Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական
տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր
ոլորտներում առերևույթ չարաշահաումների կապակցությամբ։
Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված օպերատիվ
տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են
ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը,
համայնքի բնակիչների նյութական բարեկցությանը նպաստելու խմբային շահերից
ելնելով, կեղծելով համայնքի ավագանու որոշումները, կազմել է համայնքի
բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնական կեղծ
փաստաթղթեր: Ապա ավագանու նիստերի արձանագրությունների գրքում 2015-ից 2017
թվականին երեք տարբեր օրերի կազմել է բովանդակությամբ կեղծ
արձանագրություններ և որոշումներ` կեղծելով նաև ավագանու անդամների
ստորագրությունները: Վճարման համար դանք ներկայացվել են գանձապետարան, որի
արդյունքում համայնքի բյուջեից որպես սոցօգնության գումարներ ելքագրվել են
գումարներ։
Բացի այդ, նույն ընթացքում համայնքի ղեկավարը, հողի հարկերի հավաքագրման
բարձր ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով,
պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի
շուրջ 14 բնակիչների առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար
դիմում ներկայացնել և ստացվելիք գումարով կատարել հողի հարկի գծով
կուտակված հարկային պարտավորությունները: Ապա նշված անձանց դիմումները
ներկայացնելով ավագանու քննարկմանը և ստանալով համաձայնություն՝ նրանց
անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից դուրս գրված
գումարներն ամբողջությամբ որպես հողի հարկի գծով կուտակված հարկային
պարտավորությունների կատարում՝ մուտքագրել է համայնքի բյուջե: Արդյունքում
հողօգտագործողների կողմից համայնքի նկատմամբ ունեցած հարկային
պարտավորությունները մարվել են հենց համայնքի միջոցներով՝ այդ կերպ
համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։
ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերը, որի ընթացքում
փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ
համայնքի ղեկավարը, սկսած 2014թ. ապրիլ-մայիս ամիսներից մինչև 2019թ.
հունիս ամիսը, նույն համայնքի երկու տեխնիկական աշխատակիցներին թույլատրել
է չհաճախել աշխատանքի և վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու
պայմաններում յուրաքանչյուր ամիս կազմել է նրանց աշխատանքի հաճախման
վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի վճարման
փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի բյուջեից վատնման եղանակով
հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր
չափերով՝ ընդհանուր մոտ 7.5մլն դրամ աշխատավարձի գումարները:
Պարզվել է նաև, որ համայնքի ավագանու 3 անդամների՝ ավագանու նիստերին
չմասնակցելու պայմաններում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի
քարտուղարին հանձնարարել և վերջինիս միջոցով կեղծել է 2015-ից 2019թ.
ավագանու նիստերի բազմաթիվ որոշումներում և կազմված արձանագրություններում
հիշյալ անձանց ստորագրությունները, ինչի արդյունքում թվով 36 անձանց անվամբ
որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրվել 1 մլն
դրամ գումար:
Կարդացեք նաև
Փաստական տվյալներ են ստացվել նաև համայնքի ղեկավարի կողմից համայնքային
սեփականություն հանդիսացող անավարտ շինությունն ու սպասարկման հողամասը
նույն համայնքի մի բնակչի նվիրաբերելու հարցը ավագանու նիստերի քննարկմանը
ներկայացնելու և արդյունքում վերջինիս հետ նվիրատվության պայմանագիր
կնքելու դիմաց, 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերջինիցս որպես
կաշառք 300.000 ՀՀ դրամ պահանջելու և ստանալու վերաբերյալ, ինչի
արդյունքում գույքերը սեփականության իրավունքով վերջինիս անվամբ ստացել է
պետական գրանցում:
Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են
քրեական գործեր: Գոգարան համայնքում արձանագրված չարաշահումների փաստերով
քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ
հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով, իսկ Հարթագյուղի համայնքապետարանում
հայտնաբերված առերևույթ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի
3-րդ մասի 1-ին կետի, 314-րդ հոդվածի 1-ին մասի 2 դրվագ, 311-րդ հոդվածի
3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական
գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային
քննչական վարչությանը։
2019թ. ընթացքում Լոռու մարզում տեղական ինքնակառավարման ոլորտում
հայտնաբերված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ հարուցվել է
թվով 8 քրեական գործ, որոնք վերաբերել են Վանաձոր, Ստեփանավան, Օձուն,
Շամլուղ, Մեծ Այրում, Բովաձոր, Ուռուտ և Շնող համայնքներին։
Քրեական հետապնդման մարմինների վարույթում ՏԻՄ ոլորտում արձանագրված
կոռուպցիոն բնույթի դեպքերով քննված ընդհանուր 13 քրեական գործերով
քրեական հետապնդման է ենթարկվել 4 անձ, այդ թվում՝ Մեծ Այրում, Շամլուղ,
Լուսաղբյուր համայնքների ղեկավարները։ Իսկ քրեական հետապնդումը բացառող
հանգամանքների առկայության պայմաններում մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ
վարչական շրջանի, ինչպես նաև Բովաձոր համայնքների ղեկավարների նկատմամբ
քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող՝ համաներման մասին ՀՀ
օրենքի կիրառման և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության
ժամկետներն անցած լինելու հիմքերով: Սակայն կատարված նախաքննությամբ
հաստատվել է ՏԻՄ նորմալ գործունեության դեմ հանցավոր ոտնձգություն
կատարելու փաստը:
Մարզի դատախազության անմիջական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել
հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու
ուղղությամբ: Այդ շրջանակում Ուռուտ գյուղի նախկին գյուղապետի
աշխատանքներում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող
հանգամանքների վերացմանն ուղղված միջնորդագիր է հասցեագրվել Լոռու
մարզպետին և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարին:
ՀՀ դատախազություն