Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժով զավթված իշխանությունը հեշտությամբ հնարավոր չէ պահել»

Հուլիս 31,2019 12:30

Հարցազրույց նյույորքաբնակ ռեժիսոր, պրոդյուսեր Արթուր Մակարյանի հետ

– Արթուր, դուք հայաստանցի եզակի այն արվեստագետներից եք, որի կարիերան Արեւմուտքում սկսած 2008թ. առ այսօր սահուն, կարծես անխոչընդոտ շարունակվում է: «Առավոտի» 2017թ. ձեզ հետ հանդիպման առիթը Նյու Յորքի Mirron Spectator պարբերականում «Հաջողության թեւերին» ծավալուն հոդվածն էր, ինչը, ըստ էության, պարբերականի որակմամբ, ներկայացնում էր հաջողակ, մտքով վճռական, նպատակասլաց երիտասարդ հայ արվեստագետին: Հենց այդ մամուլից տեղեկացանք, որ Բրոդվեյում հանդիսանալով ռեժիսոր Ջուլի Թեյմորի ասիստենտը եւ համագործակցելով ռեզիդենտ ռեժիսոր Դարեն Քյաթսի հետ, իրականացրել եք 18 տարի անընդմեջ խաղացվող հանրահայտ «Առյուծ արքան» մյուզիքլը, այնուհետեւ Հոլի Գվանթերի «Մոխրոտը» մյուզիքլը…

– Այդ ամենը Նյու Յորքում, սկսած 2015թ.: Մինչ այդ՝ 2008-ից, Ֆրանսիայում, դեռեւս ուսանելով Սորբոնի համալսարանի թատրոնի եւ երաժշտության հետազոտությունների բաժնում, ռեժիսորի ասիստենտի կարգավիճակով համագործակցելով իտալացի Ռուի Ֆրատիի հետ, նրա սցենարով իրականացրինք «Հաճույքի բույրը» դրամայի բեմադրությունը, ընդ որում, Theatre L Opprime-ում: Սա միակ նախագիծը չէր: Այնուհետեւ Նյու Յորքի ազդեցիկ դեմքերից մեկն ինձ հրավիրեց «Առյուծ արքա» ներկայացման քաստինգին…

– Նախորդ հանդիպման ժամանակ հատուկ կարեւորել էիք ձեր ուսումը Ջուլիարդի եւ Կոլումբիայի համալսարաններում: Հայտնել էիք, որ կոնկրետ Ջուլիարդում մեկ տարի ժամանակով պայմանագիր եք կնքել տեղի կոնսերվատորիայի հետ՝ չորս ներկայացում բեմադրելու համար, այդ թվում՝ Ռամոյի եւ Մոցարտի… Հատուկ շեշտել էիք, որ իրականացրել եք նաեւ ամերիկացի դրամատուրգ Գորդոն Պենի պիեսը, որը սիրո պատմություն է ղարաբաղյան պատերազմի ֆոնին եւ հնարավոր է հետագայում այդ թատերախումբը «ձեզնով» անեք:

– Չորս բեմադրություններն էլ իրականացրել եմ: Պենի «Սեւ այգի» պիեսի պրեմիերան ներկայացվել է Փարիզում, հետո Նյու Յորքում, առաջիկայում էլ ծրագրված է հանդիսատեսի դատին հանձնել Տորոնտոյում, Մոնրեալում, Բոստոնում եւ Լոս Անջելեսում: Ինչ վերաբերում է թատերախմբին, կներեք մեծամտությանս համար, ի սկզբանե՝ 2015-ից, այն իմն է եղել, փառք Աստծո, գտել ենք ընդհանուր լեզու, իսկ սեպտեմբերից այն պաշտոնական գրանցում կունենա՝ ArteMakar անվամբ:

– Եթե չի դավաճանում հիշողությունս, դուք Երեւանում երիտասարդ դերասան Նարեկ Բաղդասարյանի հետ ներկայացրիք «Hamletmachine» մոնոդրաման…

– Երեւանյան պրեմիերայից հետո ներկայացումը շրջեց Ռուսաստանում, Լիտվայում, Մոլդովայում, Նյու Յորքում, վերջերս էլ՝ Փարիզում:

– Հիմա խոսենք հայրենիք ձեր այս այցի մասին. վերջերս Երեւանի օպերային թատրոնում տեղի ունեցավ «Oedipus in the District» օպերայի դեմո տարբերակը, այսինքն՝ առաջին տեսարանի փակ ցուցադրումը: Գիտենք, որ նման ձեւաչափը «դրսում» ընդունված է, որի նպատակն է մինչ ձեռնամուխ լինելը ամբողջական բեմադրությանը, ներկայացնելով, ասենք, 1-2 տեսարան, լսել մասնագետների եւ հանդիսատեսի կարծիքը…

– Այս օպերայի կոմպոզիտորն է ամերիկացի Ջոշուա Աբրահամը, լիբրետոն ամերիկացի Մայք Լալայինն է, բեմանկարիչը Նիդեռլանդներից Քելվին Փաթերն է եւ բեմադրող ռեժիսորն ու պրոդյուսերը՝ ես:
Այս օպերան ստեղծվել է Ջուլիարդի OperaComp ծրագրի շրջանակներում, առաջին տեսարանի ցուցադրումն էլ 2018թ. կայացել է Նյու Յորքում: Ամբողջական տարբերակը կներկայացվի 2020-ին՝ Լոնդոնում: Երեւանյան ցուցադրության նպատակն է նպաստել Հայաստանի ժամանակակից օպերային արվեստի զարգացմանը եւ ստեղծել կապ Ջուլիարդի եւ Երեւանի օպերային թատրոնի միջեւ: Օպերայի հատվածը ներկայացրել են տենոր Հովհաննես Անդրեասյանը, Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակիցներ սոպրանո Սիլվա Պետրոսյանը, բարիտոն Նավասարդ Հակոբյանը, կոնցերտմայստեր Հասմիկ Անտոնյանի նվագակցությամբ, Կարեն Խաչատրյանի ղեկավարած HD Studio-ի հետ համագործակցությամբ:

– Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Երեւանի օպերային թատրոնում:

– Գաղափարը հղացավ Նյու Յորքում՝ Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար մաեստրո Օրբելյանի հետ հանդիպման ժամանակ: «Փակ դիտում» կոչվածի ներկայացնելը շատ կարճ ժամանակի արդյունք էր…

– Ի դեպ, փակ դիտմանը ներկա մասնագետները դեռեւս հանդես չեն եկել մամուլով, հետեւաբար կխնդրեինք տպավորիչ ներկայացնել օպերայի 15 րոպե ցուցադրված հատվածը:

– Օգտագործվել են տեխնիկական նոր մոտեցումներ: Հենց գործողության ընթացքում իրականացվում էր ուղիղ հեռարձակում, ինչը ցուցադրվում էր էկրանին: Սա նշանակում է, որ տեսախցիկը ողջ ընթացքում մեկ վայրկյան «շունչ չի քաշել»՝ ֆիքսել է հիմնականում այն, ինչը շեշտադրման կարիք ունի: Ասեմ նաեւ, որ օպերայի առաջին եւ երկրորդ գործողությունները կներկայացվեն Նյու Յորքում կամ Երեւանում, նայած թե հանգամանքները ինչպես կդասավորվեն: Իսկ հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում ծրագրված է արդեն օպերայի առաջին գործողության ցուցադրումը:

– Ծանոթանալով «Oedipus in the District» օպերայի լիբրետոյին, որը, մեծ հաշվով հռետորության, ընտանիքի, հարստության եւ իշխանատենչության մասին է, կարելի է ենթադրել, որ այստեղ գուցե կա թաքնված քաղաքական ենթատեքստ…

– Առանց թաքնվածի, անշուշտ, կա: Թույլ տվեք ձեր ասածը մի փոքր մանրամասնել. ինչպես ուժով զավթված իշխանությունը հեշտությամբ հնարավոր չէ պահել:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ տեսարաններ «Oedipus in the District»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031