Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան հրաժարվեց խառնվել Ղրղզստանի գործերին, բայց ստացավ կարևոր նախադեպ

Հուլիս 30,2019 16:25

Ղրղզստանում ներքաղաքական լարված իրավիճակի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց բավական հետաքրքիր կարգավիճակում, որը կարող է հետագայում ավելացնել Մոսկվայի ազդեցությունը եվրասիական տարածքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների վրա։

Ի՞նչ է տեղի ունեցել

Ղրղզստանում 2017-ի աշնանն ընտրված նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի օրոք քրեական հետապնդումներ են սկսվել նախկին վարչակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ նախկին վարչապետների և նախկին գլխավոր դատախազի։ 2019 հունիսին էլ երկրի խորհրդարանը հավանություն է տվել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու նախագծին։ Գործող նախագահ Ժեենբեկովի նախկին թիմակից Աթամբաևը մեղադրվում է մի շարք աղմկոտ կոռուպցիոն գործերով, սակայն հրաժարվում է ներկայանալ իրավապահների պահանջով և հարցաքննվել։ Աթամբաևին մեղադրանքներ առաջադրելուց հետո նրա տան մոտ հերթապահում էին իր աջակիցները, որոնք բետոնե արգելապատնեշներով փակել էին նախկին նախագահի տուն տանող ճանապարհը և հայտարարում, որ թույլ չեն տա ձերբակալել նրան։ Ինքը՝ Աթամբաևը, իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և հայտարարում, որ մաքուր է օրենքի առջև։

Ստեղծված ներքաղաքական լարված առճակատման պայմաններում Ալմազբեկ Աթամբաևը հուլիսի 23-ին երկօրյա այցով մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մոսկվայի արձագանքը

Փաստացի, Ղրղզստանի նախկին նախագահը, իր երկրի տարածքում գտնվող ռուսական ավիաբազայից ռուսական ինքնաթիռով Մոսկվա գնալով, իր երկրի ներքին գործերին միջամտելու հստակ առաջարկ արեց ՌԴ-ին։

Ուշագրավ է, սակայն, որ Մոսկվայում Աթամբաևի այս քայլը, մեղմ ասած, առանձնապես չողջունվեց, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աթամբաևի հետ հանդիպումից հետո հանդես եկավ բավական սառը հայտարարությամբ։ Մասնավորապես, Պուտինը նշեց, որ Ղրղզստանն արդեն բավականաչափ ներքաղաքական ցնցումներ է ապրել, և այդ երկրի շահերից է բխում կայունության հաստատումը։ Պուտինի խոսքով, Ռուսաստանը մտադիր է շարունակել Ղրղզստանի հետ բոլոր ծրագրերը գործող իշխանությունների հետ համագործակցությամբ։ ՌԴ նախագահը նաև կոչ արեց ղրղզստանցիներին համախմբվել գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի շուրջ։

Այսպիսով, Ռուսաստանը, փաստացի, մերժեց Ղրղզստանի ներքին գործերին միջամտելու Աթամբաևի «հրավերը», սակայն, միևնույն ժամանակ, միայն Պուտին-Աթամբաևը հանդիպումն արդեն իսկ մեծ միջամտություն էր միջինասիական այդ երկրի ներքաղաքական գործերին։

Վերադառնալով Ղրղզստան՝ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ ոչինչ չի խնդրել Պուտինից, սակայն միաժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում հարցաքննվել ուժայինների կողմից։ Ղրղզստանի իշխանությունները, իրենց հերթին, դեռևս քայլեր չեն ձեռնարկում Աթամբաևին բերման ենթարկելու ուղղությամբ։ Այնուամենայնիվ, ինչպիսի զարգացումներ էլ տեղի ունենան հիմա Ղրղզստանում, ակնհայտ է, որ Աթամբաևի թիմը չի կարողանա որևէ արտաքին աջակցություն ստանալ Ռուսաստանից, որը, անկասկած, այդ տարածաշրջանում կարևորագույն ուժային կենտրոններից է։ Աթամբաևի թիմը չի կարողանա աջակցություն ստանալ նաև այլ կողմերից, մասնավորապես՝ տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող ԱՄՆ-ից ու Չինաստանից։ Ղրղզստանի գործող իշխանությունները՝ Ժեենբեկովի գլխավորությամբ, հաջողությամբ համագործակցում են թե՛ Վաշինգթոնի, թե՛ Պեկինի հետ, և այդ երկրներին իրոք անհրաժեշտ չէ որևէ անկայունություն Ղրղզստանում։

Հետևանքները

Այսպիսով, Մոսկվա այցելելու և այնտեղից որոշակի աջակցություն ստանալու Աթամբաևի փորձը կարելի է համարել լիովին ձախողված։ Ավելին, այս քայլով Աթամբաևը գցեց սեփական երկրի հեղինակությունը և աշխարհին ի ցույց դրեց Ռուսաստանի գերակայությունը Ղրղզստանում։

Բացի սա, տեղի ունեցածը կարևոր է նաև նախադեպի առումով։ Փաստացի, սա եզակի դեպք է, երբ եվրասիական ինտեգրացիոն ծրագրերի՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկրից դիմում են Ռուսաստանին ներքաղաքական հարցերի լուծման համար։ Իսկ սա հետագայում կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից՝ տարբեր երկրներում ներքաղաքական զարգացումներին մասնակցելու դեպքում։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031