Լրահոս
Օրվա լրահոսը

Նորատ Տեր-Գրիգորյանց. Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա. «Ժողովուրդ»

Հուլիս 31,2019 12:25

Ազգային ժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, որոշում է կայացրել սեպտեմբերից հանձնաժողովի նիստերի աշխատանքներին ներգրավել նաեւ ՊՆ պրոֆեսիոնալների, որոնք կկարողանան իրենց օգնել բացահայտել 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները։ Բանն այն է, որ հանձնաժողովի անդամները այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց միայնակ չի հաջողվելու պարզել բոլոր հանգամանքները։ Ինչո՞ւ. որովհետեւ հանձնաժողովում ներգրավված են այնպիսի մարդիկ, որոնք մասնագիտական կամ անգամ կենսափորձ չունեն եւ ի վիճակի չեն հարցուփորձ անել մարդկանց, որոնք ներկայանում են հանձնաժողով՝ բացատրություններ տալու։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովում որոշում կա արդեն սեպտեմբերից իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին, ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, Ազգային անվտանգության ծառայությունից հետախուզության ներկայացուցիչ, պրոֆեսիոնալ իրավաբանի, որոնք քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ կտան իրենց խորհուրդներն ու կհուշեն, թե ինչ պետք է անեն պատերազմի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, որն այս պահին գտնվում Է Ռուսաստանի Դաշնությունում։ Մեր զրուցակիցն ասաց, որ դեռեւս հանձնաժողովից հրավեր չի ստացել։

–Պարոն Տեր-Գրիգորյանց, տեղեկություններ կան, որ խորհրդարանում ձեւավորված քննիչ հանձնաժողովը նպատակ ունի Զեզ ներառել հանձնաժողովի աշխատանքներում, որպեսզի Դուք Ձեր խորհուրդներով կարողանաք իրենց օգնել բացահայտելու Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հանգամանքները։ Դուք արդեն ստացե՞լ եք հրավեր։

–Գիտեք ինչ, ինձ դեռեւս ոչ մի մարդ չի զանգահարել, գուցե Անդրանիկ Քոչարյանը զանգել է, բայց ես զբաղված եմ եղել ու չեմ կարողացել պատասխանել։. Գուցե զանգել է կամ ասել է, որ զանգելու է, բայց ես դեռեւս որեւէ զանգ չեմ ստացել, չգիտեմ:

-Իսկ կա՞ ինչ-որ մի հանգամանք, որից ելնելով՝ հնարավոր է՝ հրաժարվեք մասնակցել հանձնաժողովի նիստերին։

–Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա։ Գիտեք ինչո՞ւ. որովհետեւ երբ պատերազմ է գնում, ու դրանից հետո ինչ-որ մեկին դատում են նրա համար, որ նա սխալ է արել կամ պարտվել է, դա պետք չի անել, ես դա չեմ ընդունում։ Լավ բանի համար կարելի է խրախուսել, իսկ պատժելը վտանգավոր է, քանի որ այդ դեպքում ոչ ոք չի ուզենա բանակում մնալ, պատերազմի ժամանակ գնալ ու կռվել։ Բոլորն էլ կասեն՝ դե գնացեք, դուք կռվեք։ Բայց եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի ուզեն իմանան, թե ինչու ենք այդքան զոհեր ունեցել, ինչու ենք տարածքներ կորցրել, ինչու այդպես ստացվեց, մենք դրանից էլ հետեւություններ կանենք եւ կվերացնենք թերությունները, ապա դա ճիշտ կլինի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031