Լրահոս
Օրվա լրահոսը

«Սատարում ենք ՀՀ-ի վճռականությանը՝ դատաիրավական բարեփոխումների ճանապարհին». Լյուբոմիր Պետրուլյեսկով

Հուլիս 29,2019 12:30

«Դատական համակարգի հաշվետվողականության եւ անկախության բացերն ապացուցել են, որ իրենք են եղել խոչընդոտ՝ ժողովրդավարական եւ տնտեսական զարգացման համար. դա եղել է 2018թ. ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության հիմնական պատճառներից մեկը: IDLO-ն սատարում է Հայաստանի վճռականությանը՝ կատարելու բարեփոխումներ, որոնք թույլ կտան ունենալ անկախ, ուժեղ եւ արդյունավետ դատական-իրավապահ համակարգ, դատախազություն»,-«Առավոտի» հետ զրույցում այսպիսի համոզմունք է հայտնում Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ծրագրերի համակարգող Լյուբոմիր Պետրուլյեսկովը: Հայաստանում նա երկրորդ անգամ էր հուլիսին, երբ IDLO-ն միջազգային եւ ներպետական փորձագետների մասնակցությամբ 20 հայաստանյան դատավորների համար իրականացրեց վերապատրաստման դասընթացներ՝ Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ: «Օգնում ենք պետությանը՝ դատական համակարգի բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային ծրագրերի հարցում»,-նշում է մեր զրուցակիցը:

IDLO-ն կյանքի է կոչում նաեւ Հայաստանի սնանկության դատարանի կարողությունների զարգացման ծրագիր: Լյուբոմիր Պետրուլյեսկովը շեշտում է. «Սնանկության ընթացակարգերն ամրապնդման կարիք ունեն: Սնանկությունը Հայաստանում դատարանի կողմից առաջնորդվող գործընթաց է, եւ սնանկության մասին օրենքի մի շարք դրույթներ բավականին խրթին են եւ հակասական, ինչը պահանջում է, որպեսզի մասնագիտացված դատավորները գործ ունենան դրանց հետ: Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի հետ համագործակցությամբ IDLO-ն իրականացնում է ծրագիր, որը կոչված է ամրապնդելու արդարադատության իրականացման որակը եւ ապահովելու սնանկության ոլորտում դատարանի որոշումների կանխատեսելիությունը»:

Լյուբոմիր Պետրուլյեսկովի խոսքով՝ IDLO-ն միակ միջկառավարական կազմակերպությունն է, որի գործունեությունն ուղղված է բացառապես իրավունքի գերակայության առաջ մղմանը. «Մենք աշխատում ենք օժանդակել կառավարություններին եւ մարդկանց՝ օրենքները բարեփոխելու եւ առկա իրավական ինստիտուտներն ուժեղացնելու համար: Մեր ծրագրերը, հետազոտությունները եւ քաղաքականությունը ներառում են լայն շրջանակ՝ իրավունքի գերակայություն եւ ինստիտուտներ ստեղծելուց մինչեւ սոցիալական զարգացում եւ երկրների տնտեսության վերականգնում: Խոսքը հակամարտության գոտիներում գտնվող եւ ժողովրդավարության ձգտող երկրների մասին է, այդ թվում՝ Հայաստանի: Մենք իրավունքի գերակայությունը դիտարկում ենք որպես խաղաղության, անվտանգության, արդարադատության եւ զարգացման հիմնաքար»:

Լյուբոմիր Պետրուլյեսկովի գնահատմամբ՝ հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Հայաստանը, մեծ կարիք ունեն անկախ դատական համակարգի կայացման. «Մենք հայաստանյան ծրագրերը սկսել ենք 2018թ. դեկտեմբերից, եւ ես իսկապես բավարարված եմ այս ժամանակահատվածի աշխատանքով: Մենք շատ բարյացակամ, բաց եւ պրոֆեսիոնալ վերաբերմունքի արժանացանք Հայաստանի իշխանության կողմից»: Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ «Առավոտի» զրուցակիցը նշում է. «Մենք ՀՀ կառավարությունից շատ դրական ազդակներ ենք ստացել այդ բարեփոխումների հետ կապված: Դրանք հատկապես լավ արտացոլված են այն ռազմավարությունում, որը մշակել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Կարծում ենք՝ մենք եւ մեր միջազգային գործընկերները կկարողանանք օգնել Հայաստանին այս գործընթացում: Խոսքը նաեւ բիզնես միջավայրի բարելավման մասին է: Գտնում ենք, որ այդ ոլորտում դեռեւս բավականին տեղ կա բարելավելու, հատկապես՝ սնանկության գործընթացում»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե Լյուբոմիր Պետրուլյեսկովն ինչ կարող է ասել ՀՀ-ում սպասվելիք «վեթթինգի» գործընթացի մասին: Նա ընդգծեց, որ IDLO-ի անունից գնահատականներ հնչեցնել իրավասու չէ, քանի որ կազմակերպությունը խորհրդատվական գործառույթով ներգրավված չէ «վեթթինգի» գործընթացում. «Միայն կարող եմ ասել, որ «վեթթինգը» կարող է դրական իրողություն դառնալ, եթե կազմակերպվի պատշաճ: Այն պետք է արդյունք ապահովի ապագայի համար՝ չխաթարելով ներկայիս վիճակը»: Լյուբոմիր Պետրուլյեսկովը հայտնեց, որ հիմա ուսումնասիրում են որոշակի հնարավորություններ՝ ՀՀ կառավարության հետ հետագա գործակցության նպատակով առհասարակ. «Փորձում ենք մեր միջազգային գործընկերների հետ ջանքեր կենտրոնացնել: Խոսքն այն միջազգային գործընկերների մասին է, որոնք Հայաստանում աշխատելու փորձ ունեն: Մինչ այդ կհետեւենք արդարադատության նախարարության ռազմավարությանը՝ արձանագրելու, թե ինչպես են ընթանում դատական համակարգի բարեփոխումները»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031