Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաց, տեսավ, քննարկեց

Հուլիս 31,2019 12:00

Մնացականյանը Թբիլիսիում քննարկել է տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման անհրաժեշտությունը

Գարնանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, որն ավելի վաղ Բաքվում նշել էր, թե՝ «օկուպացված տարածքները բաց վերք են երկու երկրների համար», ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նկատել էր, որ իր երկրի համար շատ կարեւոր է ՀՀ-ի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Նա մասնավորեցրել էր, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների այցերը Աբխազիա եւ Հարավային Օսիա:

Այս հայտարարությանը հաջորդեց ուշագրավ քայլ հայկական կողմից. ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան իր 73-րդ նստաշրջանում ընդունեց բանաձեւ, որը Վրաստանը նախաձեռնում էր 2008թ.-ից սկսած, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում փախստականների կարգավիճակի վերաբերյալ: Հայաստանը, որը մշտապես դեմ էր քվեարկում այդ բանաձեւին, այս տարի առաջին անգամ չմասնակցեց քվեարկությանը:
Վերջին մի քանի տարիներին մշտապես հայտարարվել է, որ հայ-վրացական հարաբերություններում «չկան անլուծելի խնդիրներ», այս միտքը կրկնվել է Հայաստանի նախկին նախագահների ու արտգործնախարարների՝ իրենց վրաց գործընկերների մասնակցությամբ անխտիր բոլոր մամլո ասուլիսներում:

Ի՞նչ է փոխվելու Հայաստան-Վրաստան կենսական նշանակություն ունեցող, բարեկամական, եղբայրական հարաբերություններում: Հարեւան երկու երկրները ունե՞ն նպատակ ու ծրագրեր եղած հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել ու հանդես գալ նոր նախաձեռնություններով…

Հուլիսի 24-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը՝ Մնացականյանը կարեւորել էր Վրաստանի ԱԳ նախարարի հետ երկկողմ ձեւաչափով առաջին պաշտոնական հանդիպման անցկացումը, ինչը եւս մեկ քայլ է՝ ուղղված հայ-վրացական բազմադարյա պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը եւ Զալկալիանին անդրադարձել էին հայ-վրացական համագործակցության մի շարք հարցերի: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ երկուստեք բարձր է գնահատվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ առկա սերտ համագործակցությունը եւ ընդգծվեց ոլորտային պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:

Երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ոլորտում առկա ներուժի կիրառման համատեքստում առանձնահատուկ կարեւորվել էր հունիսին Երեւանում եւ Դիլիջանում անցկացված Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի եւ հայ-վրացական գործարար համաժողովի արդյունքները: Միաժամանակ ընդգծվել էր երկկողմ պատրաստակամությունը շարունակելու այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:

Երկու հարեւան երկրների նախարարները ընդգծել էին զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացումը եւ այդ ոլորտում առկա ձեռքբերումների պահպանումը, կարեւորվել էին նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի նախաձեռնումը:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել էին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի: Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը: Նրանք ընդգծել էին, որ տարածաշրջանային հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Ուշագրավ է, որ Մնացականյանն ու Զալկալիանին արժեւորել էին նաեւ միջազգային կառույցներում համագործակցությունը եւ այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցության եւ փոխադարձ աջակցության ամրապնդումը: Որպես ԵՄ գործընկեր պետություններ՝ ԱԳ նախարարներն անդրադարձել էին Արեւելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին եւ մտքեր փոխանակեցին նախաձեռնության ապագայի տեսլականի շուրջ:

Նշյալ հանդիպման ավարտին՝ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները հանդես էին եկել մամուլի համար հայտարարություններով: Մնացականյանը նկատել էր, որ իր պաշտոնական այցը Վրաստան լավ առիթ է, որպեսզի ամփոփ եւ համապարփակ ձեւով անդրադարձ կատարվի երկկողմ օրակարգին: «Ցանկանում եմ ընդգծել մեր բավարարվածությունը այն բավականին բարձր դինամիկայի առնչությամբ, որն առկա է մեր հարաբերություններում, շփումներում, մեր համագործակցության մեջ: Մեր վարչապետները շատ ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ: Մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել: Մեր նախագահները շատ ակտիվ շփվում են միմյանց հետ: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստան – Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը բավական բովանդակալից էր եւ ծավալուն: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի եւ ծրագրվել են բոլոր ոլորտներում համագործակցության աշխատանքները: Որպես կառավարություններ՝ մենք նաեւ փորձում ենք խթանել բոլոր շփումները բիզնես ոլորտի, քաղհասարակության շրջանակներում»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանի արտգործնախարարը կարեւորել էր համագործակցության միջխորհրդարանական հարթակը եւ վստահեցրել էր, որ արվում է ամենը, որպեսզի արտաքին ոլորտի գերատեսչությունների մակարդակով ակտիվ պահել երկխոսությունը եւ համագործակցությունը:

Մնացականյանը սպասում է իր գործընկերոջը՝ Հայաստանում պատասխան այցով: Նա վստահեցրել էր, որ այս ամենն իր ամբողջության մեջ արտահայտում է հայկական կողմի մտադրությունների լրջությունը եւ պատասխանատվությունը՝ որպես երկու հարեւան պետություն, երկու ժողովուրդ, որոնք բազմադարյա պատմական արժեքային հիմքերի վրա կառուցած հարաբերություններ ունեն, առաջ տանելու այս հարաբերությունները՝ ի շահ երկու ժողովուրդների եւ երկրների, ի ամրապնդումն մեր տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության: «Ցավոք, մենք դեռեւս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաեւ այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները եւ իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձեւավորված շրջանակներում եւ ձեւավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին», -պարզաբանել էր Մնացականյանը։

Հայաստան-Վրաստան հարաբերությունների խորացման առնչությամբ ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել էր, որ վրաց գործընկերոջ հետ բավական երկար խոսել էին օրակարգային այլ հարցերի շուրջ եւ շարունակելու են քննարկումներն օրվա ընթացքում։

Հուլիսի 24-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Նրանք քննարկել էին հայ-վրացական երկկողմ օրակարգի հարցերը՝ համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարեւան ու բարեկամ պետությունների միջեւ մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Մնացականյանն ու Բախտաձեն ընդգծել էին առեւտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ այդ կապերի փոխշահավետ դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման միջոցով:

Զոհրաբ Մնացականյանը եւ Մամուկա Բախտաձեն դրական էին գնահատել միջազգային կառույցներում եւ բազմակողմ այլ հարթակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը: «Կողմերը ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյա հոբելյանի համատեքստում մտքեր փոխանակեցին այդ նախաձեռնության ապագա տեսլականի եւ այդ ձեւաչափում համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի շուրջ։ Այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծվեց երիտասարդության շրջանում կապերի խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, ինչն առավել կամրապնդի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող հասարակությունների հետագա մերձեցումը»:

Վրաստանի վարչապետը եւ Հայաստանի ԱԳ նախարարը նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունը եւ այս ուղղությամբ Հայաստանի եւ Վրաստանի հետագա համագործակցության կարեւորությունը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031