ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արփինե Հովհաննիսյանի հետ լրագրող Կարմեն Դավթյանի հարցազրույցը, որտեղ ունիկալ մտքեր են արտահայտվել, մասնավորապես, ՀՀ դատախազության և գլխավոր դատախազի վերաբերյալ, տխուր խորհրդածությունների տեղիք տվեց:
Նախ՝ Արփինե Հովհաննիսյանն «Ազատության» հրապարակում ապօրինաբար սրճարաններ տեղադրելը թույլատրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործին փորձել է տալ, իբր, բացառապես մասնագիտական, իսկ իրականում քաղաքական դրդապատճառներ ունեցող գնահատականներ՝ նշելով, թե համաներման վերաբերյալ օրենքի կիրառման պարագայում վերոնշյալ հոդվածով քրեական գործ չպետք է հարուցվեր, իսկ այդ պայմաններում հարուցումն ինքնին հանցագործություն է:
Տիկին Հովհաննիսյանը հավանաբար տեղյակ չէ, որ համապատասխան նյութերն ու փաստաթղթերն ստացվել են Երևանի քաղաքապետարանից, որոնց հիման վրա, նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է քրեական գործը: Իսկ հարցազրույցի ընթացքում բարձրացված այն հարցը, թե նախկինում դատախազության կողմից ինչու նման գործընթացներ չէին նախաձեռնվում, ունի առավել քան պարզ ու տրամաբանական պատասխան. որովհետև նախկինում նմանատիպ հնարավոր իրավախախտումների կամ հանցավոր գործողությունների մասին տեղեկություններ չէին ստացվում, իսկ դատախազությունն ինքնուրույնաբար, առանց բավարար առիթի և հիմքերի, ստուգողական գործողություններ, վարույթ նախաձեռնելու իրավասություն չունի:
Կարդացեք նաև
Ժպիտ է հարուցում այն հանգամանքը, որ համաներման մասին օրենքից մեջբերումներ կատարելիս իրավաբանական գիտությունների հարգելի թեկնածուն, Արդարադատության նախկին նախարարը համեստորեն անտեսում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթն այն մասին, որ համաներման ակտի հիմքով վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Վարույթը բացառող այս հիմքի մասին դատական իրավունքի իմացությունը, Արփինե Հովհաննիսյանին թույլ կտար նկատի ունենալ, որ նշված կանոնը վերաբերում է նաև քրեական գործի հարուցման փուլին և պարտադիր դարձնում քրեական վարույթը սովորական կարգով, եթե անձը, ով առերևույթ կատարել է հանցանքը, առարկել է համաներման ակտի կիրառման դեմ:
Հետևաբար, Արփինե Հովհաննիսյանին կոչ ենք անում սովորական դատավարական գործընթացները չծառայեցնել սեփական ոչ դատավարական նպատակներին և պահպանել մասնագիտական էթիկան:
Արդարադատության նախկին նախարարին տեղեկացնենք նաև, որ նշված քրեական գործը հարուցելու մեջ հանցագործության հատկանիշներ տեսնելու դեպքում նրան ոչինչ չէր կաշկանդում հապճեպ կամ դիտավորյալ իրավանորմերի կցկտուր վկայակոչումներով հրապարակային հայտարարություններ անելու փոխարեն օրենքով սահմանված կարգով տալ հանցագործության մասին հաղորդում:
Հարցազրույցի ընթացքում պարզվեց մի տխուր իրողություն ևս. ինչպես բազմափորձ լրագրողը, այնպես էլ, դատելով արձագանքից, թերևս, նաև մասնագիտական և քաղաքական գործունեության ոչ պակաս փորձառություն ունեցող հյուրը դատախազի ինստիտուտի վերաբերյալ ունեն տիպիկ կոնյուկտուրային պատկերացումներ: Այսինքն նրանց ընկալմամբ գլխավոր դատախազը քաղաքական և վարչական թիմի շարքային անդամ է, որ կարող է կամ պետք է իշխանության առջև «զգաստ կանգնող» կամ «նախագահի մոտ պատվի առած գնացող-եկող» մեկը լինի՝ դրանից բխող կամազրկության բոլոր ատրիբուտներով: Եվ հիմա նրանց մոտ զարմանք ու տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ գլխավոր դատախազը նախկինից մնացած այդ չափանիշներին համապատասխան չգտնվեց:
Տխուր է, իհարկե, երբ «վաղվա օրվա գիտակցում» չունենալու դրսևորում է համարվում, օրինակ, երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ինքնին, կամ նրան վերաբերող գործով դատական նիստին գլխավոր դատախազի մասնակցությունը: Եվ դա այն դեպքում, երբ զօրուգիշեր կարող են դեմքի լուրջ արտահայտությամբ դատողություններ անել ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության մասին:
Տխուր, բայց նաև արդեն սովորական է դարձել հետևել, թե ինչպես են խեղաթյուրվում գլխավոր դատախազի կողմից բազմիցս արված և բազմաթիվ տեսագրություններով բարեբախտաբար պահպանվող հայտարարությունները դատախազությունում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցված լինելու վերաբերյալ: Վկայակոչելով առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար դատախազի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման դեպքը՝ բանախոսները ոչ միայն փաստացի փորձեցին դա հակադրել գլխավոր դատախազի արած հայտարարություններին, այլ նաև խեղաթյուրել այդ հայտարարությունների բովանդակությունը՝ գլխավոր դատախազին վերագրելով համակարգում կոռուպցիայի առհասարակ բացառման մասին իրականում չարտահայտված մտքեր:
Իսկ իրականում Արթուր Դավթյանը ոչ թե դատախազական համակարգում կոռուպցիայի բացառման մասին է նշել, այլ դրա ռիսկերը նվազագույնի հասցված լինելու, համակարգի ներսում դրա նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության աներկբայության, և դատախազների՝ իբրև ամենակոռումպացված պաշտոնատար անձանց մասին հասարակությունում եղած մասսայական ընկալումների բացակայության: Դրանում հավաստիանալու համար ընդամենը պետք է բացել և դիտել համացանցում եղած բազմաթիվ տեսագրությունները: Այդ հարցում դժվարությունների հանդիպելու դեպքում սիրահոժար պատրաստ ենք օգնել:
Սակայն այստեղ էականն այդ չէ: Էականն այն է, որ բանախոսներն իրենց թույլ չեն տվել նկատելու, որ ինքնին նշված դեպքի բացահայտման, դրանում գլխավոր դատախազության ոչ երկրորդական դերակատարության, իսկ մեղադրանքի ապացուցման դեպքում խիստ պատասխանատվության ապահովման մասին արված հրապարակային հավաստիացումներն ինքնին կոռուպցիայի նկատմամբ ամենաբարձր մակարդակով ներքին անհանդուրժողականության ուղղակի, առարկայական դրսևորում է:
Բայց… ամեն ինչ հասկանալի է…Հարցազրույցով հետապնդվող մանիպուլյատիվ նպատակների համատեքստում նման վարքագիծը միանգամայն հասկանալի է…