Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյան. «Եթե Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու համար «պեղված» հանցանքը սա է, ապա արդեն աներկբա է, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում»

Հուլիս 30,2019 12:55

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հետեւյալ գրառումն է կատարել իր ՖԲ էջում.

ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես որոշեց հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով պարզաբանումներով ու բացահայտել «հանցանքների» այն շարքը, որ իբր կատարել է դատավորը: Հրաշալի է, որ վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել տնդամենը մեկ տարվա ընթացքում ինքնամաքրված, ամբողջովին փոխված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն. «…դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ»:

Հիմա մի փոքր պարզ՝ պարզվում է, որ հոկտեմբերի 11-ին դատավոր Գրիգորյանի վարույթում գտնվող երկու բողոքներով դատական նիստերը չեն կայացել, հետաձգվել են ու դատավորի կողմից կազմվել են արձանագրություններ, որ դատական նիստերը հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով…

Այս պահին դեռ չենք ցանկանում անդրադառնալ այն հանգամանքին, որ կազմված արձանագրություններն արտացոլում են իրականությունը, որ այո, անկախ այն հանգամանքից, որ հետագայում կազմված այդ երկու արձանագրություններում մեխանիկորեն ժամերը համընկել են, սակայն դրանք արտացոլում են իրականությունը, ինչքան երկար վարույթն իրականացնող մարմինն այս առումով մոլորության մեջ գտնվի (հատկապես դատավորի գտնվելու վայրի մասով), այնքան լավ:

Այս պահին անգամ հանգամանալի անդրադարձի կարիք չի զգում տեքստում առկա «դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» մտացածին արտահայտությունը: Ի՞նչ անձնական դրդում, ի՞նչ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետ, ի՞նչ սկսված ցույց տալ: Ախր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի համաձայն «Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին», հասկացա՞ք քննում է, ոչ թե սկսած է ցույց տալիս քննելը: Այո, օրենքի այս կարգավորումը երբեք չի գործել, որևէ դատավոր Հայաստանում երբեք հնարավորություն չի ունեցել պահպանել այս ժամկետը, ու ես չեմ հիշում, թե երբևէ այս առումով որևէ հարց բարձրացված լինի, կամ որևէ դատավոր որևէ խնդիր ունեցած լինի, ուստի սա է պատճառը, որ «բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» արտահայտությունը մտացածին է, ու սա ընդամենը փորձ է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի դիսպոզիցիային փորձել որևէ կերպ նմանեցնել Դ.Գրիգորյանի ապագա մեղադրանքը:

Սակայն հարցին անդրադառնանք այլ տեսակետից, մի պահ ընդունենք, որ տարածված տեքստում ներկայացվածն ամբողջությամբ արտացոլում է իրականությունը: Մի՞թե սա կարող է համարվել հանցագործություն, կամ անգամ կարգապահական խախտում: ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն կարող է համարվել միայն ՀԱՆՐՈՐԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ այն արարքը, որը ներկայացնում է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ու ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը ԷԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ:

Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ դատարանի վարույթում գտնված այս երկու բողոքներն էլ քննվել են օրինական կարգով, արդյունքում կայացվել են օրինական որոշումներ, որոնք վերադաս երկու դատական ատյանների որոշումներով թողնվել են օրինական ուժի մեջ: Իսկ տեղի չունեցած ու հետաձգված երկու դատական նիստերի մասին կազմվել են արձանագրություններ առ այն, որ դրանք տեղի չեն ունեցել ու հետաձգվել են: Նման պայմաններում, թող որևէ մեկը ցույց տա դատախազության հաղորդագրության մեջ նկարագրված արարքների (եթե անգամ դրանք կատարված լինեին) հասարակական վտանգավորությունը, հանրային վտանգավորությունը կամ հետևանքը՝ որևէ մեկին պատճառված որևէ էական վնասի տեսքով:

Ի վերջո, արդարադատության համակարգի հետ առնչություն ունեցող բոլոր մասնակիցներս կարող ենք ձեռքներս դնել սրտներիս ու ասել, որ տեղյակ ենք, որ թե նիստ հետաձգելու մասին նմանատիպ արձանագրությունները, թե հետին թվով կողմերին առաքվող, երբեմն նաև չառաքվող ծանուցագրերը մեր դատական համակարգում միշտ եղել են ու առկա ծանրաբեռնվածության պայմաններում լինելու են: Ու ես նորից պնդում եմ, որ սա, բնականաբար, ոչ հանցագործություն է, ոչ էլ անգամ կարգապահական պատասխանատվության հիմք: Այս առումով հրավիրում եմ հատկապես դատավորների ուշադրությունը, նաև ԲԴԽ անդամ դատավորների: Քանի որ ընկերներ, եթե սա գնահատվում է որպես հանցանք… դե արդեն հասկացաք ինչ նկատի ունեմ:

Ինչևէ, առկա վիճակում կարող ենք արդեն հստակ փաստել, որ եթե Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու համար «պեղված» հանցանքը սա է, ապա արդեն աներկբա է, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում, որն ունի երկու նպատակ՝ պատժել դատավորին ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար՝ միաժամանակ սաստելով մոյւս դատավորներին, ինչպես նաև կասեցնել Դ.Գրիգորյանի լիազորությունները, թույլ տալով գործերը մակագրող «համակարգչին» Ռաբորտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը հանձնել մեկ այլ, ավելի «շրջահայաց» դատավորի:
Նման պայմաններում արդեն հպարտորեն կարող եմ նշել, որ #ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը:

https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/2471094896282071

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031