Լրահոս
Օրվա լրահոսը

Հուրգադայում մնացած քաղաքացիներին կառավարությունն օգնեց, բայց տուրընկերությունը պետք է պատասխանատվություն կրի. Մեխակ Ապրեսյան

Հուլիս 30,2019 17:56

«Պետությունն այստեղ բարի կամք է դրսեւորել՝  իր քաղաքացիներին չթողնելով օտար երկրում, օդանավակայանում: Բայց սա չի նշանակում, որ տուրընկերությունը պետք է ասի՝ դե լավ է, պետությունն իր փոխարեն արեց»,-այսօր անդրադառնալով Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկմանը, ինչի հետեւանքով Հայաստանի մոտ 100 քաղաքացիներ մնացել էին Հուրգադայի օդանավակայանում, ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Նրա կարծիքով՝ այս դեպքը  պետք է  մանրամասն ուսումնասիրվի, որպեսզի տեսնեն՝ ովքեր են մեղավորները:

«Իհարկե առաջին հերթին իր արած-չարածի համար պատասխանատվություն պետք է կրի զբոսաշրջային օպերատորը, նրա պարտականությունն է՝ վաճառված փաթեթի պատշաճ իրականացումը»,-պարզաբանեց պարոն Ապրեսյանը: Ճամփորդելու պատրաստվող քաղաքացիներին նա կոչ արեց տուրփաթեթներ չգնել այն ընկերություններից, որոնք սպառողի հետ պայմանագրեր չեն կնքում:

Մեխակ Ապրեսյանի խոսքով, զբոսաշրջության  եւ  զբոսաշրջային գործունեության մասին օրենքը պահանջում է, որպեսզի զբոսաշրջային օպերատորը, տուրփաթեթ վաճառելիս, պայմանագիր կնքի, բայց այսօր ոչ բոլոր ընկերություններն են այդ պայմանագրերը կնքում. «Պայմանագրում պետք է հստակ նախատեսված լինի հանգստի մեկնելու սկիզբը, ավարտը, երթուղին, նախատեսված վայրը, այսինքն՝ որտեղ պետք է հանգիստը կազմակերպվի եւ այլն»։

Պայմանագրով նախատեսված այդ կետերը անհրաժեշտ են ոչ միայն  ֆորս մաժորային իրավիճակների համար, ինչպես բացատրեց պարոն Ապրեսյանը, այլ նաեւ այն դեպքերում, երբ սպառողն, օրինակ՝ մտափոխվել է եւ ցանկանում է փաթեթը վերադարձնել: Ըստ նրա, պայմանագրում պետք է  չեղարկման պայմաններն էլ ամրագրված լինեն:

Տուրիզմի ոլորտի մասնագետը նաեւ ասաց, որ, եթե, նույնիսկ այդ ամենը  պայմանագրով ամրագրված էլ չէ,  ապա նույն օրենքը նախատեսում է, ոչ բարենպաստ ելք տվյալ տուրընկերության համար, քանի որ դատական վեճի դեպքում հիմնվում են սպառողի բացատրությունների վրա: Ինչ վերաբերում է Հուրգադա-Երեւան չեղարկված չվերթին, ապա Մեխակ Ապրեսյանի կարծիքով, եթե նույնիսկ դատարանը վճռեց հօգուտ սպառողի, ապա, դա դեռ չի նշանակում, որ վնասները կփոխհատուցվեն. «Հնարավոր է, որ ընկերությունը հայտնվի սնանկ վիճակում եւ չկարողանա կատարել պարտավորությունները»։

Այդ պատճառով,  ըստ Մեխակ Ապրեսյանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկում է ունենալ զբոսաշրջության ոլորտը կարգավորող նոր օրենք, որի նախագիծն արդեն կա։ Ոլորտի մասնագետի համոզմամբ, պետք է զբոսաշրջային գործակալի գործունեությունը լիզենզավորել, որակական չափանիշներ սահմանել, նաեւ՝ ֆինանսական երաշխիքների մեխանիզմներ ներդնել` ինչպես, որ  դա կիրառվում է Եվրամիության երկրներում։  Ֆինանսական երաշխիքները նրա համար են, որպեսզի զբոսաշրջային ընկերության սնանկանալու դեպքում հնարավոր լինի ապահովել նրա՝ սպառողի նկատմամբ ունեցած պարտավորությունները: «Դա կլինի դեպոզիտ գումար, կլինի ապահովագրություն, կլինի բանկային երաշխիք»,-ասաց պարոն Ապրեսյանը:

Նա եւս մեկ վտանգավոր երեւույթի մասին խոսեց՝ նշելով, որ հարեւան երկրներում կան անբարեխիղճ գործունեություն իրականացնող ընկերություններ, որոնք, մուտք գործելով հայկական շուկա, դուրս են մղում մեր շուկայից բարեխիղճ ընկերություններին: Ինչի հետեւանքով ոչ միայն տնտեսական վնասներ ենք կրում, այլեւ՝ իմիջի կորուստ է լինում. «Նրանց նկատմամբ էլ պետք է չափանիշներ, գործունեության պայմաններ սահմանել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031