Չորրորդ տարին է` World Vision կազմակերպության Սյունիքի մարզի գրասենյակը կազմակերպում է քաղցրահամ ազնվամորու փառատոն` Սյունիքի մարզի Շաքի համայնքում: Կազմակերպությունը Սյունիքի մարզում ընտրել է ազնվամորու արժեշղթայի զարգացումը: Կազմակերպիչները գոհ են արդյունքներից, մեկ տարի հետո ակնկալում են օրգանական ազնվամորու սերտիֆիկացում: Տնտեսվարողներն էլ են գոհ:
Մեզ հետ զրույցում նրանք պատմում էին, որ ազնվամորու այգիներն են շատացրել, արտադրանքի տեսականու բազմազանության վրա են աշխատում:
Փառատոնի ընթացքում մարդիկ հնարավորություն ունեին ազնվամորի ձեռք բերել առաջին ձեռքից` արտադրողից: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեին, բացի ազնվամորուց համտեսել նաեւ տեղական այլ ուտեստներ` մեղր, գաթա եւ այլն, վայելել ազգային երգ ու պար:
Տեղական արժեշղթայի զարգացում ծրագիրը World Vision Հայաստանն իրականացնում է 2014 թվականից` 12 տարածքային գրասենյակում: Այս ծրագիրն օգնում է մարդկանց վաստակել կայուն եկամուտ: World Vision-ի մասնագետներն օգնում են փոքրածավալ արտադրողներին՝ աշխատելու համախմբված, բարելավելու իրենց արտադրանքի որակն ու բարձրացնելու արդյունավետությունը, կառուցելու ավելի լավ հարաբերություններ գնորդների հետ և ավելացնելու եկամուտները: Օրինակ Գեղարքունիքի Մարտունիում, Ճամբարակում եւ տարածաշրջանի այլ համայնքներում թիրախը խոտաբույսերն ու տուրիզմն են, Տավուշի Ակնաղբյուր, Այգեհովիտ եւ այլ համայնքներում` դեղձը, թուզը, հոնը, արքայանարիջը եւ այլն:
https://www.youtube.com/watch?v=120dofPobfA&feature=youtu.be
Մարիամ ԶԱՔԱՐՅԱՆ