Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի`այսօր հնչեցրած գնահատականները Նիկոլ Փաշինյանի մասին, հասկանալի եւ ընկալելի չեն. Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 30,2019 18:14

Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը

– Տիկին Զոհրաբյան, վերջին շրջանում լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ հայցերը շատացել են: Շատ փաստաբաններ եւ քաղաքական գործիչներ դա մեկնաբանում են`իբրեւ մամուլին լռեցնելու փորձ: Այդ խնդիրը ձեր ղեկավարած հանձնաժողովում ուսումնասիրե՞լ եք, ի՞նչ կարծիքի եք:

– Այո, դուք ճիշտ եք, վերջին շրջանում հստակ է, որ լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ հայցերն ակնհայտ շատացել են, եւ դա, բնականաբար, հիմք է տալիս մեկնաբանելու իբրեւ տարբեր քաղաքական գործիչների կողմից փորձ` լրատվամիջոցներին լռեցնելու: Բայց, որեւէ ժամանակում, որեւէ մեկին չի հաջողվել լռեցնել լրատվամիջոցներին կամ լրագրողներին: Բոլոր այն քաղաքական գործիչները կամ իրենց քաղաքական գործիչ համարողները, ովքեր փորձում են լրատվամիջոցների կամ լրագրողների դեմ դատական հայցերով լրատվամիջոց լռեցնել կամ ինչպես մեկն էր ասել`հասնել նրան, որ լրատվամիջոցը փակվի, պետք է հասկանան մեկ պարզ ճշմարտություն`լրատվամիջոցի հետ ցանկացած պատերազմ դատապարտված է: Ես սա ասում եմ նաեւ որպես նախկին լրագրող: Բնականաբար, մենք խոսում ենք պրոֆեսիոնալ լրատվամիջոցների մասին:

Սակայն, մենք պետք է հասկանանք նաեւ, որ մենք այսօր խնդիր ունենք: Խնդրին, թե որպես նախկին լրագրող, թե որպես պատգամավոր ես քանիցս անդրադարձել եմ, դա հատկապես սոցիալական մեդիայում անպատասխանատու խոսքի եւ հայհոյանքի խայտառակ աճն է: Դա իսկապես մտահոգիչ է: Բայց եթե դուք ինձ հիմա հարցնեք`ինչպե՞ս է հնարավոր հայհոյանքների տարափը սոցիալական մեդիայում կարգավորել, ես դրա պատասխանը չունեմ: Ավելին, ԵԽԽՎ-ում, վերջին առնվազն երեք նստաշրջան, մենք քննարկում ենք այս հարցը, որովհետեւ նույն խնդիրը կա նաեւ ԵԽ բազմաթիվ երկրներում: Եվ այնպիսի երկրներում, որոնք կայացած ժողովրդավարություն ունեն`Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն: Սոցիալական մեդիայում վիրավորանքների, սպառնալիքների խայտառակ աճն այդ երկրներում էլ է դառնում մտահոգիչ: Ասեմ, որ Գերմանիան արդեն իր քրեական օրենսգրքով սոցիալական մեդիայում սպառնալիքը փորձել է կարգավորել`պատասխանատվությունը քրեական տիրույթ տեղափոխելով: Նաեւ բավական բարձր`50 հազար եվրոյից ավել տուգանքներ են սահմանվում: Թե մենք`ՀՀ-ում, ինչպե՞ս պետք է կարգավորենք այս խնդիրը, այս պահին կդժվարանամ այդ հարցին պատասխանել: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, եթե հիշում եք, հասարակության մի հատված վերածվել էր նախիրի եւ ամենաայլանդակ, սրբապիղծ հայհոյանքներն էին հասցնում ինձ, իմ ծնողներին եւ երեխաներին. անգամ այդ ժամանակ իմ մտքով չանցավ, որ լրատվամիջոց պետք է լռեցնել: Բայց, որ սոցիալական մեդիայում, իմ վստահ համոզմամբ, խեղում ունեցող մարդկանց հայհոյախոսքը պետք է օրենքով ինչ-որ կերպ կասեցվի, ես համաձայն եմ: Ի՞նչ կերպ`դրա լուծումը, ասացի, այս պահին չունեմ. ի՞նչ կերպ գտնել օրենսդրական լուծումը, որպեսզի մի կողմից չվնասենք խոսքի ազատությունը, մյուս կողմից, թույլ չտանք, որ տարատեսակ հոգեկան հիվանդներ փորձեն սուբլիմացվել`հայհոյանքը դարձնելով նորմ, սոցիալական մեդիայում գերիշխող:

Ի դեպ, ես իմ լրագրող-գործընկերներին, խմբագիրներին, քանիցս առաջարկել եմ, առաջարկն այժմ էլ ուժի մեջ է, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում է նաեւ մեր գործընկեր, նախկինում լավագույն խմբագիրներից Թագուհի Թովմասյանը, եւ մենք նախատեսել ենք խորհրդարանի աշնանային նստաշրջանը սկսվելուն պես`կազմակերպել քննարկում`զանգվածային լրատվամիջոցների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների, այդ թվում նաեւ ձեր բարձրացրած խնդրի վերաբերյալ:

– Տիկին Զոհրաբյան, դուք երկար տարիներ աշխատել եք Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջերս ձեր նախկին պատգամավոր-գործընկեր Զարուհի Փոստանջյանը շատ կտրուկ հայտարարություն արեց`ասելով, որ Նիկոլ Փաշինյանը ազատազարկման վայրում «գործ տվողի» համբավ ուներ: Իբրեւ Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ աշխատած գործընկեր, ինչպե՞ս կմեկնաբանեք Զարուհի Փոստանջյանի այդ հայտարարությունը:

– Բնականաբար, ինձ հասկանալի չէ տիկին Փոստանջյանի հնչեցրած գնահատականը, որովհետեւ երբ Նիկոլն անազատության մեջ էր, Զարուհի Փոստանջյանը, նաեւ, որպես փաստաբան, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի ամենաակտիվ պաշտպաններից մեկն էր եւ ամեն օր, իր հրապարակային խոսքում, պաշտպանում էր անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին: Ուստի, ինձ համար, Զարուհի Փոստանջյանի`այսօր հնչեցրած գնահատականը, հասկանալի եւ ընկալելի չէ:

– Տարբեր քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, վերջին շրջանում տարբեր վերլուծություններում մեղադրանքներ են հնչեցնում «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատաոճի վերաբերյալ: Որպես երկար տարիներ «Հայկական ժամանակ» թերթի քաղաքական մեկնաբան, ի՞նչ կասեք այս մեղադրանքների մասով:

– Այո, ես «Հայկական ժամանակ» թերթի քաղաքական մեկնաբանն եմ եղել, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այն ժամանակվա «Հայկական ժամանակ» թերթում չեն եղել անձեռմխելի մարդիկ, չեն եղել անձեռմխելի թեմաներ եւ որեւէ անգամ Նիկոլ Փաշինյան խմբագիրն ինձ չի ասել, որ սա չի կարելի գրել, սա կարելի է գրել, այս մարդու դեմ չի կարելի գրել, այս թեմային կարելի է անդրադառնալ, այս թեմային չի կարելի անդրադառնալ…

Քանիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ`այն տարիների «Հայկական ժամանակ» թերթը Հայաստանի եզակի`մեկ-երկու թերթերից մեկն էր, որ ազատության շունչ բերեց եւ փորձեց կերտել քաղաքացիական հասարակություն եւ մտածող քաղաքացի:

Իսկ այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի`այս կամ այն ոլորտում վարած քաղաքականության հետ կապված, երբ ունենում ենք անհամաձայնություն, այդ մասին խոսում ենք մենք, այդ մասին խոսում եմ ես, եւ խոսելու ենք, սակայն դա որեւէ կապ չունի այն գնահատականների հետ, որոնք ես հնչեցրեցի «Հայկական ժամանակում» իմ աշխատած տարիների հետ կապված :

 

Զրույցը Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031