Կառավարության շենքի առջեւ հանդիպման ժամանակ լրագրողների հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Տարոն Մարգարյանի ժամանակ աղբահանության վիճակն ավելի լավ էր, իսկ Հայկ Մարությանի օրոք խնդիրները ցայտուն են, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Ըստ էության Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ներդրումները կանգնեցին: Այս հարցի պատասխանը պետք է տա ե’ւ Հայկ Մարությանը ե’ւ «Սանիթեքի» ղեկավարությունը, թե ինչու են դադարել ներդրումները: Ինձ պարբերաբար հարցնում են՝ կարո՞ղ է Տարոն Մարգարյանը փայ է ունեցել, եւ ասում են, որ ինֆորմացիա կա, թե Տարոն Մարգարյանն ունեցել է բեռնատար մեքենաներ, որոնք իշխանափոխությունից հետո տարել է: Ես չգիտեմ՝ Տարոն Մարգարյանն այդ մեքենաները ծալել դրել է ուսապարկը եւ տարե՞լ է, սակայն կարծում եմ, որ եթե նման բան լիներ, քաղաքապետարանը դրա մասին կխոսեր: Խնդրի լուծումն այլեւս ոչ թե պետք է պատճառների մեջ փնտրել, ինչը հնարավոր է գտնել ինչքան ուզես, այլ խնդրի լուծում տալ: Մենք արձանագրում ենք՝ 10 ամիս անց մենք դեռեւս ունենք խոստում եւ չլուծված համակարգ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ