Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ասլանյանը` ռեկտորի պաշտոնակատարին. «Իր մոտ ե՛ւ մանիպուլյացիան, ե՛ւ սուտ խոսելը լավ են ստացվում»

Հուլիս 30,2019 14:48

Ո՞վ և ինչպե՞ս է բարեփոխումների անվան տակ ղեկավարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այս թեմայով հուլիսի 30-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսեցին  պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներ Գագիկ Ասլանյանն ու Արմեն Ղարախանյանը:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2018թ. դեկտեմբերին տնտեսագիտական համալսարանում  ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Ռուբեն Հայրապետյանը: Մենք բնականոն հունով աշխատում էինք, կային օրենքի որոշ խախտումներ, սակայն այդ ամենը գագաթնակետին հասավ, երբ մեր համալսարանում մշակվեց գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կարգ, որը ոչ մի կապ չունի այսօրվա գործող օրենքի հետ: Այդ կարգի հիման վրա, դարձյալ ապօրինի, մրցույթ է հայտարարվել»,- նշեց Արմեն Ղարախանյանը:

«Մենք ուզում ենք հավատալ, որ մեր բազմաթիվ ահազանգերը, հրապարակումները, հանրայնացումը չեն հասել պատկան մարմիններին, լիազոր մարմինը տեղյակ չէ, դրա համար այս ապօրինությունները շարունակվում են, ուզում ենք հավատալ, որ մերօրյա Հայաստանում ապօրինությունները տեղ չունեն, ոչ մի անձ իրեն չի կարող վեր դասել օրենքից եւ իր գործունեությունը կառուցել անօրինակության վրա»,-հավելեց նա:

Դասախոսի խոսքերով, աղմուկ հանած կարգի նախագիծը մինչ ընդունումը բաժանվել է ամբիոններին 1-2 օր առաջ, ապա եղել է քվեարկություն, ընդ որում գիտական խորհրդի ժամանակ կարգը չի ընդունվել: Սակայն իրենք մեկ ամիս այց կայքից են տեղեկացել, որ կարգն ընդունվել է:

«Կարգի վերաբերյալ բացասական կարծիք են հայտնել մեր բուհի առանցքային մի շարք ամբիոններ, ինչպես իրավագիտության, տնտեսագիտության տեսության, կառավարման ամբիոնները»,- փաստում է Ղարախանյանը: Նրա խոսքերով, կրթական գործընթացի բովանդակությունը խախտվել է: Անդրադարձ եղավ պատկան մարմիններին, վարչապետին, ՄԻՊ-ին, ինչպես նաեւ դատարան դիմելուն:

Արմեն Ղարախանյանը տարակուսանք հայտնեց. «Մեզ համար զավեշտալին եւ զարմանալին այն է, որ իրեն (նկատի ունի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին-Գ.Հ.) դասավանդած դասախոսների մի մասը հայցադիմում ներկայացնողներն են, մի մասն էլ դուրս են մնացել: Երեւի իրեն դասավանդած դասախոսներից բուհում մարդ չի մնացել»:

Գագիկ Ասլանյանն անդրադարձավ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությանը: Ասաց, որ այնտեղ փորձագետմերի կողմից վեր են հանվել փաստեր` գրագողության, կեղծիքների վերաբերյալ: Ասլանյանը հայտնեց, որ իր վրա չէր վերցնի այս առաքելությանը, եթե Ռուբեն Հայրապետյանը վարչապետին բաց նամակ հղած հարգարժան  դասախոսների հասցեին վիրավորական արտահայտություններ արած չլիներ:

«Ցանկանում եմ, որ հանրությունը, մեր համալսարանի ուսանողները եւ դասախոսներն իմանան, թե ով է իրականում ստախոսն ու անգրագետը, ով է ղեկավարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը»,-ասաց Ասլանյանը:

Նա անդրադարձավ Ռուբեն Հայրապետյանի` Aravot.am-ին տված մեկնաբանությանը . «Հայրապետյանը հայտարարել է արտագրության մասին խոսելը: Ես կավելացնեի, որ ծիծաղելի է միայն արտագրության մասին խոսելը, քանի որ  այստեղ կան գրագողության եւ զեղծարարության, կեղծիքների բազմաթիվ փաստեր: Ի դեպ, պետք է ասեմ, որ իր մոտ ե՛ւ մանիպուլյացիան, ե՛ւ սուտ խոսելը լավ է ստացվում: Նա ասում է, որ 400 էջանոց աշխատությունում կարող են գտնվել տեխնիկական խնդիրներ, բայց գրագողության մասին խոսելը չի համապատասխանում իրականությանը: Իրականում աշխատանքը ներածությամբ հանդերձ շարադրված է 300 էջի վրա, որից շուրջ 60 էջ թարգմանված արտագրություններ են: Մի մասը ուղիղ թարգմանություններ, մյուս մասը խմբագրված»:

Գագիկ Ասլանյանը բազմաթիվ այլ օրինակներ բերեց, որոնք, իր փաստմամբ, խոցելի են դարձնում ատենախոսության որակը եւ ժխտում գիտական նորույթը:

«Մենք այնուամենայնիվ, ուզում ենք հավատալ, որ արդարությունը հաղթելու է, այս կանոնակարգը չեղարկվելու է, մեզանից յուրաքանչյուրը գնալու եւ զբաղվելու է իր սիրած աշխատանքով»,- ասուլիսի վերջում հույս հայտնեց Արմեն Ղարախանյանը:

Բուհն ունի շուրջ 380 դասախոս, իրենց շահերը պաշտպանելու համար հայցադիմում են ներկայացրել 24 հոգի, Ղարախանյանի խոսքով, եւս 7-8-ը պատրաստվում են դիմել դատարան: Նրա կարծիքով, այս թիվը կարող է աճել ու դառնալ մինչեւ 200-300, երբ տեղեկանան, որ ապօրինությունների արդյունքում զրկվում են աշխատանքից: Գագիկ Ասլանյանը նշեց, որ բոլոր փաստերը առկա են ԲՈԿ-ում եւ իրենք ակնկալում են, որ երկակի չափանիշներ չեն լինի եւ կլինի համապատասխան արձագանք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ռեկտորի պաշտոնակատարը չունի անհրաժեշտ լրջության մակարդակ: Նա համոզված է, որ պարտադիր չէ աշխատանքում լինել օբյեկտիվ: Դասախոսները ճիշտ են բողոքում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031