Իշխանությունը և ընդդիմությունը, բաժանվելով երկու տարբեր բանակների, չի հասկանում ինչու ժողովուրդը դատաիրավական համակարգում տեղի ունեցող իրադարձությունների հարցում չի աջակցում կողմերից որևէ մեկին: Առաջին հայացքից սա պարադոքս է՝ ինչպես կարող է քաղաքականապես ակտիվ հանրությունը կողքից նայել և չմիջամտել այս իրավական կոլապսին, ասել է թե անմասն մնալ իրենց հայտարարած պայքարից:
Չէ՞ որ հասարակ տրամաբանությունը պահանջում է, որ ժողովուրդը կողմնային ընտրություն կատարի: Չմիջամտել՝ ահա այսպիսին է Սահմանադրական դատարանի և ընդհանուր դատական իշխանության հարցերում ժողովրդական մոտեցումը:
Եվ այսպես մեր հանրությունը ոտքի կանգնեց և ցրեց խորհրդարանը, հավաքվեց և գնաց ընտրատեղամասեր և ձայն տվեց ներկայիս իշխանությանը՝ փոփոխություններ կատարելու համար, ու թեև այդ ամենը կարող է անել նաև այս դեպքում, սակայն նման քայլի չի գնում՝ ինչո՞ւ: Ընդդիմադիրները և իշխանավորները կարող են բերել տարբեր պատճառաբանություններ, որոնք իհարկե բխում են իրենց քաղաքական շահերից, բայց երկու կողմերն էլ խուսափում են իրական պատճառը բարձրաձայնելուց, քանի որ այն կոչնչացնի նախկիններին արմատապես, իսկ ներկաների համար ռեալ և տեսանելի խնդիրներ կառաջացնի իրենց ղեկավարման տարիների համար: Ասել է թե մի բան է ցանկանալ արդարադատություն, երբ դու այս կամ այն հարցում դրա կարիքն ունես, իսկ մեկ այլ բան է, երբ այդ արդար արդարադատության սուրը կարող է կիրառվել քո դեմ:
Այո, ժողովուրդը ենթագիտակցաբար լռելու է, հետևելով իրադարձությունների հետագա զարգացումներին, և չի ընտրելու կողմերից մեկին, իսկ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նախկին իշխանավորների կողմն ընդհանրապես չի անցնելու: Ինչ վերաբերում է այլոց, քանի դեռ իրական մարդիկ անկեղծ մտադրությամբ չեն առաջարկել երրորդ իշխանական թևն իրենց վերադարձնելու ռեալ տարբերակներ, ժողովրդական համախմբված աջակցության մասին խոսք անգամ լինել չի կարող: Դուք կարող եք ծաղրել հասարակությանը անվանելով նրան ամբոխ, բղավել և աղաչել նրան, սակայն նա անտարբեր կմնա ձեր պահանջների և խնդրանքների նկատմամբ , ասել է թե սայլը տեղից չի շարժվի, քանի որ իրականությունն այն է, որ որևէ մեկը՝ այդ թվում նաև ներկայիս իշխանությունը, այս հարցում չունի ժողովրդի, կներեք բառիս համար, «դաբռոն» ու դուք ստիպված դեռ երկար կողմերի բաժանված պետք է Եվրոպական դատարաններում փնտրեք ձեռնտու որոշումները և արդյունքում ով էլ հաղթի, մեկ է կոնսենսուս ինչպիսին եղավ թավշյա հեղափոխության ժամանակ չի լինելու, օդում կախված դառնությունը հիշեցնելու է ձեզ, որ արդյունքները հանրության համար անընդունելի են:
Կարդացեք նաև
Լավ, իսկ ինչ է, իմ սուբյեկտիվ կարծիքով, ընդհանուր առմամբ ձեզանից պահանջում ՀՀ քաղաքացին, կարծում եմ, որ պատասխանն առավել քան ակնհայտ է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև իշխանական թևի համար: Նախ որոշեք, թե որտեղից և ինչ կանոններով եք քաշում այդ կարմիր գիծը նախկինների համար՝ տվեք պաշտոնական, վերջնական քաղաքական և իրավական գնահատականներ անցյալին: Պատրաստեք սահմանադրության երկու տարբերակ՝ կիսանախագահական և խորհրդարանական ուղղվածությամբ և դրեք այն մեկ հանրաքվեի շրջանակներում, որպեսզի ժողովուրդը հնարավորություն ունենա ի վերջո ընտրել իր քաղաքական ուղին և վերջինը՝ զսպեք դատաիրավական համակարգն ուզուրպացնելու ձեր քաղաքական ցանկությունները և հնարավորություն տվեք հասարակությանը իրավաբանական համայնքի իր ներկայացուցիչների միջոցով նոր դատաիրավական համակարգ ձևավորելու:
Կլինեն ընդդիմախոսներ, որոնք կասեն թե ժողովուրդը չի կարող դատաիրավական համակարգ ձևավորել, այդ դեպքում ես հարկ եմ համարում հիշեցնել ներկայիս իշխանությանը, որ իրենց աթոռներին իրենք նստած են շնորհիվ այդ ժողովրդի, որովհետև հենց նա է ձևավորել օրենսդիր և գործադիր իշխանությունը և հիմա պահանջում է, որ դուք ձեր աշխատանքը կատարեք, իսկ դատաիրավական համակարգը ձևավորելը թողնեք իրեն, կրկնվեմ՝ հասարակությունը դա պետք է անի համընդհանուր ՀՀ-ում առկա ամբողջ իրավաբանական համայնքի օգնությամբ:
Ահա թե ինչու ներկայիս հանրությունը լռեց, չքննադատեց և չմիացավ վարչապետի կոչին փակելու դատարանների դռները, չի պայքարում Սահմանադրական դատարանի համար կամ դրա դեմ և ընդհանրապես անտարբեր է բոլոր կողմերից հնչող կոչերին: Հասարակությունը ընդհանուր առմամբ արդեն վաղուց գիտակից է և անկախ հակամարտող կողմերի կամքից՝ այն վերջնականապես փոխվել է հեղափոխության ընթացքում: Ջինն այլևս շիշը չի մտնի, նրան զմայլել է իր անկախությունը:
Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ