Բաղրամյան պողոտայում գորգեր են լվանում. Վարդավառի տոնի կապակցությամբ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նախաձեռնել է այն սկսել գորգերի լվացմամբ: Գորգերը լվանում են Բաղրամյան պողոտայի այն հատվածում, որտեղ Ազգային ժողովի շենքն է, փողոցում տեղադրված են ջրով մեծ տարաներ, որտեղից անցկացված ռետինե խողովակների միջոցով էլ լվանում են գորգերը: Ոմանք նաեւ «ձեռքի հետ» ջրոցի են խաղում, պարում:
Հռիփսիմե Գրիգորյանը լրագրողների հետ զրուցում ասաց, որ միջոցառման նպատակն այն է, որ բացի Վարդավառից, նաեւ մշակութային բաղադրիչ ավելացնեն՝ հայկական գորգը, այդպիսով այն հանրայնացնել. «Մենք այսօր պահոցներում ունենք ազգային գորգեր, եւ դրանք տեղ չունեն ցուցադրվելու: Ես ուզում եմ օրակարգ բերել հայկական գորգերի թանգարան ունենալու հարցը»:
Գորգերը բերվել են Մեգերյան Կարպետից, Հայկական գորգերի ազգային կենտրոնից և Թուֆենկյան կենտրոնից։ Պատգամավորն ասաց, դրանք լվանում են մասնագետների տված ցուցումով եւ դրանք չեն վնասվի. «Օրինակ Մեգերյանի գորգերը նոր են պատրաստվել, դրանք լվանալուց հետո տանելու են խուզելու ապա դնելու են վաճառքի: Իսկ Թուֆենկյանը խնդրել է իր գորգերը բացառապես մաքուր ջրով լվացվի, որովհետեւ դրանք հիմա լվանալու կարիք չունեին, բայց նորից ջրվելու, թարմացվելու կարիք ուենին»:
Կարդացեք նաև
Իսկ պատգամավորների մասնակցությունն այս «լվացքի» արարողությանը, ինչպես Գրիգորյանն ասաց, ըստ ցանկության է: Գրիգորյանն ասաց, որ չեն պարտադրել պատգամավորերին գալ եւ մասնակցել գորգ լվանալուն.«Շատերը աշխատում են, ոմանք գործուղման են մարզերում, հենց այս պահին էլ Ազգային ժողովի իրենց աշխատասենյակներում աշխատող պատգամավորներ կտեսնեք, շատերը արձակուրդում են»:
Գորգերը լվանում են մեծամասամբ շարքային քաղաքացիները, Գրիգորյանն ասաց, որ զբոսաշրջային ընկերություններն էլ ցանկություն են հայտնել մասնակցելու, զբոսաշրջիկներին տանելու այդ միջոցառմանը:
Այսօր Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։
Երեկոյան համերգով հանդես կգա «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խումբը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Պատգամաւորները երջանիկ տեսք ունեն։ Վերջապէս իրենց գիտելիքներին համապատասխան գործ են գտել։