտեցում է արցախյան հարցին։ Նախ , ի՞նչ է նշանակում «ժողովրդի որոշում»։ Դեռ մի կողմ թողնենք, որ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետության, եւ Արցախի 1988թ. արդեն իր որոշումը կայացրել է։ Բայց ինչպե՞ս է այժմ «որոշելու» ժողովուրդը։ Հանրաքվեո՞վ… Եվ ինչպե՞ս է ձեւակերպվելու հանրաքվեի հարցը։ Անկախ հարցի ձեւակերպումից, միայն հնարավոր հանրաքվե անցկացնելու փաստն ինքնին ծաղրուծանակի առիթ է, նաեւ թուլության եւ պարտվողականության ցուցանիշ, էլ չեմ ասում ցանկացած, այո՝ ցանկացած արդյունքի մասին։ Իսկ եթե հաշվի առնենք, հանրաքվեի հարցերի մեջ հնարավոր «կո՞ղմ եք խաղաղության», կամ «Հայաստանի թռիչքաձեւ տնտեսական զարգացմանը, աղքատության վերացմանը, Արցախի… դեպքում եւ այլն», ապա… Եվ եթե սրան գումարենք նաեւ իշխանական քարոզչությունը, վարչական ռեսուրսը, նաեւ այն, որ 2008թ. պաշտոնական թվերով 351222 հայաստանցի քվեարկել էր Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու օգտին, ապա…

Եվ ընդհանրապես, ամեն հարց չէ, որ պետք է «հարցնել» ժողովրդի կարծիքը։ Համոզված եղեք, որ եթե Հայաստանում հանրաքվե անցկացվի մահապատժի վերականգնման, խոշտանգումների արգելքը վերացնելու հարցերով, հանրաքվեն դրական ելք կունենա։ Ավելին, եթե հանրաքվե անցկացվի Հայաստանը Ռուսաստանին, կամ ԱՄՆ-ին միավորվելու հարցով, ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունք կունենա։ Հայաստանն առայժմ Շվեյցարիա չի, եւ ոչ էլ մոտ ապագայում Հայաստանն իր կրթական մակարդակով կարող է հավակնել Շվեյցարիա դառնալուն։ Իսկ համատարած գործազրկության եւ աղքատության պարագայում (որը բացարձակապես կապ չունի Արցախի հիմնահարցի եւ Հայաստանի շրջափակման հետ, այլ միմիայն ապիկար կառավարման) մեծ բարդություն չի խաղալ ժողովրդի զգացմունքների հետ։ Պետական-ազգային գործիչն առանձնանում է հենց այնպիսի հատկանիշներով, որ ունի ազգային զարգացման հեռանկար, այո՝ նաեւ առաքելություն եւ հաստատակամություն, մի քանի քայլ առաջ է նայում ապագային եւ չի համակերպվում ժողովրդի «գլուխ պահելու» փիլիսոփայության հետ։ Եթե 1918թ. չլիներ Արամ Մանուկյանը, հավանաբար նույն «գլուխ պահելու» փիլիսոփայությամբ այսօր Հայաստան չէր լինի։ Իհարկե, այն դժվար, բայց միակ արժանապատիվ ճանապարհն է, որը պահանջում է ուժերի գերլարում եւ նպատակասլացություն։ Հակառակ՝ թվացյալ հեշտ ճանապարհը, ճանապարհ է դեպի կործանում։ Այս նույն համատեքստում անհանգստացնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի մյուս թեզը. մոտավորապես

3. «Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար» (՞՞՞՞)

Անհասկանալի լուծման առաջարկություն։ Համաշխարհային պատմության մեջ ինձ հայտնի են ընդամենը երկու օրինակներ կողմերի փոխադարձ համաձայնության, 1905թ. Նորվեգիայի Շվեդիայից անկախացման եւ 1993թ. Չեխոսլովակիայի խաղաղ, Չեխիայի եւ Սլովակիայի բաժանման։ Մնացած բոլոր դեպքերում հակամարտությունն ավարտվել է կամ կողմերից մեկի կապիտուլյացիայով, կամ աշխարհի հզորների՝ թույլ կողմին պարտություն պարտադրելով։ Այո՝ պարտադրում են հոգեբանորեն պարտված, թույլին, նպատակ եւ համառություն դրսեւորող կողմին փորձում են սիրաշահել։ Իսկ մեր դեպքում «կողմերից» Ադրբեջանը ոչ միայն որեւէ կոմպրոմիսի պատրաստ չի, այլեւ հավակնություններ ունի Զանգեզուրի եւ Երեւանի նկատմամբ (վերջերս նաեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի նույնպես), ի տարբերություն մեր բոլոր ժամանակների «փոխզիջումների» պատրաստ իշխանությունների։ Մի՞թե հայտնի չէ, որ Ադրբեջանի կողմից միակ «զիջումը» Ադրբեջանի կազմում նախկին Լեռնային Ղարաբաղի մարզի տարածքին «մշակութային ինքնավարություն» շնորհելն է, իհարկե՝ ադրբեջանցիների վերադարձով, հատկապես Շուշի։

4. Եվ վերջապես, ամենաանհանգստացնող հանգամանքը

Դեռեւս 90-ականներից սկսված, 2008թ. գագաթնակետին հասած եւ վերջին շրջանում նորից թափ հավաքած վիրավորանքներն ու ֆաշիզմին բնորոշ լուտանքները արցախցիների հասցեին։ Չեմ ուզում սոցցանցերից անգրագետ, հաճախ լատինատառ մեջբերումներ անել։ Առավել ցավալի է, որ հակաարցախյան քարոզչությանը լծվում են նույնիսկ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ (Երջանիկ Աբգարյան), ինչպես նաեւ իրենց մտավորական, արվեստագետ համարողները (Մովսես Հակոբ)։

Հուսանք, որ վերոնշյալ չորս կետերի միջեւ որեւէ տրամաբանական կապ գոյություն չունի։

Արցախի հարցի լուծումը երկարատեւ հակամարտությանը պատրաստ լինելն է եւ նպատակասլացությունն ամեն օր, ամեն ժամ ընդհանուր Հայաստանի պաշտպանունակության, տնտեսության զարգացման, փոփոխվող աշխարհում նոր դաշնակիցների որոնմանն ուղղված ամենօրյա լուրջ դիվանագիտական աշխատանքը։ Եվ, իհարկե, բոլոր ջանքերը գործադրել այս հարցի շուրջ քաղաքական, հասարակական բոլոր ուժերի լայն համաձայնության հասնելը։

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

31.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Levon says:

    Ադրբեջանն ու Թուրքիան ասում են որ իրենք մեկ ազգ են երկու պետություն: Տարօրինակ կլիներ եթե օրինակ Թուրքիան դեմ լիներ ադրբեջանական պետության գոյությանը: Տարօրինակ կլինի նաև որ Ռուսաստանը դեմ լիներ Բելառուսի գոյությանը: Ես որպես հայ ուղղակի չգիտեմ ինչու դեմ պետք է լինեմ մեր տարածաշրջանում կամ աշխարհի որևէ այլ ծայրում մեկ ուրիշ հայկական պետության գոյությանը: Երկու հայկական պետություն չի նշանակում որ մենք երկու օտար ազգեր ենք, դա ուղղակի նշանակում է երկու տարբեր պետություն որտեղ պաշտոնական լեզուն հայերենն է, որտեղ հայկական մշակույթ է: Դա մեզ համար պատիվ է, հեղինակություն և ես հպարտ եմ որ մենք ունենք Հայաստանի Հանրապետություն ու հպարտ եմ որ ունենք Արցախի Հանրապետություն: Փառք մեր երկու հայկական հանրապետություններին

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031