Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Հուլիս 27,2019 21:32

Սկիզբը՝ այստեղ․ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6

ԳԼՈՒԽ 7

Հարցաքննություն

Վիետնամցիները կարճահասակ են, փոքրակազմ։ Նրանց երկրում ծավալվող քսանամյա պատերազմը անհավասար ուժերի բախում էր, այնինչ ամերիկյան բիրտ ուժին ընդդեմ պայքարը հաջողությամբ էր պսակվում շնորհիվ զանազան հնարքների, որոնցից մեկը կներկայացնեմ ստորև։

Վիետնամը անիծյալ երկիր է։ Հարյուր տոկոսանոց խոնավություն, բորբ արև և քառասուն աստիճանը գերազանցող տապ, շնչառություն խցանող գոլորշիներ, թունավոր միջատների խիստ առատություն… Բարեկեցիկ կյանքից դուրս եկած եկվորը մութ ու մռայլ ջունգլիներում դառնում է հեշտ խոցելի։ Քաջ գիտենալով այս ճշմարտությունը, վիետնամցիները «բնական» որոգայթներ էին լարում՝ օգտագործելով փշակիտուկ, թունավոր օձեր ու կարիճներ։ Նրանց հանճարեղ մտահղացումներից էր ստորգետնյա լաբիրինթոսը, որն, ըստ էության, միմյանց հետ հաղորդակցվող միջանցքների հսկայական ցանց էր։ Արյունարբու վիետնամցին դուրս էր գալիս գետնի տակից՝ անսպասելի հարձակում իրականացնելով, և հանկարծ անհայտանում էր կրկին՝ գետնի տակն անցնելով։ Ստորգետնյա միջանցքներից մարտնչող պարտիզանները ամերիկյան բանակի թիվ մեկ գլխացավանքն էին։ Ահա և կազմավորվում է «Թունելային առնետներ» անունը կրող հատուկ ստորաբաժանում, որն իր ստեղծման օրվանից արդեն իսկ դատապարտված էր։ Վիետնամցիների մտահղացման ողջ հաջողությունը պայմանավորված էր մարդկային գործոնով։ Ի տարբերություն հաղթանդամ ամերիկացիների՝ տեղաբնակը կարճահասակ էր ու փոքրամարմին։ Ուստի և, թունելների բոլոր անցուղիները փորված էին հենց ա՛յս հաշվարկով։ Ցածր, մարդաբոյ առաստաղ, մոտեմոտ պատեր, լիակատար մթություն։ Սրանց գումարվում էին անակնկալ, շեշտակի շրջադարձեր, որոնք հաղթահարել կարող էր առանձնահատուկ ճարպկություն և հմտություն ունեցող մարդը։ Այսպիսով, «Թունելային առնետներ» կոչվող ամերիկացիները խոցելի էին, նախ և առաջ, լիակատար շարժունակություն չունենալու պատճառով։ Եվ ապա՝ նրանց հետամուտ էին անտեսանելի որոգայթներ, որոնք բազմիցս հանդիպում էին խավարչտին միջանցքներում, իսկ դրանցից խուսափել կարող էր նախապես տեղեկացված զինվորը։ Նման տեղեկատվություն չէր կարող լինել, քանզի հետախուզական աշխատանքն անհնար էր ստորգետնյա անցուղիներում։ Եվ թունել մտնող ամերիկացիները, ինչ որ առումով, նաև բախտի քմահաճույքին էին մատնված։ Քսան տարի անց, պատերազմի ավարտից հետո կպարզվի, որ ամերիկացի գեներալները առանձնապես չէին խնայում իրենց զինվորներին։ «Թունելային առնետները»  հաղթանակ էին կորզում ստորգետնյա միջանցքներից մեծաքանակ զոհերի գնով, իսկ այս ճշմարտությունը ժխտման ենթակա չէր։ Եթե դաշնակից լինեին խիղճն ու խելամտությունը, «Թունելային առնետների» գործունեությունը կդադարեցվեր անհաջողությունների առաջին իսկ փուլում, բայց նրանց այնուամենայնիվ ուղարկում էին հատուկ առաջադրանքների, և նրանք վերադառնում էին բուռ-բուռ արցունքներով՝ անիծելով կյանք կոչված դժոխքը։ Ըստ վիճակագրության, ստորաբաժանման զինվորների կեսից ավելը մնացին ստորգետնյա միջանցքներում, իսկ շատ-շատերը տուն վերադարձան մազապուրծ, հոգեկան շեղումներով։

«Կգան ժամանակներ, և մարդիկ կառաջադիմեն չարության մեջ՝ չարից այն կողմ անցնելով»,- գրում է Պողոս առաքյալն իր թղթերում։ Այս մարգարեությունը լավագույնս իրականանում էր ստորգետնյա լաբիրինթոսի խցերում, որտեղ ամերիկացի զինվորներ էին խոշտանգում՝ նրանց ահասարսուռ կտտանքների ենթարկելով։ Ահա այդպիսի մի խցում էր բանտարկված Ալեքսանդր Գոմեսը։ Ընթերցողս անշուշտ հիշում է դժոխային այն գիշերը, երբ սահմանապահ զինվորների ջոկատը հայտնվեց շրջափակման կիզակետում։ Մեռան բոլորը, մինչև վերջին մարդը, և չկա նրանց հիշատակը արեգակի ներքո։ Կապիտան Գոմեսը երբեք չի իմանա, որ իր ջոկատը շրջափակման մեջ էր հայտնվել շնորհիվ մանրակրկիտ դավադրության, շնորհիվ այն բանի, որ շարքային Մորոզովը ապրում էր՝ երկակի կյանք վարելով։ Ի՞նչ մղումներ ուներ Մորոզովը. դժվար է ասել։ Ռուսական բանակին դավաճանած ռուսը չէր ընդունում յուրայիններին, չէր ընդունում ամերիկյան բազմազգ միությունը, իսկ վիետնամցիներին ատում էր ողջ էությամբ։ Ապա, ուրեմն, ի՞նչ խաղ էր նա խաղում և ի՞նչ նպատակներ ուներ։ Ես չգիտե՛մ։

Ամերիկյան բանակի սպան չափազանց թանկարժեք ապրանք էր, և Ալեքսանդր Գոմեսը դեռևս ապրում էր զուտ այս հանգամանքի շնորհիվ։ Նրան գերեվարել էին՝ թքած ունենալով մարդկային կյանքի վրա։ Կարևորը ռազմական գաղտնիքներն էին, խիստ անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնք զենքից զորավոր լինելու առանձնահատկություն ունեն։ Կապիտանն ի՛նքը կանիծի իր կյանքը հետո՝ գետնափոր բանտախցում մահ աղերսելով։ Նրան հարցաքննում էին տասն օր շարունակ, իսկ ամեն հարցաքննությունից հետո թիթեղ հատելու մկրատով կտրում էին ոտքի մատներից մեկը։

– Դե՛, սիրելի կապիտան, այսօր հասել ենք ձախ ոտքիդ թաթին։ Հայրենի՞քն ես գերադասում, թե՞ կյանքդ։

Հարցաքննողը ենթասպա էր։ Նրան կոչում էին Տուան Լի։ Նա Ալեքսանդրին իր սենյակում էր պահում երկար ժամեր՝ հոգեբանական խելահեղության հասցնելով, քաջ գիտենալով, որ դիմացինը տանջվում է՝ ներքուստ սարսափելով այն ակնթարթից, երբ կհանեն ճտքակոշիկն, ու կմոտենա մկրատ բանեցնող դահիճը։

– Խոսի՛ր, բարեկամ։ Քանի՞ տարեկան ես։ Ա՜, լռո՞ւմ ես։ Լա՛վ։ Խաղի կանոնները ե՛ս եմ սահմանում։ Եթե չես պատասխանում՝ ատամներիցդ մեկը քաշում ենք։ Քանի՞ տարեկան ես։

– Երեսունչորս։

– Երեսունչորս տարեկանում կապիտա՞ն ես։ Ուրեմն ճիշտ ենք արել, որ գլուխդ չենք կերել։ Դե հիմա ասա՛, ձեր գարշելի զորքերը ինչ են անում իմ հայրենիքում։

– Ես ընդամենը հրաման կատարող եմ։

– Գիտե՞ս, թե ինչ է «Ագենտ օրանժը5»։

(5. Ամերիկան «Ագենտ օրանժ» կոչվող փոշին էր օգտագործում Հարավային Վիետնամում՝ կործանելով էկոհամակարգն ու մարդկային ռեսուրսը։ Բուլդոզերները արմատախիլ էին անում ծառեր՝ հսկայական տարածություններ ամայացնելով, ապա հեռացվում էր հողի վերին շերտը, որից հետո «Ագենտ օրանժ» էին ցանում։ ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով՝ «Ագենտ օրանժի» հեղուկով մշակվել է հարավային Վիետնամի 14%-ը։ 1962-ից մինչև 1971 թվականներն ընկած ժամանակահատվածում ինքնաթիռները 77 միլիոն լիտր «Ագենտ օրանժ» են տարածել, որից 44 միլիոն լիտրը պարունակում էր Դիոքսին։ Վիետնամի՝ «Դիոքսինից տուժածների միության» տվյալներով՝ ազգաբնակչության առնվազն մեկ միլիոնն այսօր վարակված է այդ թույնով, որն աշխատում է սերնդեսերունդ՝ առաջացնելով մանկական մահացություն, տարատեսակ հաշմանդամություն, քաղցկեղ։ Այստեղ խոսվում է մեկ միլիոն՝ տասնութ տարեկանից ցածր երիտասարդների, պատանիների և երեխաների մասին։ Այսօր Վիետնամում վտանգված է սերունդների առողջ և հեռանկարային զարգացումը, որովհետև Դիոքսին պարունակող «Ագենտ օրանժը» մուտացիա է առաջացրել գենային մակարդակով։ Ամերիկան պաշտոնապես հրաժարվել է Վիետնամի պատերազմում տուժածներին, հաշմանդամներին և նրանց երեխաներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելուց ու ընդհանրապես որևէ այլ միջոցներով չի փոխհատուցել։ Վիետնամում կատարվածը ցեղասպանություն է։ Կասկած չի կարող լինել։ Մենք բոլորս հերթական անգամ լսում ենք քաղաքակրթության լռությունը։)

– Գիտեմ։

– Ուրեմն պատմիր, թե ի՛նչ սարսափելի տանջանքներ են քաշում իմ ազգի երեխաներն այդ թույնի հետևանքով։ Աչքովդ տեսել ես, չէ՞։

– Ես զինվոր եմ։

– Շատ լավ։ Ուզում եմ քեզ մի փոքր Դիոքսին6 հյուրասիրել, կուտե՞ս դրանից։

(6. Դիոքսինը մարդու ձեռքով ստեղծված երբևէ ամենակատարյալ թույնն է։ Ըստ պաշտոնական հաշվարկի՝ Դիոքսինի 80 գրամը կսպանի Նյու Յորքում բնակվող 8,5 միլիոն մարդկանց՝ թույնը խմելու ջրով ջրամբարներ լցնելու դեպքում։ Այնինչ ամերիկացիներն օգտագործել են 400 կիլոգրամ։ Ինքնաթիռները Դիոքսինի փոշի են տարածել ողջ երկրով՝ խաղաղ բնակավայրերում նույնպես՝ դանդաղ և տանջալից մահվան դատապարտելով թե՛ կանանց, թե՛ երեխաներին։ )

– Ոչ։

– Իսկ իմ ժողովուրդն ամեն օր մեռնում է այդ թույնից, որ ձեր ուղղաթիռներն են շաղ տվել խաղաղ բնակչության տարածքներում։ Մեզ մոտ ուտելու բան չի մնացել։ Հողը, սննդամթերքը, ջուրը, անձրևը… Ամենուրեք Դիոքսին է, մարդիկ կապտում են մեռնելուց առաջ, աղիները կախվում են բերաններից։ Խիղճդ չի՞ տանջում։

– Չգիտեմ։

– Ես էլ չգիտեմ, երբ ոտքիդ մատը կտրում ենք։ Մի մատ ավել՝ մի մատ պակաս, ի՞նչ կա որ։

– …

– Չեմ լսում։

– Պատասխան չկա։

– Դու ի՞նչ առաջադրանք պետք է կատարեիր։

– Ամեն գնով պահել սահմանը։

– Քարտեզի վրա ցույց տուր, թե որտեղ են ձեր հիմնական ուժերը։

– Չգիտեմ։

– Բաո, նե՛րս արի։

– Լսում եմ, պարոն ենթասպա։

– Գործի անցիր, մկրատդ որտե՞ղ է։

– Խնայեք…

– Մի րոպե սպասիր, Բաո, կարծում եմ՝ կապիտանը ասելիք ունի։

Ցանկացած հակամարտության պարագայում առանձնահատուկ կարևորություն ունի տեղեկատվական պատերազմը, և սա ապացույցն է այն բանի, որ մարդն այլևս քարանձավում բնակվող արարած չէ, սակայն իր նմանին կործանելու նրա մղումները դարակուտակ քաղաքակրթություն են ջնջում՝ մարդուն իր քարանձավը վերադարձնելով։

Ամենակատարյալ գործիքը միտքն է, իսկ բանականության բոլոր վիրահատություններն իրականացվում են հենց ա՛յս գործիքով։

Թշնամուն կեղծ ճշմարտություններով ապակողմնորոշելը տեղեկատվական պատերազմի հանրահայտ և ամենաարդյունավետ հնարքներից է։ Համաձայն ԱՄՆ զինվորական կանոնադրության՝ ամերիկացի յուրաքանչյուր զինծառայող, գերի ընկնելու դեպքում, պարտավոր է պահպանել իր կյանքը հնարավոր բոլոր միջոցներով։ Այս նպատակն իրականացնելու համար ստեղծվում են տվյալ իրավիճակին հարիր տեղեկատվական պղպջակներ, որոնք փոխատեղված ճշմարտություններ են պարունակում, և հարցաքննության ենթարկվող ամերիկացի զինվորականը «խոստովանում» է հենց սա՝ թշնամուն մոլորության մատնելով։

Ալեքսանդր Գոմեսը քաջատեղյակ էր այս ամենից ու հստակ պատկերացում ուներ առաջին գծում ծավալվող իրադարձությունների մասին։ Նա գիտեր, որ ներկայում արդիական թվացող, բայց իրականում կեղծ տեղեկությունները, այլ խոսքով՝ ռազմական գաղտնիքները, խիստ մոտ են ֆրոնտում ծավալվող գործողություններին, և թշնամու հետախուզությունը այս տեղեկատվության պղպջակներով է սնվում։

«Սակայն երբեք և ոչ մի գնով չեմ բացահայտի այն գաղտնիքները, որոնք ճշմարտության ատամներն են մերկացնում,- մտածում էր Ալեքսանդրը։- Երբե՛ք։ Եթե կամազրկող շիճուկներ չներարկեն, ֆիզիկական տանջանքները կկրեմ մինչ ի մահ»։

– Մեր տեխնիկան տեղաբաշխված է այ այստեղ,- քարտեզի վրա համապատասխան տարածքներ ցուցանելով՝ բացատրում էր կապիտանը,- իսկ հարթավայրային այս տարածքը օդանավակայանի դեր է կատարում։

– Դո՛ւրս գնա, Բաո։

– Լսո՛ւմ եմ։

Ենթասպան մտատանջության մեջ էր, սակայն հավատում էր թերևս։ Սա հաստատվում էր Բաոյին դուրս ուղարկելու նրա հրամանով, և սա վկայությունն էր այն բանի, որ Վիետնամի հետախուզությունը հենց ա՛յս տեղեկություններին էր տիրապետում։

«Մերոնք լավ են աշխատում,- ինքն իր մեջ ուրախանում էր կապիտանը,- այս ճիվաղի ուղեղում ուրիշ բան չկա՝ ապատեղեկատվությունից բացի»։

– Հետո՞, շարունակի՛ր, կապիտան։

– Հետո՝ ի՞նչ։

– «Թունելային առնետների»  տեղը ցույց տուր։

– Հարավային հատվածի ջունգլիներում ճամբար կա, կոնկրետ տեղը ինձ չեն ասել։

– Խոսքիդ մեջ մի տեսակ շատ են ճշմարտությունները, կապիտան, բայց ոչինչ, կստուգենք։ Ուրի՞շ։

– Այսքանը։

– Կնոջդ չե՞ս կարոտել, կապիտան, երևի երեխա էլ ունես, չէ՞։

– Ուրիշի երեխային եմ որդեգրել։

– Ինչո՞ւ։

– Այդպես ստացվեց։

– Իսկ պատկերացնո՞ւմ ես՝ կինդ ու երեխադ հիմա ջունգլիներում լինեին, Դիոքսինով վարակված լճակի մոտ ու նվաղեին ջուր խմելու ցանկությունից։ Հապա մտածի՛ր. ի՞նչ կաներիր դու, եթե ինչ-որ մեկը խլեր ընտանեկան քո երջանկությունն ու առողջ ապրելու քո իրավունքը՝ կատարյալ դաժանություն դրսևորելով, տանջալից մահ պատճառելով մտերիմ մարդկանց։

Ալեքսանդր Գոմեսը լսում էր, բայց չէր հավատում ականջներին։

«Տեսնես ո՞վ է այս մարդը,- մտածում էր կապիտանը,- ո՞վ է եղել նախկինում, և հիմա ի՞նչ է դարձրել նրան պատերազմը։ Սակայն ի՞նչ կանեի ես… Վիետնամցի ենթասպան խեղդվում է վրեժի ծարավից, կասկած չկա։ Իսկ եթե Թերեզան ու Միքայելը գալարվեին ճահճոտ ջունգլիներում՝ հողը ճանկռելով, բառաչելով արյուն ու զառանցանք…»։

– Ինչ էլ լինի,- պատասխանեց Ալեքսանդրը,- ես կփորձեի մարդ մնալ։

– Հեշտ ես ասում։ Ինչևէ… Վերջում քեզ գլխիվայր կախելու ենք, գիտե՞ս։ Ձերոնք չեն էլ իմանա, թե ինչ տվյալներ ես մեզ հայտնել։

– Գնդակահարե՛ք։ Խնդրում եմ, հենց հիմա՛։

– Ես, իհարկե, սիրով կգնդակահարեի քեզ, բայց, կներես, չեմ կարող։ Որովհետև քո Ամերիկան այստեղ տանջալից մահ է բաժանում անմեղ մարդկանց։ Տեսե՞լ ես, թե ինչ է քաշում մայրը, երբ երեխան օրեր շարունակ աղեկտուր ոռնում է՝ մոր գրկախառնության մեջ թավալվելով։ Ո՞ր մեկն ասեմ։ Էնպես որ, գնդակահարություն չի լինելու։

– Ես չեմ սկսել այս պատերազմը, ենթասպա։ Ինչ կանեք ինձ հետ՝ չգիտեմ, բայց ուզում եմ իմանաս, որ զզվում եմ այս ամենից կատարյալ զզվանքով։ Եվ ընդունում եմ քո խոսքերը։ Դուք ճիշտ եք։ Անձամբ ես՝ կին կամ երեխա չեմ սպանել երբեք։

– Դե՜, հիմա՛, առա՛յժմ չես սպանել, բայց կարո՞ղ ես ասել, թե վաղն ինչ է լինելու, թե ինչ հրաման կկատարես վաղը։

– Սա էլ ճշմարտություն է։

– Ես քեզ մարդու տեղ եմ դնում, կապիտան, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես էլ եմ զզվում այս ամենից։ Բաո, նե՛րս արի։

 

Տասներորդ օրվա վերջում Ալեքսանդր Գոմեսն ընդհուպ մոտ էր խելագարության սահմանին։ Ոտնաթաթերը փաթաթված էին աղտոտ լաթերով, կապտասև սրունքների մաշկը փայլում էր՝ ի ցույց դնելով թարախի առկայությունը։ Նա պառկած էր կուչուձիգ, գետնափոր խորշի խոնավ հատակին, և մորմոքն էր գոյության միակ իրականությունը։

Տառապանքի մեջ տանջանք չկար այլևս, և ցավ չկար ցավի մեջ, իսկ ապրելու ցանկությունը հեռու էր կյանքից։

ԱՅՍ ՄԱՐԴԸ ԵՎՍ ՍՏԵՂԾՎԱԾ ԷՐ ԱՍՏԾՈ ՊԱՏԿԵՐՈՎ ՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ։

Արտաքին աշխարհից ձայներ չէին թափանցում, խավար էր՝ անվերջ, համաձույլ։ Եվ իշխանություն չուներ կապիտանն իր մտքի վրա, այլ լողում էր բանականության ընթացքին հլու՝ վերստին վերապրելով եղելություններ, որոնք անչափ հեռու եզերքում էին։

Թերեզա…

Ի վերջո ո՞վ է մարդը։

Չէ՞ որ մենք բոլորս հետմահու հերոսներ ենք, քանզի մեզ բոլորիս տրված է մահ ճանաչելու սխրանքը։

Օտար երեխա՜…

Նա հիմա խոսում է ու քայլում։ Նա կտրում է սենյակի ահռելի տարածությունը՝ պստլիկ իր ոտքերը թփթփացնելով։ Նա դեռ չգիտի, թե ինչ է կյանքը։

Այստեղ մարդ չկա…

Անիծյալ տեսիլքներ…

Հարազատ այս դեմքերը եղել են սակայն, և հիմա որտե՞ղ են նրանք՝ գնդապետ Կորրենտին և մյուս ընկերս՝ կապիտան Լեսսինգը։ Իմ ամենալավ օրերից մեկն էր, երբ հավաքվել էինք Գասպար Սուրենյանցի տանը, իսկ մտերիմ մարդիկ խմում էին՝ լիառատ շնորհելով ցանկություն, բարեմաղթանք, հույսեր…

Իսկ ես նայում էի բացակա ընկերոջ՝ Գասպար Սուրենյանցի իրերին, և իրերը խոսում էին։

Իրերը լալիս էին ու քրքջում՝ կյանքի կոչելով հին-հին պատմություններ, որոնք կարևոր էին երբևէ։

Եվ արթնանում էին գինու գավերի մեջ կենդանի բարեմաղթանքներ, և ափսոսանք էր ծորում կոտրված պռունկով ափսեից, և հուշերի այրուք կար մոմակալի վրա՝ իբրև վկայություն։

Ես զրկում էի բովանդակությունը ձևերից, հանում էի բովանդակության ձևական հագուստները, որպեսզի իմաստն ըմբռնեմ։ Սա էլ յուրահատուկ կախարդություն է, մոգական արվեստ, որի հատակում բացակա Մարդու իրերն են։

Հին վերարկու և կոշիկներ։

Ծննդյան վկայական, ամուսնության վկայական և մահվան վկայական։

Ներքնակ ու անկողին, որտեղ հրաժեշտի խոսքեր են խորտակվել։

Մենք բոլորս կամաց-կամաց հեռացնում ենք բացակա մարդկանց իրերը մեր տներից՝ թողնելով եզակի թանկ նմուշներ, որոնք խոսում են ամեն օր, լալիս են ու քրքջում։

Հուշերը ձայներ են։

Իրերը՝ վկայություն։

Օ՜ դառնաղի օրեր։

Բահն ու քլունգը կարծես ուղեղիս մեջ են փորում։

Աղմո՞ւկ է, թե՞ լսողության խաբկանք…

Ցերեկային լույսի ճառագայթը խոցեց հատակին մեկնված մարդու բիբերը։ Ինչ-որ մեկը անցք էր բացել գետնափոր խցի առաստաղին, ինչ-որ մարդիկ քրտնաջան աշխատում էին։

Ձայնե՜ր…

Հողակոլոլ մի ուրվական իջավ արտաքին աշխարհից։

– Այստեղ գերի կա,- բղավեց մարդը՝ վերևում կանգնածներին ներս հրավիրելով։

«Հիմա ես գիտեմ, թե մարդն ինչպե է խելագարվում։- Այս միտքը կայծակնային ցոլք էր, նյարդային շոկ, և Ալեքսանդրը փակեց աչքերը՝ կարծեցյալ մահն իբրև պարգև ընդունելով։- Բայց ի՞նչ գործ ունի այստեղ կապիտան Լեսսինգը։ Սակայն… Բանականության խաբկա՛նք է։ Իհարկե՛… Արդեն օրեր շարունակ ձայներ եմ լսում, իսկ մարդիկ չկան…»։

Մի քանի հոգի ևս իջան պարանե սանդուղքով։

– Պատգարակ, պատգարա՛կ բերեք,- բղավեց նրանցից մեկը։

– Աստված իմ… Չի կարող պատահել… Սա, ախա՜ր, Ալեքսանդր Գոմեսն է։ Ո՞ղջ ես։ Ա՛յ դու խև սատանա…

«Ահա և վե՛րջ։- Այս միտքը խլեց բանականության թույլ կայծիկը՝ հիշողության մեջ սահման գծելով, և Ալեքսանդր Գոմեսը զրկվեց գիտակցությունից»։

 

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել