Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիծ ենք քաշում այն ամենի վրա, ինչ եղել է». Պարիս Հերունու տեսակետը մերժողներն արձանագրություն են ստորագրել (տեսանյութ)

Հուլիս 30,2019 13:15

«Բնօրրան» պատմամշակութային հ/կ-ն նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ  Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսեւորում, առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։

«Քանի որ խնդիրը քննարկվել եւ քննարկվում է սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում`  ավելի շատ միմյանց մեղադրելու համատեքստում, ինքս էլ մտածում էի ձեւ գտնել, որպեսզի մարդկանց հետ, որոնք չեն կիսում իմ կարծիքը, կամ ես չեմ կիսում իրենց կարծիքը, հանդիպենք: Ի զարմանս ինձ, «Բնօրրան» հ/կ-ի ներկայացուցիչ Հռիփսիմե Հարությունյանը եկավ ինձ մոտ եւ որոշեցինք նման նախաձեռնությամբ հանդես գալ` տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ հավաքվեն մի սեղանի շուրջ եւ հանրային հնչեղություն ունեցող հարցը քննարկեն, գտնեն այն բոլոր եզրերը, որտեղ կարող ենք համատեղ աշխատել: Չզբաղվենք լեզվակռվով, այլ մշակենք ծրագիր, հաշվի առնելով բոլոր առաջ քաշված տեսակետները` սկսած ակադեմիկոս Հերունուց մինչեւ վերջին դիտարկումները»,- հուլիսի 30-ին «Տեսակետ» մամուլի ակումբի ասաց Պավել Ավետիսյանը:

«Բնօրրան» հ/կ-ի ներկայացուցիչ Աշոտ Ասլանյանը նշեց, որ համատեղ ծրագիր ունենալը չի ենթադրում, որ այն պարտադիր միակը պետք է լինի, եւ ինչ-որ վարկածներ պետք է բացառվեն:

Աշոտ Փիլիփոսյանն ասաց, որ բոլորի ցանկությունն է , որ հուշարձանը բազմակողմանիորեն ուսումնասիրվի: «Մենք գիծ ենք քաշում այն ամենի վրա, ինչ, որ եղել է` լավ, թե վատ, ճիշտ, թե սխալ: Չափն անցնող արտահայտություններ  են եղել, բայց այժմ փորձելու ենք աշխատել միասին: Հուշարձանն իսկապես շատ հետաքրքիր է, եզակի՝  Անդրկովկասում եւ լուրջ ուսումնասիրության կարիք ունի»,-ասաց գիտնականը: Նաեւ հավելեց, որ գուցե ապագայում հուշարձանի մոտ կառուցվի թանգարան, որը կամփոփի հնավայրի վերաբերյալ ամեն ինչ: Նաեւ հույս հայտնեց, որ կաշխատեն թափանցիկ, առանց միմյանց ինչ-որ բաներ վերագրելու:

Ակադեմիկոս Պարիս Հերունու զարմուհին` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ծնվել Հերունու ընտանիքում եւ լինել նրա աշակերտը, մասնակցել Հերունու` Քարահունջում իրականացված 8 գիտարշավներից մեկին, հետազոտություններին: «Տեսակետները հետեւյալն են` Քարահունջը, այն 200-ից ավելի քարերը, որ այնտեղ կան, որոնց վրա անցքեր կան, իրենցից ներկայացնում են հնագույն աստղադիտարան, որն ուսումնասիրվել է, հետազոտվել Հերունու կողմից: Մինչ այդ այդ նույն կարծիքը հայտնել են մի շարք մասնագետներ, օրինակ Խնկիկյանը, Պարսամյանը, բայց հետազոտությունները կատարվել են Հերունու կողմից, արժանացել միջազգային կշիռ ունեցող մասնագետների ուշադրությանը»,-հայտնեց տիկին Սարգսյանը:

Նա համամիտ չէ այն տեսակետին, որ Քարահուջը բնակավայր է, դամբարանադաշտ: Արեւիկ Սարգսյանը նշեց, որ պեղումներն այս պահից սկսած դադարեցվում են, մինչեւ չլինի բազմակողմանի, բազմատեսակ մասնագետների, այդ թվում` հնաստղագետների ներգրավմամբ կոնֆերանս, համատեղ ուսումնասիրություններ, որոնք կհանգեցնեն կարեւոր հնարավայրի հետազոտման նոր ռազմավարական ծրագրին:

«Բնօրրանի» ներկայացուցիչները ցանկություն ունեն հրավիրել նաեւ համապատասխան արտոնագրով միջազգային փորձագետների, որպեսզի գործընթացն անաչառ եւ թափանցիկ լինի, եւ սուբյեկտիվությունը բացառվի:

Պավել Ավետիսյանը հերքեց, որ պեղումների ժամանակ հուշարձանը վնասվել է, ասաց, որ նման դեպքերում լինում է փորձագիտական եզրակացություն, որեւէ մեկի կարծիքը պաշտոնական տեսակետ եւ չափանիշ չի կարող հարմարվել: Նա ամեն դեպքում կարեւորեց հանրային հնագիտության դերակատարությունը, հատկապես եթե հուշարձանի վերաբերյալ քննարկումները հանրային հնչեղություն են ստացել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Քանի որ խոսք է գնում Քարահունջը որպես աստղադիտարան դիտարկելու մասին,առաջարկում եմ ուսումնասիրել նաև Քարահունջից հյուսիս-արևելք գտնվող Ուղտասարը,որը հայտնի է քարերի վրա կատարված փորագրություններով՝հինգ հազար տարվա վաղեմությամբ:Հնարավոր եմ համարում,որ այդ պատկերները ներկայացնում են երկնակամարում երևացող համաստեղություններ….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031