«Սանիթեքի» եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ լարվածության պատճառով աղբահանության կազմակերպման շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակի մասին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կառավարության շենքի առջեւ լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց. «Այս ամենն սկսվեց 2018 թվականին՝ ավագանու ընտրություններից, երբ եղավ խոստում, որ պետք է այս խնդիրը կարգավորվի: Հիշեցնեմ, որ ուղիղ մեկ տարի առաջ մենք «Սանիտեքի» առջեւ ցույց էինք անում՝ պահանջելով պատշաճ աղբահանություն իրականացնել: Եվ դա անում էինք այն պայմաններում, երբ Երեւանը չուներ ընտրված քաղաքապետ: Կար ժամանակավոր պաշտոնակատար: Եվ այդ անիշխանության վիճակում մենք դիմում էինք անմիջապես կապալառուին: Հիմա մենք մեկ տարի անց կրկին խնդիր ունենք այն բանից հետո, երբ քարոզարշավի ընթացքում պարոն Հայկ Մարությանը որպես թեկնածու հայտարարում էր, որ լուծելու է այս խնդիրները, եւ Նիկոլ Փաշինյանը վարչապետ հանդիսանալով՝ նաեւ երաշխավորում էր այդ խնդիրների լուծումը: Մեկ տարի անց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը քաշվել է մի կողմ այդ խնդրի հարցում եւ ըստ էության նույնիսկ քաղաքական պատասխանատվությունը, որը նա պետք է կրի, քայլեր ձեռնարկի՝ չի իրականացնում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ