«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը համայնքը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից:
«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում ո՛չ նոր աղբատար մեքենաներ, ո՛չ նոր աղբամաններ ձեռք բերել:
«Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել, և քաղաքային իշխանությունները ձեռնարկել են իրենց գործողությունները: «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին շուրջ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն: Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը: Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: Նախընտրական փուլում ասում էի, որ մաքրելու ենք քաղաքը աղբից. ես վերահաստատում եմ այդ կետը: Իսկ դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը: Ինչքան էլ մեր համաքաղաքացիները համբերատար են և ես իրենց շնորհակալ եմ դրա համար, բայց միևնույն է, մենք իրավունք չունենք՝ քաղաքային իշխանությունների մասին է խոսքը, ոչ թե ձեր, որովհետև ձերը մասնավոր ընկերություն է, որը միայն շահույթ է հետապնդում ու ընդհանրապես չունի պատասխանատվության զգացում, և կան քաղաքային իշխանություններ, որոնք չեն թույլ տալու ինչ-որ մասնավոր ընկերության այսքան անհարմարություն պատճառել մեր համաքաղաքացիներին: Մենք մեր կողմից առավելապես աջակցել ենք ձեր ընկերությանը, ամեն ինչ արել ենք, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց եթե դուք չեք ուզում դա, մենք այդտեղ ձեզ չենք կարող օգնել»,- նշել է քաղաքապետը:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 98 շուն, որից չորսին ի պահ են վերցրել կենդանասերները: Քաղաքապետին զեկուցվել է, որ օգոստոսի 8-ին կհայտարարվի հիմնարկի նոր շենքի կառուցման մրցույթը: Կենտրոնը կունենա իր կլինիկան և ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Կարդացեք նաև
Բենզալցակայաններին կից հեղուկ գազի կետերի ավելացման օրինականությունը պարզելու նպատակով Երևանի քաղաքապետը պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարել է իրականացնել գույքագրում:
Երեւանի քաղաքապետարան