Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխություն և ժողովուրդ

Հուլիս 28,2019 12:00

Արդեն բոլորն են տեսնում ու հասկանում, որ Մոսկվան, ԵԱՏՄ-ն, ԵԱՏՄ-ի հիմնական անդամներն ու անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը չեն ողջունում հետխորհրդային հանրապետություններում տեղի ունեցող հեղափոխական իրադարձություններն ու այդ հեղափոխությունների կազմակերպիչներին ու առաջնորդներին: Խոսքը վերաբերում է հատկապես Ուկրաինայում ու Վրաստանում տեղի ունեցած և ժամանակ առ ժամանակ շարունակվող ու կրկնվող հեղափոխական իրադարձություններին:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած Փաշինյանական «թավշյա» հեղափոխությանը, այն նույնպես ԵԱՏՄ լիդերների ու անձամբ Պուտինի կողմից չողջունվեց, բայց մեր հեղափոխությունը, ի տարբերություն ուկրաինականի ու վրացականի, առանձնապես պարսավանքի չարժանացավ՝ ոչ անձամբ Պուտինի և ոչ էլ ԵԱՏՄ մյուս լիդերների կողմից, և մեր հեղափոխության առաջնորդ Փաշինյանն էլ, ի տարբերություն Սահակաշվիլու և ուկրաինական հեղափոխությունների առաջնորդների, պարսավանքի չարժանացավ նշվածների կողմից. ավելին. Նազարբաևը, Լուկաշենկոն և անձամբ Պուտինը առիթը բաց չէին թողնում՝ նշելու, որ իրենք մեր «թավշյա» հեղափոխության դեմ ոչինչ չունեն, և ընդամենը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առիթով իրենց անհամաձայնությունը հայտնեցին, և Նոր Հայաստանի ղեկավարության և ԵԱՏՄ-ի այս ներդաշնակ, կարելի է ասել, համագործակցությունը ոչ միայն Նոր Հայաստանի ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հավասարակշիռ ու շրջահայաց քաղաքականության շնորհիվ է, այլև նույն այդ ԵԱՏՄ-ի լիդերների՝ Հայաստանի ու անձամբ Փաշինյանի հանդեպ հավասարակշիռ ու շրջահայաց քաղաքականության շնորհիվ:

Ասում ենք հավասարակշիռ ու շրջահայաց, հասկանալով, որ դրանք հեղափոխականներին բնորոշ ու սազական որակներ ու բնութագրականներ չեն. այսինքն, Նիկոլ Փաշինյանը բացառիկ, զարմանալի ու տիպիկ հեղափոխական լինելով՝ էապես տարբերվում է նախկինում մեր իմացած ու ճանաչած հայ և այլազգի գրեթե բոլոր հեղափոխականներից, ընդ որում՝ շահեկանորեն է տարբերվում, ընդ որում՝ ԵԱՏՄ այլ անդամների և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կարծիքով էլ է էապես տարբերվում, և չնայած սա իմ անձնական կարծիքն է, բայց, կարծում եմ, շատերն են իմ անձնական այս կարծիքի հետ համաձայն և համամիտ, և էդ շատերի մեջ, կարծում եմ, Նիկոլն ինքն էլ կա, որովհետև ցանկացած հեղափոխությունից հետո պարտադիր վերսկսվում է սովորական կյանքը, որը հեղափոխականներին ու հակահեղափոխականներին հավասարապես է պարտադրված և որը հաղթած հեղափոխության առաջնորդների առաջ միանգամայն նոր խնդիրներ է դնում, և այդ խնդիրները հեղափոխականներից կյանքի լուրջ ու բազմակողմանի իմացություն են պահանջում, և հաղթած հեղափոխությանը սատարած ու թիկունք կանգնած ժողովուրդն արդեն իշխանությունից այլ բաներ էլ է պահանջում՝ նախկին իշխանավորներին դատելուց ու պատժելուց բացի, և իշխանությունն ինքն էլ է արդեն հասկանում, որ Քոչարյանին ու գեներալ Մանվելին ինչքան էլ խիստ պատժի արժանացնես, դրանից սովածների փորն առանձնապես չի կշտանա, և աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման հարցերը շարունակելու են գոյություն ունենալ և մնալու են հրատապ, և արդեն որոշակիորեն սկսված թանկացումների ընթացքի դեմն էլ ինչ-որ ձևով պիտի առնվի, այլապես սոցիալական և այլևայլ հանգամանքների բերումով ամենահեղափոխական խավն անգամ կարող է երես թեքել հեղափոխությունից ու Փաշինյանից, և դա հակահեղափոխականների երազանքն է, և հեղափոխություններից շատերն են նման վերջաբան ունեցել և ունենում, և հիմնականում հենց նման վերջաբան են ունեցել և ունենում, և մեր հակահեղափոխականները հույս ունեին, որ մեր հեղափոխությունն էլ նման վերջաբան կունենա, և շատերն էին ենթադրում, որ մեր ժողովրդի ամենահեղափոխական հատվածը, որի շնորհիվ և որի ալիքի վրա Նիկոլն ու նիկոլականները եկան իշխանության, մի օր Նիկոլին ու Նոր Հայաստանը կերտողներին դեմառդեմ՝ մենակ կթողնի հակահեղափոխականների և Նոր Հայաստանը չուզողների առաջ, և դա ոչ միայն հակահեղափոխականների, այլև ըստ ամենայնի, նաև ադրբեջանցիների երազանքն է, և էս հարցում հաստատ էս երկուսի կարծիքները համընկնում են, որովհետև էս անգամ նաև մեր ազգի ու մեր հեղափոխականների շահերն են համընկնում, և դա մեր ժողովուրդը պիտի հստակ գիտակցի՝ հասկանալով, որ հեղափոխության վերջնական հաղթանակի համար նաև ինքը լիքը անելիքներ ունի, և իրենք՝ հեղափոխականներն ու Նոր Հայաստանը կերտողներն էլ պիտի գիտակցեն, որ այս պահի դրությամբ իրենք պարտք են իրենց իշխանություն ու երկիր տված ժողովրդին, և չնայած ժողովուրդն էդ մասին շատ չի խոսում ու հիշեցնում, բայց դա չի նշանակում, որ էդ պարտքը փակված է ու գոյություն չունի:

Երկուսով հաղթել են, և ամեն ինչ պիտի անեն, որ այդ հաղթանակը վերջնական լինի, և որևէ մեկը որևէ մեկին պարտք չմնա:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031