Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի գործով էլ է ՀՀ-ն վճարելու. Լեւոն Բաղդասարյան (տեսանյութ)

Հուլիս 29,2019 13:25

ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվող «փողոցային արդարադատության» համար տարիներ անց կրկին վճարելու է Հայաստանի Հանրապետությունը: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Լեւոն Բաղդասարյանը:

Նա նկատեց, որ ՄԻԵԴ-ն այսօր անդրադառնում է մարդու իրավունքների խախտումների գործերով բազմաթիվ հայցերի, որոնք տարիներ առաջ են տեղի ունեցել: Դրանք, ըստ փաստաբանի, այն գործերն են, երբ դատական իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացրել:

Ամենաթարմ օրինակը, հիշեցնենք, ՄԻԵԴ-ի վճիռն է , որով ՀՀ-ն 1, 6 միլիոն եվրո կվճարի Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ունեցվածքից զրկված Վարդանյաններին:

«Դա նաեւ այսօր է տեղի ունենում եւ դրա պտուղները քաղելու ենք տարիներ անց»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը:

Մանվել Գրիգորանի գործերով, հիշեցնենք, ՄԻԵԴ-ը երկու որոշում ունի `հայցերն առաջնահերթության կարգով լսելու: Դրանք վերաբերվում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին: «Դա պետք է սառը ցնցուղ լինի իշխանությունների համար»,- ասում է Լեւոն Բաղդասարյանը: Պաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ օրեր Մանվել Գրիգորյանը առաջ հերթական հետազոտությունն է անցել, ըստ արդյունքների, նրա վիճակն ավելի վատացել է: «Խոշտանգումը շարունակվում է»,-վստահ է պաշտպանը: Վաղն այս գործով կայանալիք  նիստին պաշտպանական կողմը հերթական միջնորդությունն է պատրաստվում ներկայացնել`Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին: Եթե դատարանը նորից մերժի միջնորդությունը, բոլոր փաստաթղթերը կրկին կուղղարկվե ՄԻԵԴ: «Մանվել Գրիգորյանն անդամալույծ է, ոտքերը չեն աշխատում: Մենք մեր մեջ մշակույթ պետք է դաստիարակենք, որ կապ չունի ո՞վ է անձը, նրա իրավունքը պետք է պաշտպանվի»,- ասում է Լեւոն Բաղդասարյանը:

Aravot.am-ի դիտարկմանը`հակափաստարկ է բերվում, որ կալանքի տակ մնալը հենց Մանվել Գրիգորյանի անվտանգությունից է բխում , Լեւոն Բաղդասարյանն արձագանքեց. «Նույն հաջողությամբ, բոլորի մասով կարելի է դա ասել: Անձի անվտանգության պատասխանատուն երկրի իշխանավորը պետք է լինի»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել