Հուլիսի 25-ին ՀՀ վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները 2019 թվականի հունվար-հունիս ամիսների համար: Շատ կարևոր է վերլուծել և գնահատել այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն են ունեցել ցուցանիշների դինամիկայի վրա: Եվ այսպես՝ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով, իսկ 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ 7.3 տոկոսով: Այսինքն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսով: Կիսամյակային տնտեսական ակտիվության նվազման վրա էական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի և էլեկտրաէներգիայի արտադրության անկումը, ինչպես նաև շինարարության, առևտրի և ծառայության ոլորտների աճի դանդաղումը:
Առավել մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի անկումը (7.4 տոկոս), քանի որ այս ոլորտում է զբաղված մեր աշխատուժի 1/3-ը, հետևաբար` սա ուղղակի ազդեցություն կունենա գյուղերի կենսամակարդակի վրա, արտագաղթի ալիքն ավելի կուժեղանա. արդեն իսկ այս տարվա ընթացքում Ռուսաստան արտագաղթողների թիվը կազմել է 45000: Գյուղոլորտի անկման պատճառների հիմքում ընկած է սխալ գյուղատնտեսական քաղաքականությունը, որը հիմնականում ուղղված է հարուստ և խոշոր ֆերմերների աջակցությանը: Բացի այդ` դադարեցվել են մի շարք ծրագրեր, վերացվեց գյուղատնտեսության նախարարությունը:
Էլեկտրաէներգիայի արտադրության անկման (5.5 տոկոս) պատճառներից է, պլանային աշխատանքներով պայմանավորված, ատոմակայանի դադարը, ինչի արդյունքում կտրուկ նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Շինարարության ոլորտի աճի դանդաղումը (1.4 տոկոսով) գլխավորապես պայմանավորված է մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Որքան էլ հայտարարվում է, որ անհատները մեծ ծավալով դիմում են իրենց բնակարանների շինթույլտվությունների համար, այնուամենայնիվ, երկարաժամկետ, կայուն և որակյալ տնտեսական աճ ապահովելու համար առավել կարևոր են ձեռնարկատիրական նպատակով իրականացվող շինարարական նախագծերը, իսկ այս դեպքում շինթույլտվություններ տրամադրող բաժինները, անձինք անհարկի ձգձգում են, մերժում` առանց լուծում առաջարկելու: Մտահոգիչ է նաև պետական բյուջեով նախատեսված կապիտալ շինարարական ծրագրերի դադարեցումը և/կամ դանդաղեցումը, որն էական ազդեցություն է թողնում ոչ միայն շինարարության ոլորտի, այլև դրամի արժևորման վրա: Կապիտալ շինարարական ծրագրերի ձախողումը հիմնականում բացատրվում է վատ մենեջմենթով և կոռուպցիոն ռիսկերով: Արդյունքում՝ ձախողվում է հարկաբյուջետային քաղաքականությունը. հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ձևով տնտեսությունից հավաքագրվում է առավել շատ գումար, քան ծախսվում է:
Կարդացեք նաև
Վերջին տարիների ընթացքում առևտրի և ծառայության ոլորտների աճը պայմանավորված էր ոչ թե ազգաբնակչության գնողունակության աճով (աշխատավարձերի, կենսաթոշակների չնչին աճի, ներդրումների կրճատման պայմաններում), այլ ստվերի բացահայտմամբ: Այսինքն՝ նախկինում ստվերում էին եղել առևտրի և ծառայությունների այս ծավալները, իսկ հիմա դրանք օրինականացվել են: Անշուշտ, ստվերի ծավալների բացահայտման հաշվին տնտեսական աճ ցույց տալու հնարավորությունները խիստ սահմանափակ են, և ո’չ բիզնեսը, ո’չ էլ քաղաքացին գրեթե չեն զգում դրա ազդեցությունը: Ողջունելի են ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացմանը, ինչը կապահովի լրացուցիչ պահանջարկ մեր տնտեսության համար, սակայն դա չպետք է արվի ի հաշվի կապիտալ ծախսերի կրճատման:
Երկրի կենսամակարդակը, ներառական աճը բնութագրող լավագույն ցուցանիշներից մեկը միջին ամսական աշխատավարձն է, որը, նախորդ տարվա համեմատ, աճել է 5.6 տոկոսով, ինչը բավականին ցածր է՝ նկատի ունենալով առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնաճը, մասնավորապես՝ բանջարեղենի գները, նախորդ տարվա համեմատ, աճել են 28.8 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի գները՝ 4.9 տոկոսով: Պետական հատվածի աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 6.4 տոկոսով (նաև` ի հաշվի պարգևավճարների), մասնավորում՝ 3.9 տոկոսով: Գաղտնիք չէ, որ աղքատության մեջ կամ աղքատության շեմին գտնվող մեր քաղաքացիները իրենց եկամուտների մեծ մասը ծախսում են պարենի վրա, հետևաբար` նրանց կենսամակարդակը, նախորդ տարվա համեմատ, էականորեն նվազել է: Դա է ապացուցում նաև խանութների, կրպակների փաստացի շրջանառության ծավալների կտրուկ անկումը:
Հատկանշական է նաև, նախորդ տարվա համեմատ, արտաքին առևտրաշրջանառության փոքր աճը (0.5 տոկոս), որն արտահայտվել է ներմուծման 0.5 տոկոս աճով և արտահանման 0.5 տոկոս անկմամբ: Ներմուծման աննշան աճը պայմանավորված է պետական և մասնավոր ներդրումային նախագծերի կրճատմամբ կամ դադարով, իսկ արտահանման կրճատումը՝ Եվրամիության երկրներ արտահանման 24.3 տոկոս նվազմամբ: Բացի այդ` վերջին ամիսների ընթացքում դրամի` մոտ 3 տոկոս արժևորման պայմաններում հայկական ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունը արտահանման շուկաներում, իսկ ներմուծվող ապրանքների գները չեն նվազում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները դեռևս պահպանում են իրենց շուկայական իշխանությունները: Արտահանման ծավալների մեջ հայտնի չէ, թե որքան է կազմում օգտագործված մեքենաների վերարտահանումը, և դա ինչ ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա:
Ամփոփելով 2019 թվականի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական տվյալների ուսումնասիրությունը` պետք է արձանագրել, որ դրանք նվազող և ոչ ներառական են: Իսկ պատճառներն են՝
– նախորդ կառավարություններից մնացած և նոր շունչ ստացած նեոլիբերալ քաղաքականությունը,
– Կենտրոնական բանկի գերիշխող դրամավարկային քաղաքականությունը,
– հարկաբյուջետային քաղաքականության թերակատարումը,
– պետական համակարգում միջին և ստորին օղակների լիազորությունների` դեպի վերև պատվիրակելը,
– տնտեսության համար գերակա ոլորտներ ճանաչված գերատեսչությունների ոչ հստակությունը,
– տնտեսական մենաշնորհների դիրքերի պահպանությունը և նոր իշխանավորների լուռ աջակցությունը,
– միջին և խոշոր ներդրումային նախագծեր սպասարկող տնտեսական համակարգված քաղաքականության և թիմի բացակայությունը,
– տնտեսության մեջ գործարարների տարանջումը սևի ու սպիտակի և տարբերակված մոտեցումները,
– բարձր աշխատավարձային զգուշավոր քաղաքականությունը,
– համահարթ հարկային քաղաքականության արդյունքում բարձրացող անուղղակի հարկերը և այլն:
Սուրեն Պարսյան,
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու
Լուսանկարում հեղինակն է