Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի խոսք. Լեւոն Հարությունի Աբրահամյան

Հուլիս 29,2019 13:00

Կյանքից հեռացավ ժամանակակից հայ իմաստասիրության ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի երկարամյա պրոֆեսոր Լեւոն Հարությունի Աբրահամյանը, ում համար իմաստասիրելը ոչ միայն գիտելիքի, իմաստության որոնում էր, այլեւ ապրելակերպ էր, կենսաձեւ։

Լեւոն Հարությունի Աբրահամյանը ծնվել է 1928թ. մարտի 11-ին, Ախալքալաքում։ Սովորել է Թիֆլիսի թիվ 43 դպրոցում: 1950 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1950-1956 թվականներին եղել է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտաշխատող, 1955-1971 թվականներին ընդհատումներով՝ ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, 1956-1958 թվականներին՝ «Կոմունիստ» թերթի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչ, 1958-1969 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի գիտաշխատող։
Լ. Հ. Աբրահամյանը 1953 թվականին Մոսկվայի համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ երկու տարի անց նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1968 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն եւ 1971 թվականին արժանացել պրոֆեսորի կոչման: 1969-1970 թվականներին աշխատել է ԵՊՀ փիլիսոփայության, իսկ 1970-1976 թվականներին՝ դիալեկտիկական մատերիալիզմի եւ տրամաբանության ամբիոնում: 1976-1978 թվականներին եղել է ԵրՊԻ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1978-1987 թվականներին՝ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ, 1987-2008 թվականներին՝ ԵՊՀ դիալեկտիկական մատերիալիզմի եւ տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր: 2008 թվականին անցել է կենսաթոշակի, շարունակելով ստեղծագործել եւ հանդիպումներ ունենալ ուսանողների հետ:

Հեղինակել է 14 մենագրություն, 6 տասնյակից ավելի հոդվածներ՝ նվիրված իմացության տեսության, նշանագիտության, տեսական փիլիսոփայության եւ փիլիսոփայության պատմության հարցերին։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 ատենախոսություն: Լ. Հ. Աբրահամյանը մեծ ներդրում ունի Իմանուել Կանտի աշխատությունների հայերեն թարգմանության եւ մեկնաբանման գործում: Նա փիլիսոփայությունը համարում էր անավարտ սիմֆոնիա, որը շարունակում է հնչել իմաստասիրության գրավիչ եւ անծայրածիր աշխարհ մուտք գործողների համար։ Պրոֆեսոր Աբրահամյանը սովորողներին այդ աշխարհ առաջնորդող ամենահետաքրքիր, սիրով լի եւ հոգատար ուղեկիցներից էր, որի հիշատակը վառ կմնա երախտապարտ ուսանողների, գործընկերների եւ հետեւորդների սրտերում։

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԱՏ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ եւ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

«Առավոտ» օրաթերթ,

27.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031