Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյուզան Սիմոնյանը շանտաժ-նամակ է ստացել. «Համապատասխան օրգանները ոչինչ չեն մոռանում»

Հուլիս 27,2019 22:17

«Կանայք հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Սյուզան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ «Սերգեյ Նիկիտին» անունով օգտատիրոջից շանտաժ պարունակող նամակ է ստացել, որի բովանդակությունը հրապարակել է: Սյուզան Սիմոնյանը գրառմամբ շեշտել է. «Այսօր, երբ իմ գործունեությունը սահմանափակվում է ընդաﬔնը հանրային գրառուﬓեր կատարելով և ղեկավարելով «Կանայք հանուն ժողովրդավարության» հ/կ-ն, ես այս տարվա ﬔջ արդեն երկրորդ անգամ ստանում եմ հոգեբանական ճնշում և ահաբեկում պարունակող զգուշացում»: Ոմն «Սերգեյ Նիկիտին»-ը նամակում ակնարկում է, թե Սյուզան Սիմոնյանը Սովետի տարիներին իբրեւ թե ինչ-որ դավաճանություն է արել, եւ որ համապատասխան օրգաններն այդ մասին չեն մոռացել:

Aravot.am-ի հետ զրույցում Սյուզան Սիմոնյանը նամակի առնչությամբ ասաց. «Պատճառն իմ գործունեությունն է, անգամ՝ ներկայիս սահմանափակ գործունեությունը: Բոլորը գիտեն, որ երկու տարի՝ «Սասնա ծռերի» կալանքի ժամանակ, ես սատարել եմ նրանց, իմ միջոցով է հրապարակվել նրանց նամակագրությունը: Հիմա չեմ հասկանում՝ ի՞նչ եմ անում, որ իրար են խառնվել: Արդեն երկրորդ անգամ շանտաժի ձեւով նամակ եմ ստանում, որը հոգեբանական ճնշում գործադրելու տարր է պարունակում: Իմ նպատակն է, որպեսզի մեր ուժային կենտրոնները բացահայտեն նման դեպքերը, որպեսզի որեւէ քաղաքացու հանդեպ նման վերաբերմունք չլինի, իսկ որեւէ մեկը ուժային կառույցի անունից նման նամակներ չուղարկի»:

Առաջին շանտաժ-նամակում, Սյուզան Սիմոնյանի փոխանցմամբ, ասվել է, թե ինքը «թղթապանակ» ունի՝ գործ կա իր վրա. «Ուզում եմ, որ ուժային կառույցները պարզություն մտցնեն, չէ՞ որ նման նամակ գրողն իրենց անունն է շահարկում: Դե թող բռնեն ինձ գրած անձին եւ կանչեն պատասխանատվության: Եթե նա ճիշտ է ասում, որ այդ մարմինները տեղյակ են իմ գործունեությունից, թող ինձ պատասխանատվության ենթարկեն: Բայց եթե դա կեղծիք է, ուժայիններն էլ պետք է շահագրգռված լինեն, որ իրենց անունը շահարկողին պատասխանատվության ենթարկեն: Այդ «ռուսի» անուն ազգանունն ինձ մոտ տպավորություն է թողնում, որ դրսից թելադրված է: Կասկածում եմ, որ սա ռուսական հետք ունի, որովհետեւ ես հրապարակային խոսում եմ ՀՀ-ի ապագաղութացումից: Ինչու ի՞մ նկատմամբ, չեմ կարող պատասխանել: Գուցե վրեժ է նրա համար, որ ես «Ծռերի» ժամանակ չկոտրվեցի, չընկճվեցի: Կամ էլ հիմա ինչ-որ բաներ են նախապատրաստում եւ ուզում են չեզոքացնել ինձ նման մարդկանց»:

Սյուզան Սիմոնյանը նշեց. «Ինձ վրա ոչ մի բան չեն գտնում, արդեն նման բաներով են ուզում վախեցնել: Երկու տարում ամեն ինչի միջով անցել եմ, ինձ տարբեր առաջարկներում են փորձել ներքաշել, իմ տանից գաղտնալսող սարքեր եմ հանել, ինձ հետեւել են, բայց շանտաժի չեն ենթարկել, ինչպես հիմա:: Այս ամենի միջով անցնողը հիմա կարո՞ղ է վախենալ նման փսլնքոտների արարքից…բայց ուժային մարմինները պետք է շահագրգռված լինեն, որ իրենց անունը նման կերպ շահարկողը պատասխանատվության ենթարկվի: Եթե մեր ուժային մարմինները սրան չտան ընթացք եւ չպարզաբանեն, ես կարող եմ հանգիստ ընդունել, որ այդ նամակը ստացել եմ հենց իրենցից: Կստացվի, որ իրենք են ահաբեկում ինձ: Իսկ եթե ընթացք տան եւ տեսնեմ, որ ինչ-որ բան են անում՝ իրենց անունից հանդես եկողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, չեմ մտածի, թե դա ԱԱԾ-ն է արել»:

Հիշեցնենք, որ Սյուզան Սիմոնյանը տարիներ շարունակ եղել է «Նախախորհրդարանի»(հետագայում՝ «Հիմնադիր խորհրդարան») մամուլի քարտուղարը եւ «Սասնա ծռեր» խմբավորման մամուլի պատասխանատուն, իսկ այժմ ղեկավարում է «Կանայք հանուն ժողովրդավարության» հ/կ-ն:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031