Երեկ ինձ զանգահարել էր ՀՀԿ-ամերձ մի գործարար (միջին մասշտաբի)՝ բողոքելով, որ «Առավոտը» նրան վարկաբեկում է: Ինչպես սովորաբար դա անում եմ, ես առաջարկեցի նրան հանդես գալ մեր թերթում եւ շարադրել իր տեսակետը, իրականության իր ընկալումը: Դրան գործարարը համաձայն չէր: Որպես այլընտրանք առաջարկեցի դիմել դատարան եւ հասնել արդարության: Դրան ի պատասխան զրուցակիցս ասաց, որ ես վարկաբեկում եմ մեր հերոս ազգին, իսկ հետո ցանկանում եմ բոլորին «գործ տվող» սարքել: Նա ցանկանում էր, որ նյութը հանվեր կայքից, որը ե՛ւ անիմաստ է, որովհետեւ այն տարածվել էր մի քանի օր առաջ, ե՛ւ էթիկապես անընդունելի է: Բանակցությունները, ինչպես ասում են, ավարտվեցին առանց արդյունքի: Քիչ անց այդ գործարարն sms-ով ինձ սեռական բնույթի հայհոյանք ուղարկեց:
Ես, բնականաբար, նրան ներում եմ, եւ չեմ պատրաստվում որեւէ ընթացք տալ այդ գործին: Միշտ ասել եմ, որ հայհոյանքն իրականում օգնության ճիչ է եւ բնութագրում է միայն հայհոյողի հոգեվիճակը: Հիշատակում եմ այս պատմության մասին, որովհետեւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ, անկախ նրանից, թե ինչ է հիմա անում ներկայիս իշխանությունը, անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը ճիշտ էր, մասնավորապես, այն պատճառով, որ հիմնականում անցյալում է լրատվամիջոցների հետ շփվելու «հաբռգած» ոճը, որը գալիս էր անպատժելիությունից եւ իրական կյանքի հետ կապը կորցնելուց: Ասում եմ՝ «հիմնականում անցյալում է», որովհետեւ որոշակի «ռեցիդիվներ» դեռեւս, ինչպես տեսնում եք, կան: Ի դեպ, ես «ռեցիդիվ» եմ համարում նաեւ նոր իշխանությունների «ես գիտեմ, թե ում պատվերն ես դու կատարում» ոճի արձագանքը:
Միանգամայն օրինաչափ է, որ թե՛ իմ եւ թե՛ մեր քաղաքացիների մեծամասնության ակնկալիքները ներկայիս իշխանությունից ավելի մեծ են, քան նախորդից: Օրինակ, ոչ մեկիս մոտ կասկած չէր առաջացնում, որ նախկինում դատավորների մեծամասնությունը իշխանությունների կամակատարն էր: Բայց հիմա մեր մեջ դարձյալ կասկածներ կան՝ արդյոք այսօրվա կառավարիչներն իսկապես ուզում են, որ դատարաններն անկա՞խ լինեն, թե՞ ձգտում են, որ հիմա էլ իրե՛նց կամակատարը լինեն:
Ինչո՞վ է բացատրվում է պահանջների այս ավելի բարձր նշաձողը: Շատ պարզ. նրանք, ովքեր այժմ իշխանություն ունեն, ընդդիմության շարքերում լինելով, անխնա եւ շատ տեղին քննադատում էին նախորդ իշխանություններին, որ նրանք, մասնավորապես, վերահսկում էին դատական համակարգը: Բայց հիմա, երբ դատավորներն ընդունում են իշխանություններին ոչ հաճո որոշումներ, կամ՝ երբ ՍԴ նախագահը նախորդ եւ ոչ թե ներկա իշխանության մարդն է, այդ իրողություններն արժանանում են մեր իշխանավորների նյարդային քաղաքական արձագանքի: Ինչպիսի արդարացումներ էլ դրա համար ներկայացնեն իշխանության չափից դուրս ջերմ երկրպագուները, դա անաչառ աչքի համար տեսանելի է:
Ցանկացած մանկավարժ ծույլիկ աշակերտներից առանձնապես սպասելիքներ չունի, իսկ լավ աշակերտներից բարձր առաջադիմություն է ակնկալում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չէք՞ կարծեր որ ներկայ իշխանութիւնը քիչ մը աւելի վճռական պէտք է ըլլայ և շատ չապաւինի արեւմուտքի հաճելի ըլլալու փորձութեան, քանի մեր հասարակութիւնը /թերթատելով դիմատետրներու էջերը/ այն չէ ինչ մենք կը կարծենք- եթէ սպասեն որ հասուննայ ՛ կրնան հետզհետէ դիրքեր կորսնցնել .
Ժողովուրդին յիշողութիւնը կարճ է և երկար ատեն ՛՛ժողովրդավարութիւն խաղալն ՛՛ ալ կրնայ վտանգաւոր ըլլալ;
Հակառակորդը երբ ամէն ունայն բանի համար փողոց կ՛իջեցնէ բազմութիւններ /հիստէրիք կիներ , անուղեղ մարդիկ/ նպատակ մը կը հետապնդէ – պէտք չէ անտարբեր դիտել ; Զբօսաշրջիկը որ ականատես կ՛ըլլայ այս տեսարաններուն ,որ յաճախ յատուկէն կը չափազանցուին …կրնայ եզրակացնել որ ՛՛Թաւշեայ յեղափոխութիւնը՛՛ ձախողած է …
Մարդկանց երկու խումբ, որնք ստեղծվել են ոմանց նպատակային և ողջամիտ կազմակերպված համատեղ գործողությունների միջոցով, անցյալում և այսօր կոչվում են իշխանություն և ընդդիմություն:
Վարժապետականից անցանք մանկավարժականի:
Ո՞վ և ինչու՞ հիմնեց մանկավարժական հանրությունը:
Շուրջ 2 տարի է Մ.Գրիգորեան և Քոչարեան կը հոլովենք ,կը նշանակէ որ մի քանի դար հարկաւոր պիտի ըլլայ Յովիկներուն կամ Տարոններուն հասնելու համար ;Մարդիկ կ՛ուզեն չմեռած առնուազն ՛՛ խոշոր ձուկերը՛՛ դատուած տեսնել -…