Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ․ Այս ամենը ներքաղաքական օրակարգի դատարկությունը լրացնելու հերթական փորձ է․ «Փաստ»

Հուլիս 27,2019 12:28

Քաղաքացու օրվա խորովածից հետո քաղաքական թիվ մեկ թեմա լինելու անվանակարգում հաղթող ճանաչվելու հնարավորություն ունի գորգ լվանալու արարողությունը: Կատակը՝ կատակ, բայց, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, այս իրավիճակը զարգացման վեկտորի բացակայության հետևանքն է:

«Չունենալով այդ զարգացման վեկտորը՝ իշխանությունը չունի նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու հայեցակարգերը: ԱԺ ընտրություններից հետո կային համեմատաբար կարևոր մի քանի հարցեր՝ կառավարության ծրագրի ընդունում, կառավարության կառուցվածքի փոփոխություն ու հարկային օրենսգրքի ընդունում: Այս ամենից հետո Հայաստանում ներքաղաքական լուրջ հարցեր այլևս չեն քննարկվում:

Հարցերը կապված են բացառապես երկրորդ նախագահի շուրջ ընթացող գործընթացների, ինչպես նաև ԲԴԽ-ի ու ՍԴ-ի հետ կապված զարգացումների հետ: Այսինքն, փաստացի, այսօր զարգացման օրակարգ չկա: Քանի որ իշխանությունների կողմից ներկայացված օրակարգ չկա և ներքաղաքական դաշտը դատարկվել է, բնականաբար, իշխող քաղաքական թիմն ինչ-որ հարցեր պետք է մտցնի՝ այդ դատարկությունը լրացնելու համար: Մյուս կողմից՝ թիմն ի վիճակի չէ զարգացման որևէ հարց մտցնել իսկ վարչապետին դա պարզապես պետք չէ. իրեն պետք է հասնել անձնիշխանության համակարգին, ինչին և փորձում է հասնել: Բայց ներքաղաքական օրակարգը դատարկ չի կարող մնալ և, որպեսզի դատարկ չլինի, այն լցվում է անլուրջ առաջարկներով, ինչպիսին Վարդավառի օրը գորգ լվանալն է:

Այս ամենը ներքաղաքական օրակարգի դատարկությունը լրացնելու հերթական փորձ է, ուրիշ ոչինչ»,-«Փաստի» հետ զրույցում նկատում է քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով այն հակադարձումներին, թե նման նախաձեռնությունները պետք չէ կապել այլ հարցերի հետ, որոնք դեռ լուծված չեն, քաղաքագետը նշում է.

«Դա արդարացում է, որի հիմքում ցույց տալն է, թե գործ են անում: Այսօրվա Հայաստանում կարևորը ոչ թե գործ անելն է, այլ ցույց տալը, որ գործ ես անում: Այս վարքագիծը բնորոշ է հատկապես վերջին 25 տարիների քաղաքական գործունեությանը: Նոր բան չէ՝ այս իշխանությունները շարունակում են նախկին 25 տարիների քաղաքական ավանդույթները: Պարզապես հիմա պոպուլիզմի և անլրջության չափաբաժինն է ավելացել:

Հիմա դերակատարներն են փոխվել՝ իրենց լուման ունենալով ու փոխելով այդ երևույթների ընդամենը ձևը: Հիմա պոպուլիզմին է մեծ տեղ տրվում, ինչպես նաև անլրջությունն է շատ, որովհետև պետական կառավարման համակարգ են եկել փողոցից՝ չունենալով կառավարման փորձ ու այդ փորձը ձեռք բերելու ցանկություն: Հիմա ցույց են տալիս, թե իբրև գործ են անում ու իրենց նախաձեռնությունները կարևոր են, ազգային ավանդույթներն են հարգում և այլն: Իհարկե, նրանց մի մասը հասկանում է, որ այսպես չի կարելի, բայց իրենք գտնվում են մի համակարգում, որն այլախոհություն չի ընդունում: Հաշվի առնելով դա՝ հասկանում են, որ եթե փորձեն ասել, որ այդպես չի կարելի, գործով և ոչ թե անլրջություններով ու գորգ լվանալով պետք է զբաղվել, կարող են անգամ զրկվել իրենց կարգավիճակից:

Մի մասը հասկանում է, բայց չի բարձրաձայնում, իսկ մյուս մասն իսկապես չի հասկանում, ավելին՝ ոգևորված է այդ ամենով»,-շեշտեց մեր զրուցակիցը:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031