Լրահոս
Օրվա լրահոսը

Բավական է մեղավորներ փնտրել, հարկավոր է աշխատել

Հուլիս 28,2019 23:31

Երբ երկրի խնդիրները լոկ խաղաքարտ են քաղաքականության մեջ, Հայաստանի արդի վիճակը նախկին և ներկա աստվածների պայքար է հիշեցնում: Ակամայից հիասթափվում ես` կարծես բոլորը գիտեն, թե Հայաստանին ինչ է հարկավոր, բոլորը վերևից իջած փրկիչներ են, սակայն որևէ մեկը որևէ բան չի անում, քանի որ իրեն խանգարում է կա՛մ անցյալը, կա՛մ ներկան, կա՛մ էլ մտահոգիչ ապագան: Առաջին հայացքից փոքրիկ խնդիրներից շեղվում ենք, գլոբալ խնդիրները, ինչպիսին են օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիային և Սահմանադրական դատարանի նախագահին վերաբերող հարցերը, լուծելու համար:

Սկսենք ամենատարրական հարցից, որն այսօր չի լուծվում՝ աղբահանությունից: Պատճառն, ըստ թաղապետարանի, «Սանիտեք» ընկերությունն է, ըստ վերջիններիս՝ իրենց սահմանափակ հնարավորությունները և մեքենաների պակասը, ուստի քաղաքապետարանը սպասում է իր պատվիրած բեռնատարների գալուն, իսկ մենք թաղված ենք աղբի մեջ:

Թույլ տվեք, հարգելի՛ քաղաքային իշխանություն, ես ձեզ լուծում առաջարկեմ: Աղբահանության խնդիրը մինչև բեռնատարների գալը լուծելու համար շատ խելք պետք չի: Նշանակում եք մի պատասխանատու, որը նստելով հեռախոսի առջև, օրինակ համացանցի «List.am» կայքից հեռախոսահամարներ է վերցնում և զանգահարելով բեռնատարների վարորդներին՝ նրանց կարճաժամկետ պայմանագրերի հիման վրա աշխատանք է առաջարկում, կարծում եմ օրահացի խնդիր լուծող մեր քաղաքացիները կհամաձայնվեն: Դրանից հետո զանգահարում եք բանվորական աշխատանքներ կատարելու վերաբերյալ հայտարարություն տված մեր քաղաքացիներին կամ գնում եք այսպես կոչված «ֆայլաբազար» և նշված անձանց նույնպես մոտակա ամիսներին մշտական աշխատանք ունենալու առաջարկ եք անում և վերջ՝ աղբը տեղափոխում եք, իսկ ընդդեմ «Սանիտեք» ընկերության հայց եք ներկայացնում դատարան ու եթե նույնիսկ չեք վստահում այս դատարաններին, ապա չեմ կարծում, որ կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Հայաստանում կգտնվի գոնե մեկ դատավոր, ում դուր է գալիս աղբի մեջ ապրելը, ուստի նույնիսկ ապաշնորհ լինելով հանդերձ դուք հնարավորություն չունեք դատարանում պարտվելու:

Արդյունքում մի գնդակով մի քա՞նի հարց կլուծեք, նախ սեփական քաղաքացիներին կապահովեք աշխատանքով՝ թեկուզ ժամանակավոր, ապա նաև աղբահանությամբ զբաղվող անձանց կադրային հարցը կլուծեք, չէ՞ որ, երբ բեռնատարները գան Հայաստան, ձեզ աշխատակիցներ և վարորդներ են պետք լինելու:

Անդրադառնանք աշխատանք չունեցող գյուղացուն: Մենք որոշել ենք ջրաչափեր գնել ոռոգման ջրերի համար, սակայն քանի որ մեր ոռոգման ջրերի 90 տոկոսն առուներով է հոսում և թշնամուն նվիրաբերվում, ակամայից հարց է ծագում՝ նախ որտե՞ղ եք պատրաստվում տեղադրել այդ ջրաչափերը, եթե դեռևս այդ ջրերը խողովակով չեն անցնում և հետո ինչո՞ւ չեք սկզբում խողովակները գնում և ջուրն ուղղում դեպի սեփական գյուղացին, որ թուրքի բաժին չդառնա, հետո նոր մտածում, թե ինչպես գումար հավաքեք ձեր քաղաքացուց: Մի՞թե այդ խողովակները տեղադրելով դուք չեք կարող աշխատատեղեր ապահովել մեր գյուղացու համար, հետո երբ նրանց աշխատավարձ կտաք, գյուղացին շունչ կքաշի, կարող եք ձեր ջրաչափերը տեղադրել և փող գանձելու մասին մտածել, թե ամեն անգամ մենք պետք է աջ ականջը ձախ ձեռքով բռնենք:

Շարունակենք՝ արդյոք չի կարե՞լի Երևանը փոշուց փրկելու համար ամայի տարածքները կանաչապատել, աշխատատեղեր կստեղծվեն՝ մեկ, փոշին կվերանա՝ երկու և երրորդ՝ կանաչապատումը կգեղեցկացնի քաղաքը և էկոլոգիական վիճակը կբարելավվի, ինչն էլ իր հերթին կանդրադառնա զբոսաշրջության վրա և զերծ կպահի մեզ հողային փլուզումներից:

Երևանի շենքերի շուրջ 80 տոկոսը վերելակները փոխելու խնդիր ունի, և դուք պատրաստվում եք մեր քաղաքացիների հաշվին վերելակներ գնել, լավ ես ձեզ հետ համամիտ եմ, էլի թող մեր հաշվին լինի, բայց ինչո՞ւ եք պատրաստի վերելակներ գնում, երբ այդպիսի ահռելի ներքին իրացման շուկա ունեք, ավելի ճիշտ չի՞ լինի վերելակների արտադրման գործարան կառուցել, նախ մինչև պատվիրեք, բերեք նույնքան ժամանակ կանցնի, ինչը պահանջում է գործարան հիմնելու համար, հետո էլ վերելակները արտարժույթով գնելու փոխարեն դրամով այն ձեռք կբերեք և քաղաքացիներին կրկին աշխատանքով կապահովեք, ինչի շնորհիվ էլ բյուջեի տասնապատիկ ավել փողերը օտարին չեք տա պատրաստի ապրանք ձեռք բերելու համար:

Լուծումները և աշխատատեղեր ստեղծելու հնարավորություններն այնքան շատ են, որ կարելի դրանց մասին հատորներ գրել, սակայն իմ ընտրած իշխանությունը չգիտես ինչու նախկինների ճանապարհով է գնում, եթե գումարելիների տեղափոխում էր լինելու և գումարը չէր փոխվելու, ապա ի՞նչ նպատակ ուներ թավշյա հեղափոխությունը:

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031