ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայող Գագիկ Չարխիֆալակյանը առաջնագծում հերթապահությունից օրերս է վերադարձել։
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ թերեւս առաջին անգամ սահմանում ծառայողներին բորբոսնած լավաշ է մատակարարվել։ «Դեպքը արտառոց էր, չնայած ասում են առողջությանը օգտակար է բորբոսնած հացը»,-կես կատակ-կես լուրջ ասաց նա։
Գագիկ Չարխիֆալակյանը միջադեպի մասին տեղյակ է պահել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին։ «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սոֆիա Հովսեփյանին, որովհետեւ անմիջապես նրան տեղեկացնելուց հետո իրավիճակ փոխվեց։ Նրան խնդրեցի ուշադրություն դարձնել ՀՀ ՊՆ N զորամասին սնունդ մատակարարող ընկերություններին։ Անմիջապես արձագանքեցին զորամասից, և թե տվյալ զորամասը սպասարկող Ռազմական ոստիկանության ստորաբաժանումից։ Եթե չեմ սխալվում՝ հարուցվել է քրեական գործ»,-ասաց նա։
Գագիկ Չարխիֆալակյանը կարծում է, որ շատերը համամիտ կլինեն, որ չի կարելի սահմանին կանգնողին անորակ սնունդ մատակարարել։ «Վստահ եմ սա առաջին ու վերջին դեպքը կլինի»,-ասաց նա։ Ի դեպ, Գագիկը միջադեպի մասին գրառում է կատարել նաեւ ֆեյսբուքում։
Կարդացեք նաև
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ