«Սանիթեք» ընկերությունը հուլիսի 31-ին լրատվամիջոցներին մեկ օրով իր հաշվին հրավիրել է Թբիլիսի, որտեղ մտադիր է ասուլիս կազմակերպել եւ, ըստ իր տարածած հայտարարության, խոսելու է Երեւանում աղբահանության խայտառակ վիճակի պատճառների մասին, պատասխանելու է լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Պայմանավորված այս հանգամանքով` այսօր Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ԶԼՄ-ներին շտապ կարգով հրավիրել էր կառավարության շենքի մոտ անհետաձգելի հայտարարություն անելու:
«Այս հայտարարության առիթ է հանդիսացել մեկ այլ հայտարարություն, որը, մենք կարծում ենք՝ վտանգներով լի է: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր հասարակությունը երկար ժամանակ սպասում էր այս խնդրի լուծմանը եւ ոչ մեկնաբանություններին: «Սանիթեքի» այս քայլը կարող է վնաս լինել մեր քաղաքին եւ մեր պետությանը: Այն կարող է հեղինակազրկել մեր պետական ինստիտուտները, որովհետեւ խոսքը մի կազմակերպության մասին է, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող, եւ այդ ներդրողի կողմից հարեւան պետության մայրաքաղաքում՝ Թբիլիսիում, ասուլիս կամ քննարկում իրականացնելը մեր կարծիքով ուղղակիորեն ազդելու է Երեւանի հեղինակության վրա: Ես պետք է կոչ անեմ «Սանիթեքի» համասեփականատերերին, ղեկավարությանը՝ զերծ մնալ այդ քայլից: Ես կոչ եմ անում նրանց` վերադառնալ Երեւան եւ այստեղ պատասխանել թե երեւանցիների, թե լրագրողների հարցերին: Այն խնդիրը, որը լոկալ բնույթի է, չի կարող այսպիսի բարդ քաղաքական իրադրության մեջ քննարկման առարկա դառնալ հարեւան երկրում: Էլ չեմ ասում, որ դա բավականին լավ առիթ է մեր ոչ բարեկամ պետությունների համար՝ մատնանշելու, թե մենք չենք կարողանում մեր խնդիրները մեզ մոտ կարգավորել: «Սանիթեքը» առ այս պահը որեւէ բացատրություն չի տվել: Ես կարող եմ միայն ասել, որ այսքան ժամանակ «Սանիտեքը» իր խնդիրները Երեւանում բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել: Ավելին, մենք՝ Երեւանի ավագանու տարբեր խմբակցությունների անդամներս, բազմիցս խոսել ենք «Սանիտեքին» վերաբերող խնդիրների մասին այն տեսանկյունից, որ քաղաքապետարանը եւս քայլեր ունի իրականացնելու՝ «Սանիթեքում» առաջացած խնդիրները լուծելու համար: Սա նշանակում է, որ «Սանիթեքի» համար սպառված չէ մեր պետությունում, մեր քաղաքում այդ խնդիրները վեր հանելու հնարավորությունը», – ասաց Դավիթ Խաժակյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ