Լրահոս
Օրվա լրահոսը

«Անազատության մեջ դելֆինները փակ աչքերով են լողում, հայտնվում են հոգեբուժարանի պես մի տարածքում».դեմ են Գյումրիում դելֆինարիա բացելուն

Հուլիս 30,2019 15:27

Գյումրիում դելֆինարիա հիմնելու գործարարի ծրագիրը դժգոհություններ է առաջացրել  կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների մոտ:

Վերջերս գործարար Գագիկ Պետրոսյանը, որն իր հայրենի քաղաքում դելֆինարիա է կառուցում,   Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների մասնակցությամբ տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին բարձրաձայնեց պետական աջակցության անհրաժեշտության մասին:

Այսօր «Նոյան տապան» ակումբում թռչնասերների նախագահ,  «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանն ասաց՝ Հայաստանն իր բարձադիր գոտիով չի համապատասխանում դելֆինների ապրելակերպին, նրանց անհրաժեշտ է ծովի կամ օվկիանոսի ջուր: Ադամյանն ասաց, որ  նամակով դիմել են շրջակա միջավայրի նախարարություն, եւ բնապահպանական տեսչական մարմնին, հասկանալու իրավիճակը: Առայժմ պատասխան չեն ստացել: Ադամյանի համար տարօրինակ է, որ գործարարը նման ծրագիր է իրականացնում, իսկ ասենք՝  էկոնոմիկայի կամ շրջակա միջավայրի նախարարությունները համապատասխան արձագանք կամ տեղեկություն չեն տվել տվյալ անձին, որ նման բանն անընդունելի է, քանի որ կենդանիների առողջության եւ բարեկեցության պահպանման խնդիր կա. «Այդ գործարարը ո՞նց է հասել Գյումրի ու արդեն կառուցում է դելֆինարիան, ասում է՝ 4 շաբաթից  կենդանիներին ներմուծելու է: Ինչպե՞ս կարելի է իրավական պետությունում նման բան թույլ տալ»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն էլ նշեց՝ Գյումրիում դելֆինարիա կառուցելը չի կարող համապատասխանել «Կենդանական աշխարհի մասին» օրենքին: «Այն, որ մեզանում ընդունված է, որ դելֆինները կարող են բուժահոգեբանական գործընթացներին մասնակցել, հատկապես երեխաների եւ հատուկ կարիքներով երեխաների համար, դա ոչ միայն առասպել է, որը միտումնավոր է տարածվում, դա հանցավոր մոտեցում է, անհասկանալի գործարարություն սկսելն է, որպեսզի մեզ նման կաթնասուն կենդանիների կղանքի մեջ լինեն մեր երեխաները: Այսինքն, անվտանգության խնդիրներն ուղղակի զվարճանքով թաքցնելն ու ձեռներեցությամբ, իբր ներդրումներով քողարկելը՝ սպառնալիք է հասարակությանը»,-ասաց Արամյանը:  Նա նաեւ հավելեց՝ օրենսդրական բացեր կան, եւ հարկավոր է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել:

«Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանն էլ նկատեց՝ բացի իրավականից, կա մեկ այլ խնդիր՝ կենդանիների բարեկեցությունը , սա կենդանիների եւ մարդու առողջության անվտանգության բաղադրիչներից մեկն է, կենդանիների բարեկեցությունն ու առողջությունը փոխկապակցված են եւ չկա առողջություն առանց բարեկեցության.«Դելֆինները կաթնասուններ են, նրանք բնության մեջ ամեն օր լողում են գերթե 160 կիլոմետր, բնության մեջ ապրում են 60-100 տարի, այնինչ անազատության մեջ նրանց ապրելու տեւողությունը չի գերազանցում 5 տարին:  Սա արդեն ազդակ պետք է լիներ չակերտավոր ձեռներեցներին, չեմ ուզում վիրավորել, կոչ եմ անում բազմակողմանի ծանոթանան խնդիրներին»:

Գրիգորյանի խոսքերով՝ դելֆինները, երբ լողում են ջրի մեջ, նրանց արտաթորանքը, ջուրը  մաքրելու ախտահանելու համար քլոր են օգտագործում. «Ինչը ռեակցիա է առաջացնում եւ թթուներ են առաջնում, որը վտանգավոր է նրանց համար: Անազատության մեջ դելֆինները փակ աչքերով են լողում, որովհետեւ, երբ բացում են՝ աչքերը ցավում են, կուրություն է սկսվում»:

Գրիգորյանը նաեւ վստահեցրեց՝ դելֆիններն, ինչպես հայտնի է, իրենց լեզուն ունեն՝ էխոլոկացիայի միջոցով են շփվում, իսկ երբ նրանց պահում են անազատության մեջ՝ հայտնվում են հոգեբուժարանի պես մի տարածքում, որտեղ չկա էխոլոկացիա, ոչ մեկին չեն լսում, տարօրինակ ձայներ են լսում  եւ չեն կարողանում  ինֆորմացիա լսել եւ փոխանցել. «Ես աշխատել եմ  Բահամյան կղզիներում, որը հայտնի է իր դելֆինարիաներով, դրանք օվկիանոսի մեջ են, ես, որպես կենդանիների առողջության միջազգային փորձագետ, աշխատում էի Ավստրալիայի  փորձագետի հետ, եւ մի դեպք էր բացահայտվել, բակտերիա էր բացահայտվել, որը  մարդուն է փոխանցվում: Չեք պատկերացնի, թե ինչ մակարդակի վրա է դրված այնտեղ այդ ծառայությունը»:

Գրիգորյանը նշեց՝ մենք չունենք կենդանիների բարեկեցության  մասին օրենք, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում. «Քաղաքի կենտրոնում կենդանիներ են վաճառում՝ առանց անվտանգությունն ապահովելու: Կենտրոնում մեծ օձը երեխաների վզին են դնում ու նկարվում, եթե այդ օձը սեղմվի երեխայի վրա, ոչ ոք չի կարող նրան փրկել: Կենտրոնի թաղապետը գնում է մեր ազգանվեր Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի սեղաներն է ասում՝ հավաքեք, փոխանակ Հյուսիսային պողոտայի մեծ օձերի ցուցադրության խնդիրը լուծի»:

Մասնագետներն ասացին, որ չկա մի պետական մարմին, որը կզբաղվի նման խնդիրներով: Նարե Արամյանի համոզմամբ էլ՝ պետք է լինի միջգերատեսչական մարմին, որպեսզի դրանում ներառված բոլոր պետական կառույցները պատասխանատվությունը կիսեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031