Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցում էին Ռոդիոն Շեդրինի եւ Առնո Բաբաջանյանի ֆուտբոլի թիմերը, մրցավարն էլ Շոստակովիչն էր»

Հուլիս 31,2019 13:00

Էդվարդ Միրզոյանի որդին` վերածնվող Դիլիջանի, կոմպոզիտորի թանգարանի ու հասանելի մեծությունների մասին

2013 թվականից Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը, իսկ 2018-ին Հայաստանի կոմպոզիտորների միությունը որոշում է կայացրել այնտեղ Էդվարդ Միրզոյանի թանգարան ստեղծելու մասին: Հենց Միրզոյանի ջանքերով է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը դարձել բացառիկ մի անկյուն՝ նախկին խորհրդային տարածքում, որտեղ հավաքվում էր մտավորականության սերուցքը: Կոմպոզիտորի որդին՝ Արշակ Միրզոյանը, որը հիշարժան օրեր է անցկացրել այդ յուրատեսակ աուրայով ու մեծերի շունչն իր մեջ ամփոփած տիեզերական անկյունում, ցանկանում էր, որ համալիրը վերածնվի եւ նոր շունչ ստանա, որին, իհարկե, կնպաստի Էդվարդ Միրզոյանի թանգարանի բացումը:

Ի դեպ, 2014-ից Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվում է նաեւ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթ, որը յուրատեսակ հարգանքի տուրք է կոմպոզիտորի ծննդյան օրը՝ նրա հիշատակին: Ծրագրերում նաեւ կա անցկացնել Է. Միրզոյանի անվան կամերային երաժշտության տարվա փառատոն:

Նշենք, որ Դիլիջանի ստեղծագործական տան տարածքը Էդվարդ Միրզոյանին ժամանակին Անտոն Քոչինյանն էր հատկացրել, որտեղ էլ ստեղծվել է յուրօրինակ համալիրը: Այնտեղ 1982թ.-ին բացվել է 600 տեղանոց դահլիճ, որը կրում է Լյուդվիգ Վան Բեթհովենի անունը: Դահլիճի առաստաղը կառուցված է հայկական եկեղեցաշինության ճարտարապետության ավանդույթներով, որն ապահովում է բացառիկ ակուստիկան:

«Այդ դահլիճի ակուստիկան համեմատում են Քարնեգի հոլի, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճի հետ. այն նմանը չունի Հայաստանում: Դիլիջանի կոմպոզիտորների տանը Էդվարդ Միրզոյանի թանգարանի բացումը նաեւ կնպաստի, որ համլիրը վերածնվի: Ամենալավ հիշատակը Էդվարդ Միրզոյանին, դա իր երաժշտությունն է, որն անխոս ժամանակից հզոր է, եւ իհարկե, իր ստեղծած Դիլիջանի կոմպոզիտորների տան վերածնունդը: Ես երեխա ժամանակվանից հիշում եմ, թե հայրս ինչքան էր տարված Դիլիջանով, սկսած հոսանքի վարդակներից, վերջացրած դահլիճի ճարտարապետությունով, ամեն բան իր համար կարեւոր էր: Դիլիջանի կոմպոզիտորների տունը Հայաստանի մշակութային դիմագծի այցեքարտն է եղել, չկա երկրորդ նման մի վայր, որտեղ եղել են Բրիտենը, Ռոստրոպովիչը, տիեզերագնացներ, անվանի արվեստագետներ՝ Չինգիզ Այթմատովը, Մարսել Մարսոն եւ այլք: Դիլիջան գալիս էին անվանի մարդիկ եւ բացառիկ մթնոլորտում ստեղծագործում ու ընկերություն էին անում:

Իմ երազանքն է, որ կրկին այդ մթնոլորտը վերածնվի, եւ համալիրն էլ վերականգնվի: Ցավոք, ինքս չունեմ այդ միջոցները, բայց կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան ձեռք մեկնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կոմպոզիտորի որդին՝ Արշակ Միրզոյանը:

Ահա թե ինչպես է նա պատկերացնում թանգարանի ձեւաչափը. «Իմ համոզմամբ, թանգարանում կլինի մի հատված, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան ստանալ ցանկացած տեղեկատվություն Էդվարդ Միրզոյանի կյանքի, գործունեության մասին, հնարավորություն կունենան լսել երաժշտություն, տեսնել ազդագրերը: Կլինի անձնական իրերի փոքրիկ մի անկյուն եւ կամերային դահլիճ: Ճարտարապետ Սիմոն Բարսեղյանի հետ մտածում ենք, որ այն ձմռանը կլինի հիսուն տեղանոց, իսկ ամռանը՝ բացօթյա եւ կունենա մինչեւ հարյուր տեղ: Թանգարանը կլինի մի վայր, որտեղ կանցկացվեն համերգներ, գիտաժողովներ եւ այլ մշակութային միջոցառումներ»:

Էդվարդ Միրզոյանի որդուն խնդրեցինք մի տպավորիչ դրվագ պատմել այն ժամանակներից, երբ անցկացրել է Դիլիջանի ստեղծագործական տանը:

Արշակ Միրզոյանը հիշեց, որ երբ երեխա էր՝ յոթ-ութ տարեկան, ֆուտբոլ էին խաղում, ու մրցում էին Ռոդիոն Շեդրինի եւ Առնո Բաբաջանյանի թիմերը: Մրցավարն էլ Դմիտրի Շոստակովիչն էր: «Խաղի էպիզոդները չեմ հիշում, բայց մինչ այսօր հիշում եմ Շոստակովիչի սուլիչի ձայնը, եւ երբ մեկը գնդակը խփում էր խնձորենիներին, Շոստակովիչը տուգանային էր նշանակում եւ զգուշացնում էր՝ երկրորդ անգամ կհեռացնի դաշտից: Աննկարագրելի մթնոլորտ էր՝ չէինք էլ գիտակցում, թե ինչ երջանիկ մանկություն ենք ունեցել: Կարող էիր դուրս գալ տանից եւ պատահաբար հանդիպել, օրինակ, Մայա Պլիսեցկայային կամ Յակով Ֆլիերին… Մեծությունները մեզ համար հասանելի էին, մենք հաճույքով լսում էինք իրենց զրույցները, կատակները… Միայն տեսնեիք, թե ինչպիսի ինտելեկտ, մտքի ճկունություն, հումոր, հոգեբանական դուելներ… դա մեծ կյանքի դպրոց էր:

Առանձին կարելի է խոսել Բաբաջանյանի մասին: Ինքը նվագում էր իր, Սկրյաբինի, Ռախմանինովի գործերը… ֆանտաստիկ դաշնակահար էր, եւ մենք երեխաներով խաղերը թողած` հավաքվում էինք իր քոթեջի մոտ, նստում նստարանին եւ տարվում իր նվագով», -պատմեց Էդվարդ Միրզոյանի որդին:

«Ես մեծ հույս ունեմ, որ Դիլիջանը կվերականգնվի, արդեն կգան ժամանակակից արվեստի մեծություններ եւ մտավորականներ, որոնք կվերականգնեն եւ կշարունակեն Դիլիջանի ավանդույթը: Էդվարդ Միրզոյանի թանգարանը կարեւոր դեր կունենա այդ համալիրի վերածննդի գործում»,- մեր զրույցի վերջում ընդգծեց Արշակ Միրզոյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031