Ամերիկայի եւ Իրանի միջեւ հակասությունը թեժանում է սակայն երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից, կարծում է վերլուծաբանը: «Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուի հետ:
– Այս հակամարտության մեջ կողմերը, հատկապես Իրանը, այլ երկրներ են ներառում: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս իրավիճակը Հայաստանի եւ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի համար:
– Բարդ է որոշել, թե Կովկասում ամերիկա-իրանական այս «կամքի մրցույթը» ինչպես կարող է արտահայտվել: Հայաստանը սերտ քաղաքական եւ տնտեսական կապեր ունի Թեհրանի հետ, Թեհրանն ավելի հայամետ կողմ է գրավում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, մինչդեռ Ադրբեջանն այսօր սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, այնպես որ Իրանն այլ կերպ է դիտարկում Ադրբեջանին եւս: Այս աշխարհաքաղաքական դինամիկան անշուշտ առկա է:
Սակայն, անուղղակի այս պրոքսի պատերազմներում ես չեմ տեսնում Կովկասի դերը: Մերձավոր Արեւելքում են ծավալվում հիմնական հակամարտությունները, Իրանն այնտեղ օգտագործում է տեղի բնակչությունը ամերիկյան գործընկերների շահերի դեմ: Հնարավոր է, գա ժամանակ, երբ Իրանն այդ մոդելը կիրառի նաեւ Կովկասում, սակայն, դրան իրավիճակը դեռ չի հասել: Ուստի, Հայաստանի համար լավագույն քայլն այս իրավիճակում կլիներ հավաստիանալ, որ իր տնտեսությունը լիարժեք տարանջատված է Իրանի տնտեսությունից, որպեսզի խուսափի երկրորդական պատժամիջոցների ազդեցությունից: Ճիշտ կլիներ նաեւ աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ վստահ լինելու, որ իրանական ցանկացած ապօրինի փորձ չի իրականացվում հայկական տարածքում:
Կարդացեք նաև
– Նախորդ շաբաթ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներն ԱՄՆ–ում կոչ էին անում Հայաստանի դեմ Իրանի պատժամիջոցները չկիրառել, ասելով, որ Հայաստանը երբեմն այլընտրանք չունի: Արդյո՞ք Միացյալ Նահանգները կշարունակիըմբռնումով մոտենալ Հայաստանի համագործակցությանն Իրանի հետ:
– Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցության վրա աչք փակելը կհակասեր ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրականացվող առավելագույն ճնշման քաղաքականությանը, սակայն, երբեմն Միացյալ Նահանգներն ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի որոշ երկրների բնակչության կարիքներին, որի համար կարեւոր են Իրանից ստացվող ապրանքներն ու ծառայությունները: Օրինակներից մեկը Իրանի կողմից Իրաք արտահանվող էլեկտրականությունն է, որը նախկինում պատժամիջոցների չէր ենթարկվում: Սակայն, թե որքան ժամանակ են նման կերպ բացառություններ արվելու,՝ քաղաքական հարց է: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպեսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարվող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որեւէ այլ տեղ: Ուստի, իրենց համար բացառություններ անելու երկրների կոչերը առայժմ հիմնավոր են:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում