Սեւանա լիճը շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում: Մեծ մասը փորձում է հնարավորինս պատկերավոր ներկայացնել «Սեւանի հրեշավոր վիճակը», մի փոքր մասն էլ՝ ձգտում է հնարավորինս բարվոք ու արագ իրականացվող լուծումներ գտնել թե՛ Սեւանա լճի հիմնախնդրի լուծման, թե՛ ավազանի բնակչության կեսամակարդակը բարձրացնելու համար: Իհարկե, սոցցանցերում գրառումներ անելով ու լիճը լուսանկարելով եւ սրտաճմլիկ տեքստերի համակցությամբ հրապարակելով ոչինչ անել չի լինի: Թերթի նախորդ երկու համարներում հրապարակած հոդվածներում արդեն խոսվել է լճի հիմնախնդրի պատճառներից շատերի մասին, քիչ չեն եղել նաեւ դիտարկումները՝ լուծման ուղիների մասին:
Լճի աղտոտվածությունը, թերեւս, ամենածանր ու դժվար լուծելի խնդիրներից մեկն է, դա միաժամանակ ազդում է նաեւ լճի ավազանում տուրիզմի զարգացմանը: Դեռ խորհրդային տարիներին լիճը մաքուր պահելու, այնտեղ թափվող ջրերն աղտոտվածությունից զտելու նպատակով որոշում էր կայացվել կոլեկտորային համակարգ անցկացնել, որը, ցավոք, չհասցրեց իրականանալ՝ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով:
Ի տարբերություն վերջինիս, որը բացի լիճը ցամաքեցնելու՝ անցյալ դարի կեսի հիմար որոշումից, Սեւանա լճին շատ լուրջ ու խնամքով էր վերաբերվում, մինչդեռ Հայաստանի երրորդ հանրապետության իշխանության տարիներին արվեց ամեն հնարավորը՝ լիճը թալանելու, դատարկելու, աղտոտելու ու անպիտանության շեմին հասցնելու համար: Օրինակ նույն կոլեկտորային համակարգը, որն ուղղակի շարունակություն էր պահանջում, 2000-ականների սկզբին օտարվեց, ապամոտաժվեց ու վաճառվեց. մոտ 6000 տոննա խողովակ ու միացման այլ համակարգեր գնացին «անհայտ ուղղությամբ»: Ցավոք սրտի, այսօր քչերն են խոսում այդ կեղտոտ գործարքի մասին, որը համազոր է պետական դավաճանությանը:
Ինչեւէ, անցյալն անցյալ է, հիմա, երբ երեք տասնամյակ միայն ողբացել ենք, ժամանակն է ուշքի բերելու Սեւանը, լիճը, որն 90-ականներին ու 2000-ականների սկզբին սնեց ու բառի ուղիղ իմաստով սովամահությունից փրկեց Հայաստանի ամբողջ բնակչությանը, հետագայում՝ զգալի մասին:
Կարդացեք նաև
Առաջին քայլերից մեկը պետք է լինի հետաքննություն՝ կոլեկտորների անհետացման հետքերով՝ ո՞վ, ո՞ւմ հետ, ե՞րբ, որին զուգահեռ պետք է ձեռնարկվի կոլեկտորի անցկացման նոր գործընթացը: Որքան էլ այն իրենից մեծ ծախսեր ենթադրի, անպայման պետք է իրականացվի, որովհետեւ մաքուր Սեւան ունենալն այսօր մեզ համար արդեն ռազմավարական խնդիր է:
Դրանից հետո, պետք է անպայման լուծել արդեն բազմիցս արծարծված ջրառի հարցը, որը տարիներ շարունակ ուղղակի հիվանդության շեմին է հասցրել լիճը: Ցավալի է, բայց մինչ Բնապահպանության նախարարն Ազգային ժողովում լսումներ է իրականացնում, նույն պահին Սեւանի ջուրը ողողում է Արարատյան դաշտը: Ներողություն, բայց դա ջուրծեծոցի է. ժամանակի սպանդ: Անշուշտ, Արարատյան դաշտի ոռոգման հարցը եւս կարեւոր է մեզ համար, բայց, ինչպես արդեն նշել ենք, դրա համար բազմաթիվ այլ աղբյուրներ կան, օրինակ՝ Կապսի ջրամաբարը, որին նախորդ հոդվածներում անդրադարձ չի կատարվել:
Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում