Մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա` Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։ Պատվիրակության կազմում է ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ Ավստրալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ հետ։
Կիրակի՝ հուլիսի 28-ին, Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հետ։
Նույն օրը Սիդնեյի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել պատվիրակության անդամների հանդիպումը հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում անկախ և ժողովրդավարական պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները։ Այս համատեքստում նա կարևորել է հայկական սփյուռքի ներդրումը երկրորդ հայկական պետության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։
Այնուհետև Մասիս Մայիլյանը և Դավիթ իշխանյանը պատասխանել են միջոցառման մասնակիցների բազմաթիվ հարցերին։
Կարդացեք նաև
Հանդիպումներին մասնակցում էին նաև Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախագահ Հայկ Կայսերյանը։
Արցախի ԱԳՆ