Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթել է նախկին հանրապետական պատգամավորի փեսան

Հուլիս 27,2019 15:28

Իջեւանում հանրային պուրակ կառուցելու՝ քաղաքապետ Վարդան Ղալումյանի աղմուկ հանած նախաձեռնության շուրջ ուշագրավ զարգացումներ են արձանագրվել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը որոշել էր հանրային պուրակ հիմնել` մասնավոր տարածքում: Իջեւան Անկախության 13/41 հասցեում գտնվող տարածքի սեփականատեր Վալերի Մելիքբեկյանը պարբերաբար շինարարների դեմ ակցիա էր իրականացնում։

Հունիսին նման ակցիաներից մեկի ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը անգամ հրել էր Մելիքբեկյանի կնոջը։ Հիմա հարցով զբաղվում է ոստիկանությունը։
Մայիսին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ավագանու նիստում հայտարարել էր, թե տարածքի սեփականատերը Իջեւան համայնքն է ու քաղաքապետարանը կարող է պուրակ հիմնել, իսկ հունիսին Հայաստանի հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից եզրակացություն է վերցրել, թե իր նախաձեռած պուրակը կառուցվում է Վալերի Մելիքբեկյանին պատկանող հողամասի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականություն հողամասում։

Այս եզրակացության մեջ ուշագրավն այն է, որ «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը մանրամասն ներկայացրել է Վալերի Մելիքբեկյանի հողամասի սահմանները, բայց ոչ մի բառ չի գրել ենթադրյալ համայնքային սեփականություն հողամասի մասին։ Թե ինչո՞ւ չի գրել՝ հայտնի չէ, բայց բոլորին է հայտնի, որ Վալերի Մելիքբեկյանի հողամասի հարեւանությամբ կան բնակելի եւ ոչ բնակելի շենքեր, այլ հողամաս չկա։

Եզրակացությունը տվել է «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռուբիկ Մուրադյանը։ Փորձեցինք պարզել նման եզրակացություն տալու պատճառը։ Մեզ հետ զրույցում Մուրադյանն ասաց, որ խնդիրն իրականում տվյալ տարածքի եւ տվյալ անձի հետ չէ, այլ քարտեզի շեղման: Նման խնդիրներ ողջ հանրապետությունում են առաջանում, Իջեւանն էլ իր քարտեզից բավական շեղված է. «Մեզ քաղաքապետարանից զանգել են տվել են կոորդինատները, ասել են որտեղ ընկնում ա խփեք` տվեք: Ես էլ իմ աշխատողներին ուղղարկել եմ, արել են, իրենք էլ գումարը փոխանցել են: Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բաժնից ստացած կոորդինատներ են մեզ տվել: Դրա ծածկագիրը Իջեւանի քաղաքապետարանից արդեն ստացել էին»,- ասաց մեր զրուցակիցը: «Քարտեզի շեղում է, մենք ինչ իմանանք, թող ճշտեն ասեն: Մեր բացթողումն այն է, որ տվյալ թղթում չենք նշել, որ քարտեզի շեղում է եղել»:
Հարցի հանգուցալուծումը, ըստ մեր զրուցակցի, հավանաբար պետք է տա Կադաստրի պետական կոմիտեն` Իջեւանի նոր քարտեզագրմամբ, ինչը երկար եւ ծախսատար գործ է:

Այս ամենի արդյունքում է, որ պուրակի շինարարական աշխատանքներն իրականացնող «Խաչմիշշին» ընկերությունը մոտ մեկ ամիս առաջ դադարեցրել է աշխատանքներն ու հրաժարվել է շարունակել, քաղաքապետ Վարդան Ղալումյանը նոր մրցույթ է հայտարարել ու հաղթել է հանրապետական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի փեսա Սերյոժա Բարսեղյանի «Տավուշ հոլդինգ» ընկերությունը: Իջեւանի քաղաքապետը նախկինում մի ժամանակ եղել է հանրապետական: Շինարարությունը դեռ չի սկսվել, Վալերի Մելիքբեկյանը շարունակում է պայքարը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Արաաա..պարզվում է հանրապետականների փեսաներն էլ օրենքից դուրս են…..:Տեսնես այս հոդված գրողը ինչական է?….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031