Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության եւ անվստահության պատճառները

Հուլիս 27,2019 10:00

Տարատեսակ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ վերջին ամիսներին նոր իշխանության վարկանիշը թեեւ փոքր-ինչ ընկել է, սակայն վստահության մակարդակը շարունակում է բարձր մնալ: Ես այդ հարցումների արդյունքներին հավատում եմ՝ ամենօրյա շփումս մարդկանց հետ հաստատում է, որ քաղաքացիների մեծ մասն իսկապես հավատում է իշխանությանը: Ասելով «իշխանությանը», նկատի ունեմ Փաշինյանին, որովհետեւ քաղաքական գործընթացները մեր երկրում խիստ անձնավորված են:

Եթե որեւէ սոցիոլոգ մոտենար ինձ եւ հարցներ՝ «դուք վստահո՞ւմ եք Փաշինյանին», ես կդժվարանայի միանշանակ պատասխան տալ, որովհետեւ հարցը չափից դուրս ընդհանուր է դրված, եւ պետք է բաժանվի «ենթահարցերի»: Ես վստահ եմ, որ 1/ Փաշինյանը երբեք չի օգտագործի իշխանությունը՝ իր եւ իր ընտանիքի նյութական հարցերը լուծելու համար, 2/ եթե քաղաքացիների մեծամասնությունը չցանկանա, որ Փաշինյանը պաշտոնավարի, նա «զոռով» չի մնա իշխանության ղեկին, 3/ վարչապետն անկեղծորեն ցանկանում է բարեփոխել մեր երկիրը: Այդ առումով այդ՝ ընդհանուր ձեւով դրված հարցի իմ պատասխանը դրական է: Բայց ես վստահ չեմ, որ 1/ Փաշինյանը գիտի, թե ինչպես է պետք է բարեփոխել մեր կյանքը, 2/ նա իր ներկայիս թիմով կարող է դա անել: Ահա վստահության եւ անվստահության, այսպես ասած, «ավելի մանր» դասակարգումը:

Բանն այն է, որ երկիրը հնարավոր է բարեփոխել որոշակի ծրագրի կամ, ինչպես հիմա է ընդունված ասել՝ «ճանապարհային քարտեզի» հիման վրա: Այդ «քարտեզն» իր հերթին, իմ կարծիքով, պետք է բխի որոշակի գաղափարախոսությունից՝ այո, չարչրկված «իզմ»-երից: Բերեմ մի պարզ օրինակ:

Նրանք, ովքեր ապրել են Հայաստանում 1990-ականների առաջին կեսին, հիշում են, թե ինչպիսի հսկայական հերթեր էինք մենք կանգնում հացի համար՝ սկզբից առանց կտրոնների, այնուհետեւ՝ կտրոններով: Այդպես շարունակվեց, մինչեւ որ կառավարությունը հասկացավ, որ հացը պետք է արտադրվի ոչ թե հսկայական պետական գործարաններում, այլ փոքրիկ մասնավոր փռերում, իսկ գները պետք է ազատականացվեն, դրանք կորոշվեն շուկայական մեխանիզմներով: Եվ մոտավորապես 1994 թվականի երկրորդ կեսից հացի խնդիրը վերացավ:

«Ճանապարհային քարտեզը» չպիտի լինի ամբոխահաճո՝ հայաստանցիներից շատերը մինչեւ հիմա հայհոյում են Հրանտ Բագրատյանին «երկիրը քանդելու» համար: Ծրագիրը չի կարող լինել անձնավորված՝ ոմանք, օրինակ, կարծում են, որ դատաիրավական համակարգի բարեփոխումը հանգում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինել-չլինելուն: Մյուս կողմից վստահ եմ, որ մոտակա չորս տարիներին բարեփոխումների հնարավորություն ունի իրականացնելու միայն Փաշինյանի կառավարությունը: Միայն թե այդ հնարավորությունը բաց չթողնի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    ՛՛Ես Կեկելին խիստ իմ սիրում, ամավուր բարաթը չկա՝ ի՞նչ կանամ անիմ՛՛- մոտավորապես այսպես, ոնց կասեր մեծ մտածող Դարչոն: ՛՛Բայց՛՛-ը, որ դրված է հավատում եմ ու չեմ հավատում-ի միջև, մի իմաստ ունի: Մինչև այն գրված մասը սուտ է՝ մնացածն է ճիշտԼ

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Հենց այդ «իզմերի»՝ հստակ գաղափարախոսության բացակայությունն է անվստահության հիմնական պատճառը: Հեղափոխություն առանց «իզմի» չի լինում՝ դա բացառված է: Եթե մարդը ի լուր աշխարհի հայտարարում է, որ ինքը իզմ չունի եւ մինչ ի մահ-կախաղան պիտի պայքարի «կոռուպցիայի» դեմ, ապա առավել քան ակնհայտ է դառնում, որ այդ մարդու միակ նպատակը իշխանությունն է, այլ ոչ թե ինչ-որ բարեփոխումների իրականացումը: Կարելի է իհարկե՝ Սերժիկին Նիկոլով, Մանվելին Սասունով կամ Սաշիկին սեփական կնոջով փոխարինելը համարել «բարեփոխում», բայց նման կարգախոսներ Կումայրի-Երեւան քայլարշավի ընթացքում ես ինչ-որ չեմ հիշում: Խոստումները բոլորովին այլ էին, եւ դրանցից ոչ մեկն առ այսօր չի կատարվել…

  3. Լավատես says:

    Մենք ունենք խելոքների հզորագույն բանակ՝ եւ երկրի ներսում եւ սփյուռքում, չօգտագործել այդ խելոքներին ի նպաստ ազգի ու պետության, նշանակում է անխելք մարդու ճակատագրին արժանանալ, առանց մեր խելոքների մենք ժողովրդից ազգ չենք դառնա, բայց քանի որ մեր լավագույնները իրենց համեստությունից հրաժարվում են միայն պատերազմական իրավիճակում, ուրեմն պետք է հայտարարել զինվորահավաք ու տասնհինգ տարեկանից ու մինչեւ վերջ զինվորագրել, կարելի է սկսել քաղաքացիական պաշտպանության զորավարժություններից ըստ շրջանների:

  4. Garo says:

    Իսկ արժի ֆուտբոլի հավաքականի մարզիչ նշանակել մեկին, որը շատ ազնիվա, երգրպագուների պահանջով միանգամից հրաժարական կտա, բայց էտ մարդը ամբողջ կյանքում դեղին մամուլի լրագրողա եղել, ֆուտոբլից ոչինչ չի հասկանում՞))

    Միայն կաշառք չվեցինելը ոչինչա, առավել եվս եթե էտ չվերցնելը զուտ բռնվելու վախի հետա կապված ոչ թե համակարգային լուծումա տրված:
    Ստալինի ժամանակ կոռուպցիա չկար, հետո հենց գնդակահարլեը սիբիր քշելը վերացավ կոռուպցիան հետ եկավ բարգավաճեց 80-կաններին կաշառակերությունն ու պետական ունեվծաքի թալանը նենց մասշտաբներ ընդունեց, որ երկիրը քանդվեց:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Ֆուտբոլի պահով երեւի թե՝ չարժի: Իսկ արժի՞ արդյոք բռնաբարել մեր գրական լեզուն փողոցահայերենով: Պետք չէ վախենալ կամ ամաչել երրորդ դեմքի է-ից: Դա է ճիշտը: Տեսեք՝ ես գրում եմ ազնիվ է, լրագրող է, լուծում է, եւ ինձ հետ ոչ մի սարսափելի բան չի կատարվում: 🙂
      Ի դեպ՝ սա վերաբերում է եւ «դեղին մամուլի լրագրողին»…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031