Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի խայտառակ իրավիճակում է գտնվում դատախազությունը». Լեւոն Բաղդասարյան (տեսանյութ)

Հուլիս 29,2019 15:31

«Եթե վեթինգ հասկացողությունը կա, եւ այդ ինստիտուտը պետք է գործի, ապա առաջինը պետք է գործի դատախազությունում, քննչական մարմիններում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանն՝ անդրադառնալով վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրած՝  դատավորների վեթինգի գաղափարին: Վեթինգի իրականացման մեխանիզմը, սակայն, փաստաբանի համար անհասկանալի է:

Մի հարցում փաստաբանը համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ դատական իշխանությունում պետք է լուրջ եւ արմատական փոփոխություններ իրականացվեն: Նրա կարծիքով՝ դատական իշխանությունն այսօր կարծես «երկրի արգելակը» լինի՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ գտնվելով տարբեր պետական լիազոր մարմինների ուղղորդման տակ. «Եթե նախկինում ուղղորդվում էր մի կետից, ասում էին՝ նախագահականից, այսօր արդեն չես հասկանում, թե որտեղի՞ց է ուղղորդվում»: Փաստաբանի դիտարկումներով՝ դատական իշխանությունն այսօր մի քանի պետական-լիազոր մարմինների կողմից է ուղղորդվում, եւ եթե վարչապետը հայտարարում է, որ ինքը հրահանգներ չի տալիս, դա շատ քիչ է, նա պետք է վերահսկողություն սահմանի, որպեսզի ուղղորդումներ չլինեն, նաեւ՝ դատական իշխանությանը պետք է հնարավորություն տրվի՝ զգալու համար, որ ինքն իրապես անկախ մարմին է եւ արդարադատություն իրականացնի. «Մի բան, որն այսօր էլ գոյություն չունի»:

Նկատեցինք՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու իր հայտնի կոչի ժամանակ, վարչապետը կարծես մեղադրանքի ողջ բեռն ուղղեց դեպի դատարաններ՝ ասելով. «Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»: Չցանկանալով մեկնաբանել վարչապետի ասածները, մեր զրուցակիցն, իբրեւ իրավապաշտպան, փաստում է, որ նախաքննության մարմիններն այսօր ավելի խայտառակ իրավիճակում են գտնվում՝ գործեր «կարելով», գործեր «սարքելով». «Ավելի խայտառակ իրավիճակում է գտնվում երկրի դատախազությունը: Ինչպես նախկինում՝ նախկին իշխանության, սովետական իշխանության օրոք մեխանիկորեն աշխատել են, այնպես էլ հիմա են մեխանիկորեն աշխատում»:

«Ազատություն» ռադիոկայանին տված իր վերջին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատավորների մասին ասել էր . «Գնում վնգստում են իրենց նախկին տերերի դռների մոտ, ասում են`եկեք, մեզ տիրություն արեք»: Արդյոք սա վիրավորա՞նք չէր, եւ ինչո՞ւ դատավորները չարձագանքեցին վարչապետին՝ հարցին, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Վնգստալը իրավական կատեգորեա չի»: Նա նկատեց, որ ցանկացած մարդու, առավել եւս բարձրաստիճան պաշտոնյայի բառապաշարը պետք է հարիր լինի իր զբաղեցրած պաշտոնին: «Ճիշտ նկատեցիք՝ եթե դատական իշխանության կրողն այնքան կա, որ դա իր համար վիրավորանք է, ապա, այո, ճիշտ եք ասում, պետք է սահմանված կարգով կարողանա պատասխանը տալ՝ իրավական հարթությունում»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատական իշխանությունն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այսօր գտնվում է անմիխիթար վիճակում:

Այլ մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031