Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Ռուսաստանում հասկացան՝ ռեժիմների դեմ առանց կոշտ պայքարի ոչ մի բանի չես հասնի»

Հուլիս 29,2019 20:20

«Ակնհայտ է, որ Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները լուրջ են, եւ լուրջ են այն առումով, որ մարդիկ նախ ուզում են իշխանությունները ձեւավորվեն ընտրությունների միջոցով, հոգնում են նույն դեմքերից, նորություն են ուզում»,-այսպիսի կարծիք հայտնեց Aravot.am-ին Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա հիշեցրեց՝ Հայաստանում էլ հեղափոխության ժամանակ դա կարեւորագույն բաղադրիչ էր, մարդիկ չէին ուզում Սերժ Սարգսյանին 3-րդ անգամ տեսնել երկրի ղեկավար, եւ սա բնական է, հասկանալի:

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի նախաձեռնությամբ Մոսկվայի կենտրոնում՝ քաղաքապետարանի մոտ հուլիսի 27-ին բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ քաղաքային իշխանության ընտրություններին անկախ թեկնածուների մասնակցությունն ապահովելու եւ թույլատրելու պահանջով: Ցույցի օրը մեծ թվով քաղաքացիներ են  բերման ենթարկվել, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, ցույցի նախօրեին եւ նույն օրը իրավապահները խուզարկել են բոլոր թեկնածուների բնակարանները:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գրիգորյանն ասաց՝ Ռուսաստանում սկսեցին հասկանալ, որ հաջողության հասնելու համար պետք է անսպասելի եւ նույնիսկ կոշտ պայքարի դիմել. «Այս բողոքի ցույցները ոչ միայն մեծ էին, այլեւ երբ սկսվեցին ձերբակալությունները, մարդիկ չվախեցան ու այլ վայրերում էլ ցույցեր անցկացրեցին՝ չենթարկվելով իշխանությունների պահանջներին, անցան ավելի կոշտ պայքարի: Սա մենք տեսել ենք նաեւ ՀՀ-ում, որքան էլ ասում ենք թավշյա հեղափոխություն է եղել, այնուամենայնիվ, բավականին կոշտ պայքար էր գնում, այդ թվում ցուցարարներն ու ընդդիմությունը, տարբեր խմբեր, տարբեր հարցերում կոշտ դիրքորոշում ցուցադրեցին:  Ռուսաստանում դա հասկացան՝ ռեժիմների դեմ առանց կոշտ պայքարի ոչ մի բանի չես հասնի: Իմ նշած գործոններն, իմ կարծիքով, նոր տարրեր են ցույց տալիս Ռուսաստանի պայքարում: Ես գտնում եմ՝ այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, շատ լուրջ է, եւ կունենա շատ լուրջ հետեւանքներ»:

Քաղաքագետը նկատեց նաեւ՝ ՌԴ-ում մարդկանց սոցիալական վիճակը վատթարացել է, ավելի վատ են ապրում, եւ սա էլ կարեւոր գործոն է, որն այդ երկրում լուրջ զարգացումների կհանգեցնի:

Քաղաքագետի կարծիքով՝ եթե նախկինում նախագահ Պուտինը մեծ թվով կողմնակիցներ ուներ, ապա այսօր այդ հարաբերակցությունը փոխվել է, հիմա բավականին մեծ թվով կողմնակիցներ ունեն աջերն ու ձախերը, փոխվել է իրավիճակը Ռուսաստանում:

«Բացի դրանից, եկեք չմոռանանք,  Հայաստանի դեպքերը, Ուկրաինայում ընտրությունները, Վրաստանի դեպքերն  ազդեցություն են թողել ու թողնում Ռուսաստանի վրա: Իրենք տեսնում են, որ մարդիկ պայքարում են ավելի ազատ համակարգերի համար, պարզ է, Ռուսաստանում էլ կան շատ մարդիկ, ովքեր ուզում են ավելի ազատ ապրել»:

Արդյոք Ռուսաստանում լարվածության մեծացումը մեր տարածաշրջանի համար վտանգավոր կարող է լինել, ասենք՝ ապրիլյան պատերազմի կրկնություն, քաղաքագետն այսպես պատասխանեց.«Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանում, եթե բարդ պրոցեսներ սկսվեն, հնարավոր է Ադրբեջանը օգտվի այդ պահից: Երբ Ռուսաստանի ուշադրությունը մեծ է տարածաշրջանում, պարզ է, որ Ադրբեջանը հեշտությամբ  չի համարձակվի կտրուկ քայլերի գնալ: Եթե Ռուսաստանում  ապակայունացում սկսվի, պարզ է՝ Ադրբեջանը կփորձի օգտվել իրավիճակից: Բայց ես չեմ տեսնում այնտեղ ապակայունացման իրավիճակ: Ես տեսնում եմ, որ ընդդիմությունը սկսեց ավելի համարձակ պայքարել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031