Մեկ ամիս առաջ, ինչպես նաև նախորդ տարիներին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Մարմարիկ և Չարենցավանի Արզական բնակավայրերում գրանցված կարկուտների հասցրած վնասները հաշվի առնելով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը առաջարկել է Մեղրաձոր և Չարենցավան համայնքների ղեկավարներին նշված բնակավայրերից յուրաքանչյուրում սկզբնական շրջանում առնվազն մեկական հակակարկտային «Զենիթ» գազային կայաններ ձեռք բերել և տեղադրել:
Կայաններն արդեն Արզականում և Մարմարիկում են և այսօր երկու բնակավայրերում ընթանում են կայանների տեղադրման աշխատանքներ:
Յուրաքանչյուր կայանի ընդգրկման մակերեսը 80-100 հա է. այն կբավարարի վերը նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի զերծ պահելով կարկտահարության հասցրած վնասներից:
Առաջիկայում կառավարության կողմից նախատեսված է համապատասխան ծրագրերի իրականացում մարզի առավել վտանգավոր հատվածներում ևս մի քանի հակակարկտային կայանների տեղադրման համար:
Կարդացեք նաև
Ի դեպ, կայանների սպասարկումը և կառավարումը իրականացվելու է ԱԻՆ համապատասխան ծառայության կողմից:
Կոտայքի մարզպետարան