Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք կառաջադրե՞ն. «Ժողովուրդ»

Հուլիս 30,2019 12:10

ՀՀ երկրորդ նախագահ, այսօր մեղադրյալի աթոռին գտնվող Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործունեության շուրջ սեւ ամպերը շարունակվում են կուտակվել։ Նրա լիազորությունները կասեցվել են։ Իսկ ո՞րն է հիմնավորումը։

 

Որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ

Մայիսի 18-ին սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Որոշումը հրապարակել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։ Դատարանում նախագահները վերահաստատել էին իրենց երաշխավորությունը։

Այս որոշումից հետո սկսվեցին մամուլում հրապարակումներ, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ճնշում է եղել եւ կոնկրետ դատավորների անուններ հրապարակվեցին, որ օգնել են դատավոր Գրիգորյանին որոշում կայացնել եւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել։ Դատավորներից մեկը՝ Մխիթար Պապոյանը, որը, ըստ մամուլի, ներգրավված է եղել այդ գործընթացում, հաղորդում էր տվել հանցագործության մասին, որ իր անունը շոշափվել էր երկրորդ Նախագահին ազատ արձակելու գործի հետ կապված։

Ու մինչ իրավապահ համակարգը քննում էր դատավոր Գրիգորյանի նկատմամբ հնարավոր ճնշումները, հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ խուզարկել են Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Նրա աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ։ Որքան էլ Գլխավոր դատախազությունը կտրականապես հերքեց, թե Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված չէ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ՝ պնդելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ մի քաղաքացի է հաղորդում ներկայացրել այս տարվա փետրվարին, այնուամենայնիվ, խիստ կասկածի տեղիք է տալիս, թե ինչու ՀՀ իրավապահները Դավիթ Գրիգորյանին հիշեցին երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո։ Եվ, ի վերջո, ինչո՞ւ հիշեցին քաղաքացու կողմից փետրվարին իրավապահներին ուղղված դիմումը հուլիսին։

 

Հերթը հասավ կասեցմանը

Այսպիսով, քանի՛ որ գլխավոր դատախազն արձակուրդում է, հուլիսի 26-իև ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։

Վերածնված Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկո՞վ մերժել։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։ ԲԴԽ այդ ճակատագրական նիստից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ եւ ներկայացրել քրեական գործով ապացույցները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ապացույցները ներկայացնելուց հետո ԲԴԽ բոլոր անդամները միաձայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի ներկայացված 3 միջնորդությունից երկուսը բավարարել են, իսկ մեկը՝ մերժել։ Ըստ էության, ԲԴԽ անդամները ուսումնասիրել են ապացույցները, դրական գնահատական են տվել, որ վերահսկող մարմինը կարող է քրեական հետապնդում իրականացնել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։ Իսկ ո՞րն է եղել երրորդ դրվագով միջնորդությունը դատախազի կողմից. ըստ ամենայնի, այն վերաբերել է Դավիթ Գրիգորյանի կալանավորմանը, որը ԲԴԽ-ն մերժել է։ Դատավորին չի թույլատրել կալանավորել։

Այսպիսով, ԲԴԽ անդամները, մերժելով կալանավորմաև միջնորդությունը, հայտնել են, որ նախաքննական մարմինը պետք է քննություն իրականացնի, քրեական գործով ձեռք բերված ապացույցները հիմնավորի, որից հետո պարզ կլինի՝ դատավորի լիազորությունները վերջնականապես դադարեցնում են, նրան մեղադրանք առաջադրում են, կալանավորում են, թե հակառակը՝ ապացուցում են նրա անմեղությունը։

«Ժողովուրդ»  օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգորյանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարեւոր դրվագ է հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական գործով կա մեկ խնդիր, որը ԲԴԽ անդամների համար հիմք է դարձել, որպեսզի նրանք բավարարեն իրավապահների միջնորդությունը։ Մասնավորապես այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել եւ նիստ է անցկացրել այդ օրը։ Ահա այս դրվագի շուրջ է նախաքննական մարմինը քննություն իրականացնում, որն էլ, թերեւս, հիմք է դարձել ԲԴԽ-ի համար, որ կասեցնի դատավորի լիազորությունները։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031