Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան․ Այս նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի բարձրացման քայլը պատմության մեջ ամենամեծն է․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 27,2019 10:25

Կառավարությունը հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը 55 հազար դրամի փոխարեն սահմանել 68 հազար դրամ: Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանի կարծիքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումով 2 տարուց Հայաստանում մոտ 13 տոկոսով կբարձրանա նաեւ միջին աշխատավարձի թիվը՝ անկախ տնտեսական աճից:

– Պարոն ՍարգսյանԿառավարությունն արդեն հաստատել է նախագիծը, բայց հնարավոր է, որ Ազգային ժողովի քննարկումների եւ լսումների ընթացքում փոփոխություններ կատարվեն, այլ տարբերակներ առաջարկվեն:

– Նախագիծը Ազգային ժողովում սահմանված ընթացակարգով քննարկվելուց հետո միայն պարզ կլինի հնարավոր հանգուցալուծումը։ Գիտեք՝ այս կարեւոր նախաձեռնությունը Վարազադատ Կարապետյանինն ու Բաբկեն Թունյանինն է: Նախագծի հեղինակների հետ իրականացրել ենք նաեւ քննարկումներ եւ կարելի է ասել, որ հարցի լուծումը նույն վեկտորի վրա է։ Միեւնույն ժամանակ, մենք կատարեցինք համապատասխան վերլուծություններ ու գնահատեցինք նվազագույն աշխատավարձի համահունչ մեծությունը։

– Հաստատելու դեպքում նվազագույն աշխատավարձի այս չափը կբավարարի՞ ՀՀ
քաղաքացիներին՝ իրենց նվազագույն կարիքների բավարարմանը:

– Կարձանագրենք էական բարելավում։ Հարցի դիտարկումը բազմագործոն է: Նախ, այս նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի բարձրացման քայլը 13,000 դրամի չափով, պատմության մեջ ամենամեծն է։ Մյուս կողմից, նախկին որոշ բարձրացումների հետ համեմատած, այսօր սղաճի ու գնաճի ֆոնը էապես թույլ է, ինչն այս բարձրացումն ուղեկցում է բարենպաստ մակրոտնտեսական միջավայրում: Երբ գնահատել ենք 68 հազար դրամի չափով մեծությունը, մենք օգտագործել ենք մի քանի այլընտրանքային գնահատման մեթոդներ: Արդյունքում, գնահատման 5 եղանակով ստացված թվերը միմյանցից էապես չեն տարբերվել, ինչը լրացուցիչ հիմնավորում է հաշվարկների ճշտությունը:

Գնահատման վերլուծություններում առաջին անգամ մշակել ու առաջադրել ենք նաեւ նվազագույն աշխատավարձի այսպես կոչված՝ սոցիալ-ներառական չափի գնահատման մոդել։ Այս մեթոդով հաշվարկի տրամաբանությունը կայանում է նրանում, որ կառուցելով միջին ընտանիքի մոդել, սահմանում ենք այնպիսի նվազագույն աշխատավարձ, որ Հայաստանում միջին աշխատողների թվով եւ միջին անդամների թվով ընտանիքը գտնվի աղքատության կամ ստորին միջին կամ վերին գծերից վերեւ: Հարակից դրական ազդեցությունները միանշանակ բազմազան են՝ բնակչության եկամուտների աճ, անապահովության նվազում, առավել մրցակցային աշխատաշուկա, եկամուտների դիվերսիֆիկացման նվազում եւ այլն։

Այս բարձրացումը Հայաստանում նվազեցնելու է Ջինիի գործակիցը կամ բնակչության եկամուտների շեղումները փոքրացնելու է: Մեր հաշվարկները վկայում են, որ նվազագույն աշխատավարձի այս բարձրացումը ոչ միայն չեզոքացնելու է եկամտային հարկի համահարթեցման արդյունքում տարբեր գնահատականներով ահազանգված եկամուտների բեւեռացման բացասական էֆեկտը, այլ ավելի է նվազեցնելու այդ բեւեռացումը։ Հաջորդ դրական էֆեկտն այն է, որ պատմության մեջ նվազագույն աշխատավարձի բարձրացումներից հետո, 2-3 տարիների ընթացքում միջին աշխատավարձի աճ է նկատվել: Օրինակ, եթե նվազագույնը բարձրացել է 20 տոկոսով, հաջորդ շուրջ 2.5 տարիների ընթացքում միջին աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ միջին աշխատավարձի բարձրացման վրա նաեւ շատ այլ գործոններ են ազդում, այնուամենայնիվ, նվազագույն աշխատավարձի չափը աշխատավարձերի այլ մակարդակների վրա ունենում է ուղիղ ազդեցություն։

 

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031