Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլը կորցնում է ինքնատիրապետումը

Հուլիս 30,2019 22:00

Մոսկվայի քաղաքային ժողովի՝ դումայի առաջիկա ընտրություններին ընդառաջ ռուսական ընդդիմության բոլոր՝ 57 թեկնածուներին իշխանությունները պարզապես թույլ չտվեցին մասնակցել, պատճառաբանելով, որ իբր հավաքած ստորագրությունները կեղծված են։ Հասկանալի է, որ կատարվել է ամենավերեւից իջեցրած քաղաքական հրահանգ, կատարվել է ամենակացնային եւ ցինիկ ձեւով, ինչը բնակաբար չէր կարող չառաջացնել քաղաքացիների ցասումը, հատկապես երիտասարդների։

Հուլիսի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «չարտոնված» բողոքի ցույց, որին մասնակցեց մինչեւ 10 հազար մարդ, ինչն աննախադեպ է վերջին տարիների ընթացքում։ Դա նույնպես հասկացան վերեւում, ամենավերեւում, եւ իջեցրեցին հաջորդ հրահանգը՝ անիմաստ եւ անողոք. 1373 մարդ ձերբակալվեց եւ բերման ենթարկվեց քաղաքի տարբեր ոստիկանական բաժիններ, նրանցից 42-ն՝ անչափահաս, ձերբակալություններն ուղեկցվում էին խաղաղ ցուցարարների զանգվածային եւ ոչնչով չհիմնավորված ծեծուջարդով, որի արդյունքում 77 անձ, այդ թվում՝ լրագրողներ եւ օպերատորներ ստացել են մարմնական վնասվածքներ՝ ձեռքի, ոտքի, քթի կոտրվածքներ։ Ռուսական ինտերնետի տիրույթը հեղեղված է արյունաշաղախ ցուցարարների պատկերող լուսանկարներով եւ տեսանյութերով։ Ռուս քաղաքագետներից մեկի դիպուկ բնորոշմամբ, Ռուսաստանի իշխանությունը որոշել է Մոսկվայի ընտրություններին մասնակցել «կալանավորի՛ր կամ կպարտվե՛ս» նշանաբանով։

Ուկրաինայի կրիմինալ բռնապետ Յանուկովիչը «հանգիստ» թալանում էր երկիրը, ինչ-ինչ խաղեր ձեռնարկելով արտաքին քաղաքական տարբեր դերակատարների հետ, մինչեւ չարեց նույն բանը, նույն հիմարությունը՝ անիմաստ դաժան ծեծի ենթարկեց իրենց ապագայով մտահոգված, խաղաղ ցույցի դուրս եկած երիտասարդներին։ Իհարկե, կազակական ազատության ոգով դարերով ապրող հանրույթը չէր հանդուրժելու նման լկտիությունը, ի տարբերություն մոնղոլական հորդայի եւ «հայրենի» ճորտատիրության դարավոր լուծ տեսած հանրույթի, որի հանրային-վարքաբանական «կարծրատիպը» եւ պատասխան գործողությունները միանգամայն այլ են։ Սակայն ոչինչ էլ կանխորոշված չէ, երբ կարծես ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ դուրս գան համբերությունից։ Եվ զարմանալին այն է, որ Յանուկովիչի, ինչպես նաեւ մի շարք հետխորհրդային եւ արաբ բռնապետերի օրինակի ականատեսը, շահերի եւ հոգեբանական առումով դրանից «տուժածը» լինելով, Ռուսաստանի «ամենավերեւն» այդպես էլ տարրական ընդունակություն չդրսեւորեց պարզունակ պատճառա-հետեւանքային կապը տեսնելու եւ իր իսկ իշխանության շահին ուղղակի հակասող քայլից ձեռնպահ մնալու գործում, եւ ցարական ժամանակներից սերած «դերժիմոռդայի» ռեֆլեքսն ավելի զորեղ գտնվեց, քան բանականությունը։

Արդյունքում ակնհայտ է, որ Ռուսաստանի «տիրակալը» լուրջ «հայտ» է ներկայացրել առ այն, որպեսզի երկրում պետական համակարգի պարուրակը, այն է՝ «ռեզբան» վերջնականապես ջարդի եւ ստանա արդյունքում մի նոր ռուսական խռովք։ Ամերիկացի վերլուծաբան Թոմաս Ֆրիդմանը մի-քանի տարի առաջ գրում էր, որ «այդ տղան բութ է եւ չարամիտ, իսկ դա շատ վատ կոմբինացիա է», իսկ այս անիմաստ դաժանությամբ «այդ տղան» մի մեծ քայլ արեց, որպեսզի դրանում այլեւս ոչ ոք կասկած չունենա։

Հայտնի չէ, թե ինչ արագությամբ կզարգանան դեպքերը, սակայն հասկանալի է, որ այդ «մածուկը պարկուճի մեջ այլեւս հետ չես սեղմի», եւ խնդիրը միայն «այդ տղան» չէ։ Այն, որ նրա ստեղծած այդ մուտանտ համակարգն այլեւս անընդունակ է ադեկվատ որոշումներ ընդունել՝ ցույց է տալիս, թե ի՞նչ է անում ռուսական իշխանությունը Սիբիրում, որտեղ Հայաստանի տարածքից մեծ տարածքով անտառ է այրվում, դրան էլ գումարվել են սիբիրյան գետերի հեղեղումները. գրեթե ոչինչ էլ չի անում, թողել է ինքնահոսի։ Եվ բնական է այն վախը, որով առաջնորդվում է իշխանությունը, ընտրարշավից հանելով բոլոր ընդդիմադիրներին առանց բացառության, որոնց շարքում են Ռուսաստանում եւ երկրից դուրս հայտնի մի շարք գործիչներ։ Ընդ որում, կրկնենք, ընտրությունները համապետական չեն, այլ Մոսկվայի քաղաքային դումայի, այսինքն, անմիջականորեն բարձրագույն իշխանությանը չեն սպառնում։ Սակայն, դա մեր տրամաբանությամբ է, բայց ոչ «այդ տղայի», ում գործողություններն ուղղակի տանում են դեպքերը դեպի քաղաքական եւ համակարգային ճգնաժամի թեժացում։

Իրավիճակը բարդանում է մի շարք էլ ավելի վտանգավոր հանգամանքներով։ Աշխարհում տեղի են ունենում տեղեկատվական, հեռահաղորդակցային, էներգետիկ եւ չորրորդ արդյունաբերական հեղափոխություններ, որոնց «շարժիչն» ԱՄՆ-ն է, իսկ այդ բոլորը ոչ միայն անցնում են Ռուսաստանի կողքով, այլեւ հայտարարվում են Ռուսաստանի «պետական անվտանգության սպառնալիք» եւ ռուսական չեկիստները «պայքարում են» այդ ամենի դեմ։ Նախ, ամերիկացիներն են սկսել նավթը մեծ քանակությամբ առաքել Եվրոպա, այդ թվում՝ Ուկրաինա, դուրս մղելով այդ շուկայից ռուսական եւ ադրբեջանական նավթը, բացի դրանից, Եվրոպայում բնական գազի գինն է կրկնակի նվազել, եւ «սուրբ» Գազպրոմի հաշվապահության «անցքերն» աննախադեպ են վերջին տասնամյակի ընթացքում. ռուսական մոնոպոլիստի եկամուտները գազի արտահանումից նվազել են 40 տոկոսով։

Այս ամենը ցույց է տալիս, որ առաջիկայում Կրեմլի ողջ ռեսուրսն ուղղվելու է ավելի շատ ներքին խնդիրներին, արտաքին հարթակներում ձգտելով որոշակի կոնսերվացիայի։ Ռուսաստանից դուրս սա կարող է ընկալվել որպես Ռուսաստանի թուլացման միտում, ինչը կարող է մեծացնել անկանխատեսելիությունը Մոսկվայի ավանդական ազդեցության գոտիներում, առաջին հերթին՝ հետխորհրդային տարածքում եւ, մասնավորաբար, մեր տարածաշրջանում։ Բացի դրանից, Կրեմլի առանձին «աշտարակներ» եւ ռուսական ազդեցության խմբեր կարող են սեփական խաղեր ձեռնարկել առանձին արտաքին ուղղություններում, մտքում ունենալով նաեւ ներքաղաքական՝ ներռուսաստանյան համատեքստ, ինչը հիշեցնում է ուշ խորհրդային եւ վաղ հետխորհրդային ժամանակների Ռուսաստանը։

Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը եւ ամերիկա-թուրքական հարաբերությունների խորացող ճգնաժամն այլեւս կայացած փաստ է, եւ սա կարող է թեեւ տալ Ալիեւին եւ խաբկանք ստեղծել, որ կարելի է աշնանը փորձել Արցախի հարցը լուծել ուժային ճանապարհով։ Ադրբեջանական պրոպագանդան ներկայումս հենց այդ «մուղամն» է փորձում շոշափել ռուսալեզու դաշտում։ Ալիեւի ռեժիմի հայտնի եւ նորելուկ մեդիա-նոքյարները լծվել են ապացուցելու, իբր «բռնեք մեզ, մենք աննորմալ ենք», իբր «ժամանակի բոլոր լիմիտները սպառվել են», որ այլեւս անհնար է չպատերազմել, իսկ մի նախաթոշակային տարիքի բաշիբոզուկ-պատգամավոր էլ սպառնում է, թե մեծաքանակ ռուսական զենքով զինված իրենց «քաջ» հորդան «հողին կհավասարեցնի Խանքենդին», նաեւ բերանը ծռած փորձում է ծաղրել հայկական ժողովրդավարությունն առանց հայելու մեջ նայելու եւ այլն։ Վարդավառի օրով Ադրբեջանը կրկին խախտեց զինադադարը, կրակ բացելով հայ զինվորի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում…

Ի՞նչ կարող է եւ պետք է անի պաշտոնական Երեւանը նախանշվող զարգացումների ֆոնին։ Իհարկե, աներկբա է, որ քաղաքականապես ակտիվ հանրության ջախջախիչ մեծամասնության համակրանքը հանուն Ռուսաստանի ժողովրդավարության պայքարող քաղաքացիների կողմն է, սակայն, հաշվի առնելով, թե որ երկրի հետ գործ ունենք, ապա զգուշավորությունն ավելորդ չի կարող լինել։

Նախ, ակնհայտ է, որ Ռուսաստանում հնարավոր ապակայունացումը չի սահմանափակվելու միայն Մոսկվայով, եւ երկրում ապրող գրեթե երեք միլիոնանոց հայ համայնքի անվտանգության հարցը չի կարող չմտահոգել։ Հայկական դիվանագիտությունը, ԱԳՆ-ը, դեսպանությունը, հյուպատոսությունները պետք է պատրաստ լինեն իրավական օգնություն ցուցաբերելու Հայաստանի քաղաքացիներին եւ ռուսաստանցի հայերին, իսկ դրա անհրաժեշտությունը կարող է ծագել ցանկացած պահի։ Երկրորդը, Բաքվի խաբկանքների վրա սառը ցնցուղ պահելը նույնպես կարեւոր է առաջիկա ամիսներին, քանզի, դատելով Ալիեւի պրոպագանդայի սլաքների ուղղությունից՝ նրանք փորձում են իրենց զոնդաժով պարզել, թե որքան է իրենց՝ պատերազմ վերսկսելու եւ անպատիժ մնալու հնարավորությունը։ Այնտեղ գուցե լավ չեն հասկանում, որ կլեպտոկրատիան արմատախիլ արած երկրի բանակի հետ կատակ անել պարզապես չի կարելի, մանավանդ մի երկրում, որը նորմալ է համարել եւ ամբողջությամբ կուլ է տվել այն իրողությունը, որ իրենց ցմահ նախագահի կինը նշանակվել է առաջին փոխնախագահ, ինչն իրեն նույնիսկ Հյուսիսային Կորեան թույլ չի տալիս։ Ուստի հակառակորդի «հոտառության ինտենսիվ վերականգման» գործընթացում անելիք ունի ոչ միայն բանակն, այլեւ դիվանագիտությունը։

Եվ վերջապես, ռուսական ֆորս-մաժորները, որ կարող են անպատրաստ Հայաստանի համար աղետի վերածվել՝ մենք դա վերջին հարյուր տարվա ընթացքում երկու անգամ տեսել ենք։ Իհարկե, հենց այսօր խոսքը դրա մասին չի գնում, բայց ո՞վ գիտի։

… Իսկ 1917-ին, 1990-ին ո՞վ գիտեր, թե ինչ է լինելու մեկ տարի անց։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031