Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապահովագրական համակարգ ներդնելիս թվերի լեզվով պետք է խոսել, որպեսզի իրենց համար էլ պարզ լինի»

Հուլիս 29,2019 12:00

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու Արտակ Քամալյանն օրերս լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում խոսել էր գյուղապահովագրության խնդիրներից: Ասել էր` որպեսզի ապահովագրությունն աշխատի, ապահովագրական ընկերությունները պետք է եկամուտ ունենան: Նաեւ նշել էր` Հայաստանի տարածքը շատ փոքր է ու նույն կարկուտի կամ ցրտահարության ռիսկերը կան ամեն տեղ, ինչի հետեւանքով ապահովագրական ընկերությունների համար դեվերսիֆիկացիան շատ դժվար է: Փոխնախարարը նաեւ խոսել էր ռիսկերը նվազեցնելու` կարկուտի դեմ հրթիռային կայաններ, կարկտապաշտպան ցանցեր եւ այլ միջոցներ ներդնելու մասին` հակառակ դեպքում, ըստ Քամալյանի, ապահովագրողները մասնավոր ընկերություններ են, եթե վնաս կրեցին, կհեռանան:
Արտակ Քամալյանի մտահոգությունների եւ գյուղապահովագրության խնդիրների վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի, գյուղատնտեսության ապահովագրության գծով փորձագետ, Արտակ Մարտիրոսյանի հետ:

-Գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը 6 մարզերում ներդնելու համար այսօր գործող 6 ապահովագրական ընկերություններից 3-ն են ցանկություն հայտնել միանալ ծրագրին, պարզ է, որ մյուս երեքը, ռիսկերը հաշվի առնելով չեն ցանկացել միանալ, ինչի մասին ակնարկեց նաեւ պարոն Քամալյանը: Մինչդեռ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները պնդում են, որ այս սեպտեմբերից կսկսվի գյուղատնտեսության ապահովագրության վաճառքը: Իրատեսակա՞ն եք համարում սա:

-Բնականաբար, ապահովագրական ընկերությունները շահույթ հետապնդող կազմակերպություններ են, շատ տրիվյալ ու պարզ է, որ պետք է եկամտաբեր լինի նաեւ գյուղատնտեսության ապահովագրությունը, որպեսզի ոլորտ մտնելու արդյունքում գոնե հավաքագրված ապահովագրավճարների 10 տոկոսի չափով շահույթ ունենան: Բայց այս ոլորտը շատ չհաշվարկված եւ վիճակագրական տվյալներ չունեցող ոլորտ է` իր բազմաթիվ բացերով:

2011 թ.-ից, պարբերաբար, թվարկում ենք այդ բացերը եւ առաջարկում ներդնել եւ կատարելագործել անհրաժեշտ ենթակառուցվածքները: Պարոն Քամալյանն էլ իր խոսքում նշել է եւ փաստում է այն հանգամանքը, որ ենթակառուցվածքներն էլ պետք է պատրաստ լինեն, որպեսզի ապահովագրական համակարգը ներդրվի ու շատ ճիշտ դիրքորոշում է հայտնում` կապված հակակարկտային կայանների, կարկտապաշտպան ցանցերի վերաբերյալ: Ուրախալի է, որ վերջապես մենք լսում ենք պատասխաանտուի կողմից արդյունավետության մասին ցուցանիշ` օրինակ հրթիռային կայանների մասով: Նախկինում միայն խոսվում էր գազով աշխատող «Զենիթ» կայանների մասին, որոնք հիմա էլ էլի շահագործվում են եւ, որոնց արդյունավետությունը, վերջին տարիներին, կարկուտի ուժգնության հետ հակադարձ համեմատականի մեջ են: Այսինքն` տարիների ընթացքում այդ արդյունավետությունը հասավ ընդհուպ մինչեւ 20 տոկոսի: Իսկ այս պարագայում խոսվում է հրթիռային կայանների մասին եւ բերում է ցուցանիշ, որ 90 տոկոս արդյունավետություն ունեն: Այս դեպքում շատ կարեւոր է, որ, վերջապես, ոլորտում թվեր են հնչում, անմիջականորեն ուսումնասիրված է նաեւ մեր հարեւան երկրի փորձը: Ապահովագրական համակարգ ներդնելիս թվերի լեզվով պետք է խոսել, որպեսզի իրենց համար էլ պարզ լինի, հաշվարկներ անեն: Եվ այդ ցուցանիշներն առավել գրավիչ կդառնան ռիսկը կրողների համար` ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ:

-Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հարցազրույցներում ասում են, որ իրենք համաձայնել են միանալ ծրագրին` սոցիալական պատասխանատվության որդեգրած քաղաքականությունից ելնելով: Մասնավոր զրույցներում նշում են, որ իրենց համոզում են մասնակցել ծրագրին, սակայն ԿԲ ներկայացուցիչը հավաստիացնում է, որ նրանք հոժարակամ են ընդգրկվել: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այստեղ:

-Երբ խոսվում է, որ երեք ապահովագրական ընկերություն համաձայնել են, երեքը` ոչ, սա էլ խոսուն ցուցանիշ է: Եթե այդ ամենը գրավիչ լինի, ինչո՞ւ պետք է այն մնացած երեքը չհամաձայնեն: Իսկ ավելի մտահոգիչ է, երբ ապահովագրական ընկերությունները բարձրաձայնում են, որ ծրագրին մասնակցում են զուտ սոցիալական կամ կոորպորատիվ պատասխանատվությունից ելնելով: Ես պետք է կրկին բերեմ ԱՊՊԱ-յի օրինակը, երբ մինչեւ համակարգի ներդրումը բոլոր ապահովագրական ընկերությունները լոբինգ էին անում, որպեսզի այդ համակարգը ներդրվեր եւ բոլորն էլ կամավոր եղանակով առաջարկում ու կնքում էին պայմանագրեր: Իսկ այսօր եւ ավելի քան 20 տարի, ոչ մի ապահովագրական ընկերություն չի առաջարկում գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր, եւ բնականաբար, չկա այդ պատրաստակամությունը` մտնելու այս համակարգ: Նույնիսկ ծրագրին մասնակցող ընկերություններն են խուսափում խոսել ծրագրի մասին: Եթե զուգահեռ ենք անցկացնում սոցփաթեթով առաջարկվող առողջապահության ապահովագրության համակարգի հետ, այս դեպքում, նույնպես, հաշվարկների առանցքում է հավաքագրած ապահովագրավճարների 10 տոկոսը` որպես շահույթ:

Համակարգի ներդրումը եւս մեկ տարով հետաձգվելը եւ այս հարաբերական դադարը, կարծում եմ, կրկին փաստում է այն մասին, որ ապահովագրական ընկերություններին ներկայացված հաշվարկները հավատ չեն ներշնչում գոնե այդ ցուցանիշին մոտ լինելու հարցում: Դրան գումարած, մենք, այսօր, օրինակ` Շիրակի մարզում ունենք ցորենի, գարու ցանքատարածություններ, որոնք չեն մշակվում, քանի որ գյուղատնտեսները հիասթափված են իրենց կրած վնասներից: Իսկ ապահովագրական ընկերությունների հիասթափությունը կհանգեցնի համակարգի ձախողմանը:

Այսինքն` այն ծրագիրը, որը 2013 թ.-ից ներդրման փորձեր ենք անում, արդյունավետ կլիներ նաեւ, դրան զուգահեռ ենթակառուցվածքները զարգացնել: Հույս ունեմ` պարոն Քամալյանի այդ հայտարարությունը ընդամենը հայտարարություն չէ, զուտ տեղեկատվության մակարդակում, այլ, ես, ամեն դեպքում, այդպես հասկացա, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ գումարները հայթայթեն ու կարողանան ենթակառուցվածքները զարգացնել:

-Այսինքն` ռիսկի առկայությամբ ապահովագրականները չե՞ն մտնի դրա տակ: Սա պիլոտ է, գումարները կան հատկացված եւ ապահովագրականները գնում են այդ քայլին, վաղը չեղան, նրանք կհրաժարվե՞ն ինչպես փոխնախարարն էր նշել:

-Ապահովագրական ընկերությունների դերը հենց ռիսկերի հետեւանքով կրած վնասները փոխհատուցելն է: Չկա ռիսկ, չկա ապահովագրություն: Սակայն պարոն Քամալյանն այդ պիլոտի մասին ոչ էլ խոսեց, այսինքն` այնքան սաղմնային փուլում է, այնքան հում է, որ գյուղոլորտի պատասխանատուն պատասխանատվություն չի վերցնում դրա մասին խոսելու: Ավելին ասեմ. երբ մենք Գյուղատնտեսական դաշինքով բյուջեի միջնաժամկետ ծրագրերի քննարկմանն էինք հրավիրված, որն, ի դեպ, վարչապետի հանձնարարականով էր, եւ բոլոր ոլորտներում պետք է հանրային քննարկումներ լինեին միջնաժամկետ ծրագրերի առնչությամբ, մենք այնտեղ արձանագրեցինք եւ նախարարության պատասխանատուներն էլ դա ընդունեցին, որ բոլոր ներկայացված հայտերի ներքո առկա էին ծրագրեր` բացի ապահովագրության ծրագրից: Սա էլ է լուրջ ինդիկատոր, որ այս տարվա սեպտեմբեր ամսին ապահովագրական պրոդուկտների վաճառքի մասին վաղ է խոսել:

-Ո՞վ պետք է տար ծրագիրը, Կենտրոնական բա՞նկը, քանի որ, կարծես թե ԿԲ-ն է ներդնում այդ համակարգը, ապահովագրության բյուրոն ԿԲ-ի ենթակայությամբ է գործելու

-Ես որքան հասկանում եմ, ծրագրի պատասխանատվությունը Կենտրոնական բանկն է ստանձնել, գոնե հայտարարությունների մակարդակում այդպես ենք ընկալում: Բայց հետաքրքիրն այն էր, որ բյուջեից գումարը խնդրում էր գյուղատնտեսության նախարարությունը ու չունենալով համապատասխան ծրագիրը: Քննարկումներին էլ ես նշեցի, որ պետք է ունենանք գոնե կլոր սեղան-քննարկում: Քանի որ հայտարարություն է արվում, որ այս ծրագրի շրջանակում հանրային լսումներ չեն պահանջվում, որովհետեւ պարտադիր ապահովագրություն չէ, որպեսզի հանրային քննարկում լինի: Իհարկե պարտադիր ապահովագրատեսակ չէ, սակայն բյուջեից պետական աջակցություն է տրամադրվել: Այսինքն` հանրային միջոցներ են հատկացվել եւ, գոնե, շահագրգիռ կողմերի հետ անհրաժեշտ է ունենալ քննարկումներ` ծրագիրը ներդնելուց առաջ:
Այդ միջնաժամկետ ծրագրերի քննարկման ժամանակ նախարարության պատասխանատուների հետ ֆիքսեցինք, որ, առնվազն, կլոր սեղան-քննարկումներ լինեն ներդրվող ծրագրի վերաբերյալ:

Այն ոլորտային խնդիրները, որոնք, որ Գյուղատնտեսական դաշինքով բարձրացնում ենք 2013 թվականից, արդյոք իրենց պատասխանը կստանան ծրագրի ներդրման կամ, գոնե, ծրագրի ավարտին: Պարոն Քամալյանի հարցազրույցից էլ պարզ է դառնում, որ այդ խնդիրները դեռեւս սպասում են իրենց լուծումներին: Այսինքն` մենք չենք լսում, որ հաջորդ տարի կներդնենք ապահովագրության համակարգը: Իսկ սա, արդեն, ողջունելի է, որ գյուղոլորտի պատասխանատուներն այդ զգուշավորությունը տեսնում են:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Դաշինքն առաջարկում է պետական ապահովագրական ընկերության մոդելը, պնդելով, որ դրա արդյունքում կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ, ԿԲ ներկայացուցիչը «Առավոտի» հետ զրույցում, նշել էր, որ աշխարհի փորձը վկայում է, որ ամենակայացած մոդելները նրանք են, որոնք մասնավոր ընկերություններն են անում:

-Քանի որ մենք շուկայական հարաբերությունների անցած երկիր ենք, ճիշտ է, որպեսզի տնտեսության ոլորտը կարգավորվի մրցակցային դաշտում: Ապահովագրականները մրցակցեն միմյանց հետ եւ դրանից կշահի համակարգը: Բայց այստեղ մի շատ կարեւոր բայց ունենք. չունենք մասնավոր սեկտորի պատրաստակամությունը:

Սակայն, հիմա առողջապահության ապահովագրության ոլորտում հակառակ զարգացումն է նշմարվում: Ի տարբերություն գյուղապահովագրության, սոցփաթեթի շրջանակներում բոլոր ապահովագրական ընկերությունները մասնակցում են համակարգին ավելի քան տասը տարի: Սակայն քննարկումներ են գնում հրաժարվել մասնավոր սեկտորի ծառայություններից եւ պետական համակարգով իրականացնել: Այսինքն` ստացվում է չհաշվարկված եւ ռիսկային սեկտորը հանձնում ենք մասնավորին` առանց բոլորի պատրաստակամության, իսկ արդեն կայացած համակարգը հետ ենք վերցնում:

Մի նկատառում եւս. մենք ներկայացրել ենք պետական ապահովագրական ընկերության մոդելը` 1 միլիարդ 200 միլիոն դրամ շրջանառվող ծրագրի խնայողություն 5 տարվա համար, իսկ մասնավոր ընկերությունների մասնակցությունը որպես ներդրում ընդամենն 80 միլիոն դրամ է եղել:

Եվ, եթե այն թեզն ենք առաջ տանում, որ ամբողջ աշխարհի փորձը հուշում է, որ մասնավորները պետք է անեն գյուղատնտեսության ապահովագրությունը, ասեմ ավելին, որ կան երկրներ, որոնք ունեն պետական վերապահովագրող ընկերություններ: Այսինքն` ռիսկերի վերջին կրողն այդ երկրներում հանդիսանում է պետությունը: Անգամ Եվրամիության երկրներում, հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները, գյուղապահովագրության մոդելները տարբերվում են:

Հարցազրույցը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

27.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031