Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ռեկտորը շահագրգիռ, որ պրոռեկտորը գիտությունների  թեկնածու դառնա

Հուլիս 30,2019 15:42

Aravot.am-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանից (լուսանկարում) փորձեց հետաքրքրվել, թե ինչու է շահագրգիռ պրոռեկտոր Մարինե Ղազարյանի  թեկնածուական թեզ պաշտպանելու եւ տեխնիկական գիտությունների թեկնածու դառնալու հարցով, որն  առնչվում է իր ղեկավարած թիվ 030 «Շինարարություն» մասնագիտական խորհրդին:

Գագիկ Շաղաբեգիչն ասաց, որ որեւէ հարցի չի պատասխանի եւ խնդրեց հարցերն ուղղել մամուլի քարտուղարին: Երբ հարցրինք` ինչ կապ ունի մամուլի քարտուղարը կոնկրետ իր ենթակայի ատենախոսության եւ իր ղեկավարած խորհրդի հետ, ռեկտորը պատասխանեց. «Այնքան կապ, որքան դուք»:

Հարցերն ուղարկեցինք ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանին: Մեր հարցին` ինչո՞վ է պայմանավորված պարոն Գալստյանի շահագրգռությունը պրոռեկտոր Մարինե Ղազարյանին անպայման գիտական աստիճան շնորհելու մեջ, մանավանդ Գագիկ Գալստյանը թիվ 030 «Շինարարություն» մասնագիտական խորհրդի նախագահն է, իսկ պրոռեկտորը` իր ենթական, ստացանք հետեւյալ պատասխանը. «ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը մշտապես շահագրգռված է համալսարանի բոլոր դասախոսների, լաբորանտների, ինչպես նաև ադմինիստրատիվ աշխատակիցների գիտական ներուժի բացահայտմամբ և զարգացմամբ, ինչը համալսարանի ռազմավարական ուղղություններից մեկն է: Ինչպես ցանկացած բուհում, այնպես էլ ՃՇՀԱՀ-ում ամբողջ աշխատակազմը, այդ թվում՝ պրոռեկտորները աշխատում են ռեկտորի ենթակայության ներքո: Այո, ինչպես նախկին տարիներին, այնպես էլ վերջին 5 տարում ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը հանդիսանում է 030 «Շինարարություն» մասնագիտական խորհրդի նախագահ: Նախագահն ընտրվում է ընտրողների ձայների մեծամասնությամբ: Շինարարական թեմաներով ատենախոսությունները այժմ և միշտ սահմանված կարգով ներկայացվում են 030 «Շինարարություն» մասնագիտական խորհրդին»:

Հետաքրքրվել էինք, թե 2015-2019թթ. որքա՞ն աշխատավարձ ու պարգեւատրումներ են վճարվել բուհում, և դրանց ո՞ր մասն է բաժին հասել դասախոսներին: Բուհից ստացված պատասխանում  կոնկրետ թիվ չի նշվել եւ հարցին ըստ էության պատասխան չի տրվել: ՃՇՀԱՀ-ից ուղարկված պատասխանում ընդամենն ասվում է. «2018-2019 ուսումնական տարում գիտխորհրդի որոշմամբ մոտ 9 %-ով բարձրացվել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը: 2019-2020 ուսումնական տարվա համար ևս հաստատվել է աշխատավարձերի բարձրացում մոտ 9 %-ով:  Աշխատավարձերի զգալի բարձրացում է հաստատվել նաև համալսարանի ամբիոնի վարիչների համար՝ 2019-2020 ուսումնական տարում:  Աշխատավարձերի բարձրացումը համալսարանի քաղաքականության առանցքային հարցերից է, որը մշտապես գտնվում է գիտխորհրդի և համալասարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում»:

Aravot.am-ի մյուս հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ Մարինե Ղազարյանը գործուղումների է մեկնել բիզնես կարգով, ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղարի ուղարկած պատասխանում նշվում է, որ համալսարանի միջոցներով որևէ գործուղման որեւէ աշխատակից բիզնես կարգով երբևէ չի մեկնել և չի վճարվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031