Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան. Դավիթ Գրիգորյանի գործը ԲԴԽ-ի նախաձեռնությունը չէ. «Ժողովուրդ»

Հուլիս 31,2019 12:39

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի անվան շուրջ կրքերը չեն դադարում։ Ինչպես հայտնի է, հուլիսի 26–ին նրա լիազորությունները նոր ԲԴԽ-ի կողմից միաձայն կասեցվել են, եւ մի շարք փաստաբաններ ահազանգում են այն մասին, որ Դավիթ Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները իրավական գործընթացներ չեն, այլ հետապնդում են։ Ինչպես հայտնի է, Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին ազատ արձակեց «Մարտի 1»–ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո էլ հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:

–Ինչո՞ւ ԲԴԽ բոլոր անդամներով միաձայն քվեարկեցիք, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվեն, ինչո՞ւ չկանգնեցիք դատավորի կողքին։ Փաստաբանները առաջ են քաշում մեկ փաստ, որ Դավիթ Գրիգորյանի գործողությունների մասով փետրվար ամսին դիմում է եղել իրավապահ մարմիններին, սակայն դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել, դիմում է եղել նաեւ դատարան, որը եւս մերժվել է, ու երբ հանկարծ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց, որոշեցին քրեական գործը հարուցել։ Այս իրավական շարադրանքները բավարար չե՛ն կատարվածը հետապնդում որակելու համար։

–Եթե հարցադրումները քաղաքական դաշտում են, ապա ես կրկնեցի՝ զերծ կմնամ, չեմ մեկնաբանի, բայց ինձ համար զարմանալի է, երբ մասնագիտական համայնքը փորձում է գնահատական տալ ԲԴԽ-ի այն որոշմանը, որը չի ընթերցել, չի մասնակցել, էլ չեմ ասում՝ չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը։ Այս պահին այդ որոշումը հասանելի չէ, դա նախաքննական գաղտնիք է։ Երբ որ կընթերցեն, կփորձեն հասկանալ, եւ մասնագիտական ոլորտում քննարկում կգնա, այդ դեպքում ես կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին։ Ես զարմանում եմ մեր մասնագիտական համայնքի վրա, որոնք տեղի-անտեղի փորձում են գնահատական տալ։ Ավելին, պարզ լեզվով ասեմ՝ ԲԴԽ-ի նախաձեռնությունը չէ, մեղադրանք առաջադրելու միջնորդությամբ հանդես է եկել Հատուկ քննչական ծառայությունը եւ ՀՀ գլխավոր դատախազությունը։

-Երեք դրվագից է բաղկացած եղել միջնորդությունը. կմանրամասնե՞ք դրվագները։  Երրորդ դրվագը, որը մերժեցիք, կալանավորմա՞նն էր վերաբերում։

–Չեմ կարող հայտնել. դա նախաքննական գաղտնիք է։ Երբ նախաքննությունը կավարտվի, եւ ամեն ինչ հասանելի կդառնա, այդ ժամանակ շատ կցանկանամ քննարկում տեղի ունենա մասնագիտական առումով, եւ այդ ժամանակ գնահատական տան ԲԴԽ-ին։ Իսկ այն աղմուկը, որ բարձրացվել է դատական համակարգի շուրջ՝ Դավիթ Գրիգորյանի հետ կապված, դա հետապնդում է, քաղաքական նկատառումներ։ Մեկ բան նկատի՛ ունեցեք վստահ եղեք. եթե ԲԴԽ-ն կնկատի, որ դատավորի իրավունքները ոտնահարվել են, առանց մեկ վայրկյան կասկածելու իմացե՛ք, որ իր լիազորությունների շրջանակներում կբարձրաձայնի եւ կկանգնի ցանկացած դատավորի կողքին՝ դա կլինի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը հայտնի է բոլորիս՝ ծանր գործը քննելով, թե Սյունիքում, թե Աշոցքում ոչ հայտնի դատավորը։ Ես ցավում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ կամ նույնիսկ իմ կոլեգաները մասնագիտական համայնքում փորձում են այս ամենը քաղաքականացնել ԲԴԽ-ն ապաքաղաքականացված է, նա չի մասնակցում որեւէ քաղաքական գործընթացի եւ չի էլ մասնակցելու երբեւէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031