Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերացնել պարտադիր բողոքի առկայությունը, բացառել զոհին առերես հարցաքննությունները

Հուլիս 31,2019 13:30

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում փոփոխություններ են առաջարկում

Թեեւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը մի շարք հասարակական կազմակերպությունների ակտիվ ջանքերով 2018 թվականի վերջում ընդունվեց, սակայն օրենքում շատ են բացերը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպությունները գտնում են՝ իրավապահ մարմինները օրենքով տրված իրենց պարտականությունները չեն կատարում: Շարունակվում են կնասպանության դեպքերը, մինչդեռ, դրանք կկանխվեին, եթե իրավապահները կարգին աշխատեին:
Ահավասիկ Մարիամ Ասատրյանի սպանությունը. այս տարվա մայիսի 9-ին, Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում նրա զուգընկերը ռետինե խողովակով, փայտյա մահակով եւ այլ առարկաներով դաժան ծեծի է ենթարկել նրան, ինչի հետեւանքով էլ Մարիամը մահացել է։ Մինչ սպանությունը Մարիամը 2017 թվականին դիմել էր «Կանանց աջակցման կենտրոն»-ին՝ դաժանաբար ծեծված, ձեռքը կոտրած վիճակում, մարմնի վրա եղել են կտրող-ծակող գործիքներից հասցված վնասվածքներ, նա երկու ամիս ապրել է կենտրոնի կացարանում, ապա իր կամքով դուրս եկել այնտեղից։ Կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանն ասում է՝ իրենք իրավապահ մարմիններին բազմիցս տեղեկացրել են Մարիամ Ասատրյանին սպառնացող վտանգի մասին, սակայն, սպառնալիքը մեղմելու ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել։

 

Օրենքը կա, բայց թերի է կիրառվում

«Կանանց աջակցման կենտրոն»-ը պատրաստել է օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթ: Կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նշում է՝ օրենքի ընդունումը կարեւոր էր, ընտանեկան բռնության ենթարկված անձինք կարողանում են օրենքի ուժով ստանալ առաջնային եւ անհետաձգելի աջակցություն, պաշտպանական միջոցներ. «Բայց կան շատ խնդիրներ, որոնք պայմանավորված են ոչ միայն օրենքի բացով, այլ նաեւ իրավակիրառ գործունեության խոչընդոտներով»: Նա նկատում է՝ չունեցանք մասնագիտացված բաժիններ եւ պատրաստված մասնագիտական կադրեր. «Ընտանիքում բռնության հարցերով զբաղվող ստորաբաժանումներն, ի թիվս այլի, իրականացնում են նաեւ այս գործառույթը, սա նրանց հիմնական գործառույթը չէ, համատեղությամբ են անում, այսպես օրենքն արդյունավետ չի կիրառվում: Այդ ստորաբաժանման ոստիկանները զբաղվում են միայն անհետաձգելի միջամտության դիմումներ ընդունելով, ռիսկը գնահատելով, որոշում կայացնելով՝ տալ կամ չտալ: Մինչդեռ, ընտանեկան բռնության դեպքի մասին ոստիկանության ծառայողը պետք է ունենա ամբողջ դեպքի փաթեթը, իրականացնի գործի ամբողջ հսկողությունը բռնարարի եւ բռնության ենթարկված անձի: Սա պրակտիկայում չունենք»:

Գալստյանը հիշեցնում է՝ օրենքի պահանջով՝ դեպքն արձանագրելուց հետո ոստիկանը պետք է անմիջապես դեպքի վայրում իրականացնի, հետեւի պաշտպանական միջոցների կիրառմանը. «Շատ հաճախ, ոստիկանը, եթե անգամ տալիս է սահմանափակում, ասենք՝ բռնարարին արգելում են 20 օր զանգել կամ տեսակցել բռնության ենթարկվածին, որեւէ հսկողություն չի իրականացվում՝ տրված սահմանափակումը գործո՞ւմ է, թե ոչ: Օրինակ, եթե բռնության ենթարկվածը կինն է, նրանից պարբերաբար հետաքրքրվի՝ բռնարարը արգելքը խախտո՞ւմ է, թե՞ ոչ, ռիսկ կա՞, թե՞ ոչ»:

Բացի այս, ինչպես Գալստյանը նշում է՝ դեպքն արձանագրելուց հետո, ոստիկանը պետք է այդ ընտանիքի մասին հավաքի ամբողջ տեղեկությունները, ամփոփ նկարագիրը եւ բռնարարի եւ բռնության ենթարկվածի մասին, պատրաստի մի փաթեթ, որից պարզ լինի՝ այդ ընտանքի կյանքը ինչպիսին է եղել, ով՝ ինչ տեղեկություններ ունի՝ նախկինում բժշկական հաստատություն դիմե՞լ է, եթե դիմել է, ապա ինչ գանգատով. «Սա պարտադիր է, որպեսզի, երբ փաստաբանը դիմի դատարան՝ պաշտպանական որոշում ստանալու համար, կարողանա հղում կատարել ոստիկանության նախապատրաստած նյութերին: Այս պահին մենք դա չունենք, սահմանափակվում ենք նրանով օրինակ՝ կախված սովորական կենցաղային վիճաբանությունից, կախված նրանից, թե՝ ով տվեց հաղորդում, ոստիկանությունը դիտարկում է ընտանեկան բռնության դեպք, ու ով դիմել է՝ դրան էլ տալիս է պաշտպանական միջոց: Սա անընդունելի է»:

Ըստ օրենքի, կա պաշտպանության երեք միջոց՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշման կիրառում եւ պաշտպանական որոշում, առաջին 2-ը տալիս է ոստիկանությունը, 3-րդը՝ դատարանը: Նախազգուշացմամբ բռնարարի նկատմամբ որեւէ սահմանափակում չի կիրառվում, զգուշացվում է չկրկնել բռնությունը, իսկ անհետաձգելի միջամտության դեպքում կան մի քանի տեսակի սահմանափակումներ՝ բռնարարին հանել այդ տնից կամ արգելել զանգել բռնության ենթարկված անձին, մոտենալ եւ այլն:

Գալստյանը պատմում է՝ կենտրոնը դեպքեր ունի, երբ օրինակ կնոջը տնից հանել են (հիմնականում մարզերում), երեխաներին չեն տալիս մորը. «Եվ երբ կինը գնում է երեխաներին տեսակցելու, այն կողմը հրահրում է վեճ, ոստիկանը գալիս է, ասում՝ կին դու այս տանից հեռացվել ես, այս մարդիկ չեն ուզում, որ դու գաս, ուրեմն՝ բռնություն գործադրող անձն ես, եւ ուրեմն՝ քեզ նախազգուշացում կամ քո դեմ տալիս ենք անհետաձգելի միջամտության որոշում: Աբսուրդային իրավիճակ է»:

Փաստաբանը մեկ այլ դեպք էլ է պատմում. «Սկեսուրը կրծքով սնվող երախային վերցրել է ու հարսին հանել տնից: Կինը հետո գնացել է տեսակցելու, սկեսուրի կողմը ոստիկանություն է կանչել, իսկ ոստիկանությունը կնոջ նկատմամբ կայացրել է անհետաձգելի միջամտության որոշում, այն հիմքով, որ կինը հեռացվել է այդ տնից, այնտեղ չի բնակվում, գնացել էր երեխաներին տեսակցության, վեճ է ծագել: Ըստ ոստիկանի որոշման, կինն իրավունք չունի մոտենալ այդ տանը: Ահա այս տրամաբանությամբ են ոստիկաններն օրենքն աշխատեցնում»:

Փաստաբանն ասում է՝ անհետաձգելի միջամտության որոշումների ժամկետները ոստիկանները չեն պահպանում: Օրենքը նախատեսում է անհապաղ նման որոշում կայացնել: Մինչդեռ, ինչպես Գալստյանն է ասում, երբ իրենք նման որոշման համար դիմում են, ոստիկանները 10-15 օր որոշում չեն կայացնում, թե՝ դրանով որ բաժինը պետք է լսի, հետո երբ մի բան որոշում է, քննիչին կամ համայնքային ծառայողին հարմար չի լինում այդ օրը, ասում է՝ գնացեք, այսինչ օրը կգաք. «Սա համատարած խնդիր է»:

Փաստաբանը վստահեցնում է՝ այդ ձգձգումները վտանգավոր են, շատ վատ հետեւանքներ կարող են լինել: Օրենքը նախատեսում է՝ կյանքի եւ առողջության սպառնալիքների առկայության դեպքում անհապաղ տալ անհետաձգելի միջամտության որոշում, որովհետեւ կա բռնության կրկնման վտանգ. «Այս պարագայում ոստիկանը սպասում է շաբաթներ, եւ չի բացառվում, որ այդ ընթացքում բռնարարն ավելի ծանր վնաս կհասցնի, կամ կսպանի: Իսկ 2019-ին մենք կնասպանության շատ դեպքեր ունեցանք»:

Ըստ ոստիկանության մեզ տրամադրած տվյալների, 2018-ին ընտանիքում սպանվել է 2 կին, որից 1-ը՝ ամուսինը՝ կնոջը, 1-ը՝ հայրը՝ դստերը: Նույն տարում մեկ կին էլ սպանվել է զուգընկերոջ կողմից:

Իսկ 2019-ի 1-ին կիսամյակում գրանցվել է ընտանիքում սպանության 5 դեպք, որից 3-ը՝ որդին սպանել է մորը, ամուսինը կնոջը՝ 1 դեպք, եւ մայրը՝ դստերը՝ 1 դեպք: Այս տարի զուգընկերոջ կողմից սպանվել է 2 կին:

Ըստ «Կանանց աջակցման կենտրոնի» տվյալների, 2018 թվականին 307 շահառու են ունեցել, 46 անձ՝ կին եւ երեխա գտնվել են ապաստարանում:

Իսկ 2019-ի 1-ին կիսամյակում՝ 90 շահառու, 71 անձ՝ կին եւ երեխա՝ ապաստարանում:

Ինչ պետք է փոխվի օրենքում

Բռնության ականատես երեխաներին ոստիկանները չեն դիտարկում որպես բռնության զոհեր, պատճառաբանվում է՝ քանի որ նրանք անմիջականորեն բռնության չեն ենթարկվել, չեն ծեծվել, չեն վնասվել, ուրեմն նրանք բռնության զոհեր չեն, պաշտպանության միջոց չենք տալիս:

Գալստյանն ասում է՝ «Մենք գտնում ենք, որ օրենքում պետք է լինի նաեւ բռնության անուղղակի զոհ հասկացություն: Թեեւ այս պահին գործող իրավակարգավորմամբ օրենքը դա չի արգելում, բայց քանի որ գործնականում իրավակիրառողը կտրականապես մերժում է դա կիրառել, մենք ստիպված որոշեցինք սեւով սպիտակի վրա գրել դա»:

 

Աջակցության կենտրոնների խնդիրը

Փաստաբանը նշում է՝ օրենքն այս պահին աջակցության կենտրոն է դիտարկում միայն պետական կառույցները, մինչդեռ այդպիսի կառույցներ դեռ ամբողջությամբ չեն էլ ձեւավորվել. «Իսկ Հ/Կ-ները, որոնք երկար տարիներ է փաստացի աջակցության կենտրոններ են, օրենքի դաշտից դուրս են մնացել: Մենք առաջարկում ենք աջակցության կենտրոններ դիտարկվեն նաեւ հ/կ-ները: Ոչ պետական աջակցության կենտրոնը, երբ ունենում է ընտանեկան բռնության դեպք՝ չի կարողանում հանդես գալ բռնության ենթարկված անձի անունից եւ դիմել համապատասխան մարմիներին եւ ստանալ պաշտպանական որոշում, բռնության ենթարկված անձը պետք է ինքը դիմի: Իսկ պետական աջակցության կենտրոնը կարող է դիմի եւ ստանալ պաշտպանական որոշում»:

Փաստաբանն ասում է՝ պետական աջակցության կենտրոնները նոր են ձեւավորվում, այն էլ նման կենտրոններ են դարձրել ցերեկային խնամքի կենտրոնները, գիշերօթիկները, մանկատները. «Սա աբսուրդ է: Այդ աշխատողներին առանց համապատասխան վերապատրաստման, առանց հաստիքների փոփոխության, աշխատավարձերի փոփոխության, այդ կենտրոններին պատվիրակել են նման գործառույթ»:

 

Վերացնել պարտադիր բողոքի առկայությունը

Փաստաբանը կրկին իր տարիների փորձառությունից ելնելով պնդում է՝ ընտանեկան բռնության դեպքերի քննությունը պետք է լինի անկախ տուժողի բողոքից:

Օրենքում փոփոխություն կատարելու փաթեթով առաջարկվում է՝ եթե ընտանեկան բռնության դեպքը հայտնի է դառնում, ոստիկանությունը չպետք է սպասի բռնության ենթարկված անձի բողոքին, ոստիկանը պետք է գործը քննի՝ անկախ նրանից տուժողը բողոքեց, թե՝ ոչ: Սա խիստ կարեւոր է, քանի որ շատ հաճախ, բռնության ենթարկված անձինք, հատկապես կանայք, շատ տարբեր պատճառներով՝ ամուսինն է ճնշում, կա կախվածություն, վախ եւ այլն, բողոքը հետ են վերցնում, քրեական հետապնդում չի կատարվում, եւ շատ հաճախ բռնությունը կրկնվում է, եւ նույնիսկ ավարտվում սպանությամբ:

 

Բացառել զոհին առերես հարցաքննությունները

«Եթե ընտանիքում բռնության ենթարկված ու բռնություն գործադրած անձանց առերեսում են անում՝ դա ընտանեկան բռնության կոնցեպտին չի համապատասխանում, որովհետեւ կան իշխանական հարաբերություններ, կա մեծ կախվածություն, կա վախ, սթրես, եւ բնականաբար 90% դեպքերում շատ մեծ է հավանականությունը, որ տվյալ անձը չի պնդելու իր ցուցմունքը կամ առհասարակ հոգեբանական ծանր սթրես է տանելու բռնություն գործադրած անձին նորից առերեսվելու դեպքում: Նման դեպքում ռիսկեր կարող են առաջանալ, որովհետեւ ընտանիքում բռնություն գործադրած անձը համարվում է վերահսկողության չենթարկվող, եւ երբեք չես կարող այս կամ այն իրավիճակում գնահատել ռիսկի աստիճանը՝ հստակ, օբյեկտիվ կերպով: Ցավոք, որոշ ոստիկաններ առերեսման դեպքերն օգտագործում են կնոջը հարկադրելու բողոքը հետ վերցնել, իրենք էլ այդ գլխացավանքից ազատվեն»,-ասում է փաստաբանը:

Փաստաբանը շեշտում է մի կարեւոր հանգամանք՝ ընտանեկան բռնության կարեւոր հատկանիշն է՝ բռնության այս կամ այն տեսակի պարբերականությունը, դեպքի նախապատմությունը. «Եթե մեկ անգամ հարվածեց, դա ընտանեկան բռնություն չէ, եթե նախապատմություն չի ունեցել, եթե պարբերաբար չի եղել հոգեբանական, ֆինանսական, ֆիզիկական ճնշումներ, նվաստացումներ, ստորացումներ, որոնք հանգեցրել են ֆիզիկական բռնությանը»:

 

Բռնության անտեսված կողմը

Հասմիկ Գեւորգյանն էլ ավելացնում է՝ ընտանեկան բռնության դեպքերում կան խնդիրներ, որոնք պետությունը պետք է արագ լուծի. «Հետախուզումը. կինը բռնարար ամուսնուց փախչում է, ամուսինը դիմում է իրավապահներին, ոստիկանությունը հետախուզում է հայտարարում: Այս կինը բռնության դեպքով դիմել էր ոստիկանություն, պարզվում է կնոջ տեղը՝ ապաստարանում է, ոստիկանը ամուսնուն այդ մասին ասում է, չի ասում՝ որ ապաստարանում, ու ամուսինը սկսում է փնտրել կնոջը»:

Հոգեբանական բռնությունը քրեականացված չէ, բայց, Գեւորգյանը բազմաթիվ օրինակներից մեկն է բերում. «Ամուսինը անգամ մատով չի դիպչել, բայց սպառնալիքները ազդեցիկ են եղել, այդ կինը շատ լուրջ վախեր ունի, ամուսինն ասում է՝ բարձը կդնեմ բերանիդ՝ կխեղդեմ, թույն կլցնեմ ուտելիքիդ մեջ: Այս կինը պատմում է՝«ամիսներով չեմ քնել, հենց տնից գնում էր՝ աչքս կպցնում էի վախենալով»: Սա հենց ֆիզիկական բռնություն է: Կարեւոր է, որ սա քրեականացվի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ- Հայաստանի տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031