Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրել, ոռոգել անտառները… նախօրոք

Հուլիս 30,2019 19:30

Առուներով, խողովակներով ու պոմպերով, ջրցան մեքենաներով, օդից անձրևելով, անտառին մոտիկ աղբյուրից կամ ջրավազանից … բոլոր հնարավոր, անհնար միջոցներով՝ շոգ օրերին հարկավոր է, պարտադիր է նախօրոք ջրել անտառները:

Հրդեհի բարձր վտանգավոր տագնապ է.

  • Ով անտառ է գնում հանգստանալու՝ նախօրոք հետը ջուր վերցնի (ինչքան հնարավոր է), որ հանգստի գոտին նախօրոք հովացնի, որ խորովածի խարույկի կրակն անպայման հանգցնի, որ սիգարետը ջրով մարի, փայտ չկտրի, աղբ չթողնի, …
  • Ով անտառապետ է՝ պետք է շոգ օրերին նախօրոք ապահովի անտառի ջրումը, ոռոգումը, հետևի, որ անտառում հանգստացողները պահպանեն հակահրդեհային կանոնները, …
  • Ով անտառտնտեսության տնօրեն է, պետք է անտառն ապահովի ջրով մշտապես լիքը ջրավազանով (1հա անտառին նվազագույնը 1000 մ3 ջուր հաշվարկով), հետևի, որ շոգ օրերին անտառն անպայման նախօրոք ջրվի, որ հակահրդեհային հիդրանտը մշտապես աշխատի, որ հակահրդեհային միջոցներն ու տեղեկատու ցուցանակներն անտառում մշտապես լինեն, …
  • Ովքեր պատասխանատու են անտառների խնամքի, պահպանության, վերահսկման, հրդեհների կանխարգելման ու մարման համար՝ պարտավոր են միահամուռ ջանքերով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով նպաստել վերը նշված միջոցառումների կատարմանը՝ կազմակերպել անտառների ջրումը, ոռոգումը՝ նախօրոք, և հրդեհը կնահանջի:

Անտառները երկրաշեն արժեքներ են՝ երկիրն ապահովում են բազմաթիվ բնական ռեսուրսներով, նպաստում են մարդու հանգստին, առողջությանը: Ոտքի վրա անտառն աշխատում, բարիք է ստեղծում հետևյալ կերպ՝

  1. Հողերի պահպանություն – արմատային հզոր համակարգի շնորհիվ անտառը պահպանում է հողը, կանխելով հողատարման ու հողմահարման երևույթները, հատկապես՝ բարձր թեքությունների վրա, ջրային հոսքերի ափերին:
  2. Անտառը հումուսով հարուստ բերքատու հող է ստեղծում՝ մշակելով հողին թափված հսկայական քանակությամբ օրգանական հարուստ հումքը:
  3. Անտառը ջրային ռեժիմ է կարգավորում ՝ ֆիլտրում է անձրևաջրերն ու ձնհալը, արմատային համակարգի միջոցով դրանք ուղղորդելով դեպի ընդերք:
  4. Բարենպաստ միջավայր կենսաբազմազանության բազմաթիվ տեսակների համար – ֆլորայի, ֆաունայի բազմաթիվ ներկայացուցիչներ անտառում հարմարավետ գոյության պայմաններ ունեն, որի շնորհիվ բնությունն ավելի է հարստանում:
  5. Մթնոլորտային հավասարակշռության պահպանություն – սաղարթաշատ անտառն արևի լույսի միջոցով ածխաթթու գազ է կլանում՝ արտադրելով թթվածին (մեկ լայնատերև ծառը մեկ օրվա ընթացքում սինթեզում  է 120-230 կգ թթվածին)
  6. Անտառը բարելավում է կլիման – տերևային հսկայական զանգվածով անտառում կուտակված խոնավությունը գոլորշանում է՝ կարգավորելով օդի հարաբերական խոնավությունը, իսկ խիտ ծառաշարքերի միջոցով անտառը նաև նվազեցնում է քամիների արագությունը:
  7. Առողջարար հատկություններ – անտառում փշատերև ծառատեսակներն <արտադրում են> ֆիտոնցիդներ, որոնք մաքրում են օդը, եթերային նյութերի, թթվածնի միջավայրում գտնվելով կարգավորվում են մարդու շնչառությունը, արյան շրջանառությունը, …
  8. Անտառը հրաշալի վայր է բնասերների, զբոսաշրջիկների բազմաբնույթ արշավների, հանգստի կազմակերպման համար:
  9. Անտառն արագ է վերականգվում – օրգանական նավթ ու գազի, կամ հանքային օգտակար հանածոների առաջացման համար միլիոնավոր տարիներ են պահանջվում, անտառը, որպես համակարգ կազմավորվում է 40-60 տարվա ընթացքում:

Արմատներով, սաղարթով ու շարահարկերով անտառը գործ է անում՝ պայմաններ է ստեղծում բնական այլ ռեսուրսների պահպանման, կարգավորման, բնության հարստացման, մարդու հանգստի համար: Հրդեհի բարձր վտանգավոր տագնապի դեպքում հարկ է նախօրոք ջրել, ոռոգել անտառները, որ հրդեհ չբռնկվի, որ բռնկված հրդեհը նահանջի, որ հրշեջները խուսափեն անտառային հրեդհների դեմ կռիվ տալուց (հաճախ՝ անօգուտ կռիվ, իզուր ջրի ծախս, վնասված առողջություն):

Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով անտառներում և հարակից տարածքներում  ԱՐԳԵԼՎՈւՄ Է`

  1. այրել գյուղատնտեսական մնացորդները կամ խոզանը,
  2. բաց խարույկ վառել,
  3. օգտագործել վառվող լուցկի, բոցհանիչ, ծխախոտ կամ գետնին գցել դրանց մնացորդները,
  4. դյուրավառ նյութերով ներծծված թղթերը և շորի կտորները թողնել անտառում,
  5. արևի տակ ապակի թողնել,
  6. մեքենայի շարժիչի աշխատանքի ժամանակ բաքը լիցքավորել վառելիքով,
  7. իրականացնել անտառի պահպանության նպատակին հակասող շինարարություն, կուտակել շինարարական, կենցաղային աղբ կամ այլ թափոններ,
  8. խախտել ոռոգման ռեժիմը
  9. վնասել հակահրդեհային միջոցները:

Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով անտառներում և հարակից տարածքներում հարկ է ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՊԱՀՈՎԵԼ՝

  • վերը նշված արգելքների վերաբերյալ ակնառու պաստառների առկայությունը,
  • շրջակա բնակչության իրազեկումը և կազմակերպումը,
  • հրդեհների կանխարգելման միջոցների՝ կրակմարիչների, ջրավազանի, ջրի, հակահրդեհային հիդրանտի և այլ տեխնիկայի առկայությունը՝ սարքին, աշխատանքային վիճակում,
  • նախնական հակահրդեհային ոռոգումը՝ եղանակային պայմաններին համապատասխան,
  • հրշեջների տեխնիկական հագեցվածությունը, արագ հասանելիության հնարավորությունները,
  • հակահրդեհային տարբեր կազմավորումների համակարգված գործողությունները,
  • հրշեջ խմբերի, ՏԻՄ համակարգի, անտառտնտեսությունների անձնակազմերի վարժանքի և ուսուցման նախնական կազմակերպումը
  • հակահրդեհային միջոցառումների իրականացման մշտական հսկողությունը:

Աղետների ռիսկերի կառավարման փորձը ցույց է տալիս, որ անտառային հրդեհների 95%-ը մարդու անշրջահայաց գործունեության հետևանք են: Անվերահսկելի խարույկները, բուսականության այրումը, ծխախոտի, լուցկու կամ բոցհանիչի կայծը տարերայնորեն տարածվում են անտառային տարածքում: Երաշտի պայմաններում, քամու միջոցով հրդեհները լափում են ոչ միայն անտառը, այլև՝ հսկայական վնաս են պատճառում մոտակա տնային տնտեսություններին, այրելով նաև այգիները, խոտի դեզերը, վնասելով ու վտանգելով ենթակառույցները: Անտառային հրդեհներ կարող են ծագել նաև բնական պատճառներով (կայծակ): Բայց վիճակագրությունը պարզում է, որ բնական հրդեհներն ավելի սակավ են, քան մարդկային գործոնի առաջացրածը: Մարդկային գործոնները՝ ջերմոցային գազերը Երկիր մոլորակում համատարած հանգեցրել են Կլիմայի Փոփոխության, որի պատճառով անտառային հրդեհներն այլևս դուրս են եկել սեզոնային սահմաններից:

Անտառային հրդեհները լինում են գետնատարած, վերնատարած և ստորգետնյա (www.mes.am).

Գետնատարած հրդեհների ժամանակ այրվում է անտառների մերձգետնյա բուսածածկը՝ 50-150 սմ բոցի բարձրությամբ: Տարածման արագությունը 0,5-1,5 կմ/ժամ, երբեմն մինչև 6 կմ/ժամ արագությամբ գետնատարած հրդեհները շրջանցում են խոնավ մասերը: Սովորաբար գարնանն են լինում, երբ չորանում է դյուրավառ շերտի վերին մասը: Հրդեհի խորանալուց այրվում են ծառերի արմատները և կեղևը, անտառային թփուտները:

Վերնատարած անտառային հրդեհները (գագաթային) ավելի հաճախ պատահում են լեռնային անտառներում՝ բռնկվում են ծառերի սաղարթը, տերևները, կրակը տարածվում է թեք լանջերով, որին նպաստում է քամին: Հրդեհը տարածվում է ոստյուններով կամ հոծ պատերով, երբեմն 100 կմ/ժամ արագությամբ: Ծառերի սաղարթից բացի բոցը տարածվում է նաև մերձգետնյա՝ հողածածկով: Սաղարթով կրակը տարածվում է 8-25 կմ/ժամ արագությամբ, քամին ցրում, տարածում է կայծեր, այրվող ճյուղեր ու չոր խաշամ, որոնք հիմնական օջախից հարյուրավոր մետրեր առաջ՝ ստորին հրդեհի նոր օջախներ են ստեղծում:

Ստորգետնյա անտառային հրդեհներն առաջանում են տորֆահողերում, տարածվում են օրական 2-10 մ արագությամբ, այրվում է անտառային հողերի տակ 30 սմ խորությունից ներքև գտնվող տորֆի շերտը: Շատ վտանգավոր են և բարդ հրդեհաշիջում են պահանջում: Սովորաբար այրվում է մինչև խոնավ շերտերին հասնելը:

2 կմ2 մակերեսից ավել տարածքի ընդգրկման դեպքում անտառային հրդեհը համարվում է խոշոր: Այս  անտառային հրդեհների ուրվագիծն անկայուն է՝ պայմանավորված քամու ուղղությամբ, ուժգնությամբ, մոտակա ջրային հոսքերի, ջրամբարների սահմաններով: Խոշոր անտառային հրդեհների դեպքում առաջանում են ծխի ընդարձակ գոտիներ, նվազում է տեսանելիությունը, մեծաքանակ սաղարթի այրումից առաջացող գազերի պատճառով հաճախակի են թունավորումները: Խոշոր հրդեհների մոտ 90 %-ն առաջանում են մարդկանց կողմից հակահրդեհային կանոնները չպահպանելու պատճառով: Նաև առաջանում են ամպրոպի ժամանակ կայծակի բռնկման, տորֆի ինքնաբռնկումների հետևանքով՝ օդի բարձր ջերմաստիճանի, անձրևների տևական բացակայության դեպքում:

Անտառի կրած վնասները չափվում են լիակատար, համատարած, մասնակի աստիճաններով: Այս չափումներից կարելի է խուսափել և անտառային հրդեհները կանխել՝ նախօրոք ջրելով, ոռոգելով անտառները, նաև՝ վնասազերծելով հրդեհների օջախները, տեղայնացնելով ծագած հրդեհները: Այլապես՝ նպաստավոր կլիմայական գործոնների ազդեցությամբ այդ հրդեհներն արագ վերածվում են լայնածավալ, անվերահսկելի կործանիչ ուժի, որի դեմ անզոր է ամենակատարյալ հակահրդեհային տեխնիկական: Հատկապես վերջին տարիներին Ավստրալիայում, Հունաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում պարբերաբար մոլեգնող անտառային հրդեհները սպառնում են նաև բազմաթիվ բնակավայրերի, ոչնչացնում տնային տնտեսությունները՝ պատճառելով ոչ միայն տնտեսական, այլև՝ մարդկային կորուստներ:

Անտառային հրդեհները լուրջ սպառնալիք են բնակչության համար՝ այրման պատճառով մերձգետնյա տարածքում առաջացող ածխաթթու գազը, ծծմբային անհիդրիդը, շմոլը, մոխիրը մերձգետնյա, բարձր ջերմությունը համատեղ վնասում են բնակչության առողջությունը: Ռուսաստանի բժշկության և բնապահպանության ոլորտների գիտական կենտրոնների <երկարատև հետազոտությունները ցույց են տվել, որ ինտենսիվ անտառային հրդեհների ժամանակ բժշկական շտապ օգնության դիմողների քանակն ավելացել է 3-4 անգամ, մահացությունը՝ 10-13 անգամ> (www.meteo.am):

Անտառային հրդեհների ծագման դեպքերում Հայաստանի բնական գործոնները (երկարատև տոթակեզ երաշտ, ուժգին և հաճախակի քամիներ) նույնպես կարող են լայնածավալ թափ հաղորդել կրակի բոցերին: ՀՀ անտառներում հրդեհների մարման յուրահատուկ դժվարություններ կան, որոնք բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները.

  1. Դժվար է հրդեհի առաջնային օջախի վաղ հայտնաբերումը, հատկապես լայնածավալ անտառային զանգվածներում;
  2. Որոշ դեպքերում հնարավոր չէ ապահովել հրշեջ խմբերի արագ հասանելիությունը հրդեհի վայր՝ հրդեհի օջախը մի քանի տասնյակ կմ հեռու է հրշեջների տեղակայման վայրից;
  3. Բացակայում են հատուկ տեխնիկայի և հրդեհաշիջման միջոցների (ջրի) անհրաժեշտ քանակը հրդեհի մոտակայքում (ՀՀ լեռնային գետերն ամառային ամիսներին սակավաջուր են),
  4. Հրդեհվող տարածքները դժվար հասանելի են՝ թեք տեղանքի, անանցանելի պայմաններում հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են լրացուցիչ խնդիրներ հաղթահարելով:

Անտառները հակահրդեհային միջոցներով ապահովելով՝ հնարավոր է նախօրոք և արագ կանխել անտառային հրդեհների մեծ մասը: Հրշեջ խմբերը որքան էլ կազմակերպված գործեն, առաջնակարգ հակահրդեհային տեխնիկական միջոցներ գործադրեն, հնարավոր է, որ արդյունքում մոխրացած տարածք մնա: Ուստի ավելի ընդունելի է պարբերաբար շատ ջուր ծախսել՝ անտառները խոնավ պահելու համար, քան՝ ավելի բազմապատիկ ջրի ծախսը՝ հրդեհաշիջման համար և բոլոր միահամուռ նաև իզուր ջանքերը, բազմաթիվ հեկտարներով անտառային համակարգի, մարդկային ու տնտեսական կորուստները: Եթե վատագույն դեպքում՝ խոնավ անտառում կրակ է բռնկվում, համենայն դեպս՝ հրդեհը մի կերպ է <գոյատևում>, դժվար է տարածվում և հնարավոր է լինում հրդեհաշիջումն ավելի արդյունավետ կատարել: Սակայն անտառի հակահրդեհային ոռոգման կարևորությունն ու արդյունավետությունն ինչպես հարկն է չի գնահատվել Հայաստանում (որտեղ ջրամատակարարման կորուստներն այնքան շատ են, որ Սևանա լճի պահպանության խնդրին չեն զիջում), որտեղ լեռնալանջերից, ամեն քարի տակից առատ աղբյուրներ են բխում: Ուստի հնարավոր է և նպատակահարմար՝ միջոցներն ու ջանքերը կենտրոնացնել անտառային հրդեհների նախնական կանխարգելմանը՝ նախօրոք ջրելով, ոռոգելով անտառները: Անտառին մոտիկ ջրաղբյուրից կամ ջրավազանից առուներով, խողովակներով ու պոմպերով, ջրցան մեքենաներով կամ օդից անձրևելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով շոգ օրերին հարկավոր է, պարտադիր է նախօրոք ջրել անտառները: Դա ջրի կորուստ չէ, դա ներդրում է, որն անտառը շրջանառության մեջ կդնի և հետ կվերադարձնի: Այլապես՝ հարկ է լինում բազմապատիկ վճարել չվերականգնվող առողջության, պտղատու այգիների և տնային տնտեսությունների կորստի, մոխրացած անտառի՝ բնություն հարստացնող հատկությունների կորստի համար: Իսկ մինչ այդ՝ թթվածին արտադրող անտառից թթվածնի փոխարեն հրդեհն առաջացնում է ջերմոցային գազերի արտանետումներ, որոնք Կլիմայի Փոփոխության խթանիչներ են:

Ծագման դեպքում անտառային հրդեհներն առաջնահերթ մարվում են անտառտնտեսությունների և անտառները տնօրինող այլ կազմակերպությունների կողմից, որոնք պարտավոր են նախ և առաջ մշտական հսկողություն սահմանել: Անտառապահը պարտավոր է մշտական շրջայցերի միջոցով հայտնաբերել և հանգցնել հրդեհները: Անտառապահներին պետք է օգնեն շրջակա բնակչությունը, նաև կամավորների խմբերը: Արագ հրդեհաշիջման նպատակով անտառտնտեսությունները պետք է իրենց մասնագիտացված ստորաբաժանումներն ունենան՝ հրշեջ ավտոցիստեռնով, բեռնատար մեքենայով, սայլակով, մոտոցիկլով, շարժական պոմպերով ու խողովակներով: Անտառի մեծությամբ ու հրդեհի վտանգով պայմանավորված՝ մոտակայքում հարկ է տեղաբաշխել նաև հրշեջ կայաններ, ավիացիոն տեխնիկա, հակահրդեհային այլ կազմավորումներ:

Հակահրդեհային միջոցների և հրդեհաշիջման արդյունավետությունը պայմանավորվում են հրշեջ անձնակազմի վարպետությամբ, հրդեհի տեսակով ու մասշտաբներով, կլիմայական գործոններով, կարևոր է նաև տեղանքը, մոտակա բնակչության ու կամավորների կազմակերպված օգնությունը: Խոշոր հրդեհների դեպքերում շատ կարևոր են տեղական ինքնակառավարման մարմինների, հրշեջ կազմավորումների և արտակարգ իրավիճակների պատասխանատուների, մասնագետների և կամավորների համաձայնեցված, համակարգված գործողությունները:

Նոր բռնկված հրդեհը հնարավոր է մարել կրակի եզրերը ձաղկելով կամ վրան հող լցնելով: Ձաղկելու համար կարելի է օգտագործել 1-2 մ երկարություն ունեցող սաղարթաշատ ճյուղեր, թեկուզ՝ խոնավ հագուստ: Կարևոր է գործողությունների արագությունը և արդյունավետությունը: Կիրառվում են նաև հրդեհաշիջման արգելափակիչ կամ հանքայնացված շերտերը և ակոսները, ջուրը կամ կրակմարիչ քիմիական լուծույթները: Հատկապես արդյունավետ է ջրով հրդեհաշիջումը՝ գոլորշիանալով ջուրը մեծ քանակությամբ ջերմություն է կլանում՝ մարելով այրման գոտու բարձր ջերմությունը և արգելակելով թթվածնի մուտքն այրման շրջան: Առավել արդյունավետ է ջրի անձրևաշիթային սփռումը: Բայց ավելի հեշտ և արդյունավետ է նախնական ոռոգումով կանխել անտառային հրդեհները, քան՝ մարել այրվող անտառները, քան՝ վերականգնել մոխրացած անտառը, ինչը Հայաստանում գրեթե անհնար է, բայց՝ պետք է:

Հայաստանի Հանրապետությունը սակավահող, սակավանտառ երկիր է, բնութագրվում է ցամաքային չոր կլիմայով ու լեռնային կտրտված ռելիեֆով: Ի լրումն՝ քայքայման բնական գործոններն ավելի հզոր են և ակտիվ, իսկ բնագոյացման գործոններն ավելի նվազ են ու սակավ: Ուստի հարկ է խնամքով պահել, պահպանել բոլոր կողմերից սահմանամերձ այս քարեղեն Բարձունքը`պահպանելով, ընդարձակելով հող ու ջրի պահապան ու կարգավորող, թթվածնի մատակարար՝ անտառները: Քարքարոտ Հայաստանում անտառ կազմավորող ծառատեսակներ են կաղնին, բոխին, հաճարենին, սոճին, սակայն հրդեհներից բացի ՀՀ անտառների համար պատուհաս են անտառահատումները՝ սպառողի մտածելակերպով գործարարի «եկամտաբեր գործունեությունը»:

1998 –2013 թ.թ. այրված անտառային տարածքները կազմում են 2875,3 հա (www.ecolur.org/news/forest): 1998 թ. դրությամբ ՀՀ անտառները կազմել են 470 հազար հա, 2010թ՝ 370, 6 հազ.հա, 2017 թ՝ 289,2 հազ. հա (https://www.armstat.am/file/doc/99511883.pdf): 1998 թ. հունվարից մինչ 2017 թ, հուլիս ՀՀ լեռնային անտառների կորուստը կազմել է 180,8 հազ.հա (առանց հրդեհների կորստի): 20 տարվա ընթացքում՝ տարեկան միջինը 9040 հա անտառի կորուստ: Չոր ցամաքային կլիմայով, լեռնային կտրտված ռելիեֆով բնութագրվող սակավահող երկրում 180 800 հա անտառների կորուստը սարսափելի <շռայլություն > է: Կլիմայի Փոփոխության գործոններին համատեղվելով՝ այդ կորուստն ազդում է հողային, ջրային ռեսուրսների, բնական համակարգերի և մարդկային կենսագործունեության վրա, մեծացնելով գյուղատնտեսության, ենթակառույցների խոցելիությունը: Այդ կորուստը որոշակի հանցավոր համակարգի բազմամյա գործունեության <արդյունք> է: Իրավունքի պետությունում այդ հանցավոր համակարգի հեղինակներն ու գործադրողները պատժվում են:

Սրբուհի Հարությունյան   

Էկո-փորձաքննության խորհրդատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031