«Կոնվենցիան գրված է մարդուն բռնությունից պաշտպանելու համար: Եթե, որեւէ գործողություն, այդ թվում եւ սեռական գործողություն, դիտարկվում է որպես բռնություն, ապա ցանկալի չէ, որ դա կատարվի: Կարծում եմ՝ այդ հարցի շուրջ բոլորս էլ համամիտ ենք, բռնությունը լավ բան չէ, ոչ միայն ձեր նկատմամբ, այլեւ՝ բոլոր մարդկանց»,- այսօր այսպես մեկնաբանեց Ստամբուլյան կոնվենցիան Բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանը: Նրա խոսքով՝ այլ հարց է, որ մեզ պետք են մանրամասն հետազոտություններ, որպեսզի այդ ողջ գործընթացը խելամիտ արվի: Մասնագետը որեւէ տողատակ չի տեսնում կոնվենցիայում:
«Տեսակետ» ակումբում պարոն Հովսեփյանն իր կարծիքը հայտնեց՝ ինչու են որոշ մարդիկ ընդդիմանում կոնվենցիային: Ըստ նրա. «Մեր մշակույթի մեջ բռնության կուլտուրան կա: Եվ մենք բոլորս, ուզենք թե չուզենք, այդ կուլտուրայի մեջ ենք: Ինչքան էլ մենք հասկանանք, ինչքան էլ մեզ զսպենք, բայց մենք մեզ իրավունք ենք վերապահում՝ ուժի տեսակետից ենք նայում, մենք մեզ իրավունք ենք վերապահում ուժեղի իրավունքով ինչ-որ բանի հասնելու»:
Ինչ վերաբերում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններին եւ այն հարցին՝ արդյո՞ք պետք է սեռական դաստիարակության վերաբերյալ գրքերը մտնեն դպրոցներ, պարոն Հովսեփյանն ասաց, որ որքան շուտ երեխան այդ ամենի մասին տեղեկացված լինի, այնքան նա պաշտպանված կլինի:
Ըստ նրա՝ մեր ազգային առանձնահատկությունները բավարար չեն, որպեսզի ասենք՝ մեր երկրում չկան սեռական ոտնձգության կամ ընտանեկան բռնության դեպքեր, կամ՝ այն քանակի չեն, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկենք:
Կարդացեք նաև
Հարցին՝ Քրեական օրենսգիրքը բավարա՞ր չէ, որ կոնվենցիա ենք վավերացնում, պարոն Հովսեփյանը պատասխանեց՝ Քրեական օրենսգիրքը բավարարում է հանցագործությունը կատարած մարդուն պատժելու համար, բայց քո երեխային չի պաշտպանում այն բանից, որ կարող է նրա հետ մի բան լինել. «Մի բան է, երբ որ արդեն եղել է, եւ հետո մեղավորին պատժում են, մի բան է, որ դու ամեն ինչ անում ես, որպեսզի դա չլինի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ