Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվում է Օսկարակիր ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի նոր` Mob Girl ֆիլմում, որն իրականացնում է Makeready կինոընկերությունը:
Դերասանուհին մարմնավորելու է գանգստերի կնոջ, որը տեղեկություններ է հաղորդում ոստիկանությանը: Variety.-ի փոխանցմամբ, ֆիլմը նկարահանվում է Փուլիցերյան մրցանակակիր Թերեզա Կասրպենտերի գրքի հիման վրա: Այս ֆիլմում դերասանուհին նաեւ համապրոդյուսեր է: Սցենարի վրա աշխատում է «Հանիբալ» եւ «Ամերիկացիները» սերիալների սցենարի հեղինակ Անժելինա Բերնետը:
Mob Girl ֆիլմի սյուժեի հիմքում իրական պատմություն է: Արլին Բրիկմանը, ում մարմնավորելու է Լոուրենսը, մեծացել է մի ընտանիքում, որը կապ ունի նյույորքյան մաֆիայի հետ: Գանգստերների հետ բազմաթիվ սիրավեպերի պատճառով աղջիկը ստացել է «Մաֆիայի աղջիկ» կամ «Մաֆիայի սիրուհի» մականունը: 20-րդ դարի 70-ական թվականներին նա բռնաբարվում է 3 բանդիտների կողմից, ինչից հետո փոխում է վերաբերմունքը մաֆիայի եւ քրեական աշխարհի հանդեպ ու դառնում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ինֆորմատորը: Նրա տրամադրած տեղեկատության հիման վրա ոստիկանությունը կարողանում է ձերբակալել հանրահայտ Կոլոմբո կլանի պարագլուխներին:
Makeready կինոընկերության գլխավոր տնօրեն Բրեդ Ուեսթոնի ձեւակերպմամբ, կնոջ տեսանկյունից դիտարկելու համատեքստում այս պատմության էկրանավորումը թարմ եւ հետաքրքիր մոտեցում է: Նրա խոսքերով, ավելի լավ թիմ չէին կարող ընտրել, քան այն թիմը, որտեղ են Պաոլո Սորենտինոն, գլխավոր դերակատար Ջենիֆեր Լոուրենսը եւ Բրեդ Ուեսթոնը:
2019-ի նոյեմբերին, Սորենտինոն կներկայացնի «Նոր Պապը» մինի-սերիալը, որը «Երիտասարդ պապի» տրամաբանական շարունակությունն է: Վերջինիս գլխավոր դերում Ջուդ Լուն է, նոր սերիալում նրան կմիանա Ջոն Մալկովիչը:
Հավելենք, որ իտալացի կինոռեժիսոր եւ սցենարիստ Պաոլո Սորենտինոն, քննադատների կարծիքների համաձայն, Իտալիայի 21-րդ դարի ամենատաղանդավոր կինեմատոգրաֆիստներից մեկն է: Նա Կաննի կինոփառատոնի մշտական մասնակիցն է: Ի թիվս այլ հեղինակավոր մրցանակների, Սորենտինոյի աշխատանքները քանիցս ստացել են նաեւ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ «Տարվա լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում:
Ինչ վերաբերում է ամերիկացի դերասանուհի եւ մոդել Ջենիֆեր Լոուրենսին, նա համարվում է շատ հաջողակ կինոաստղ: «Հույսի շողերի հավաքածուն» ֆիլմը նրան բերեց Օսկարի արձանիկ` որպես «Լավագույն դերասանուհի»: Նաեւ ստացել է 4 մրցանակ «Critics՚ Choice Movie Award» մրցանակաբաշխությունից` «Հույսի շողերի հավաքածուն», «Քաղցած խաղեր» եւ «Խաբեություն ամերիկյան ձեւով» ֆիլմերի համար։ Ստացել է Ոսկե Գլոբուս «Հույսի շողերի հավաքածուն» եւ «Խարդախություն ամերիկյան ձեւով» ֆիլմերի համար։ Լոուրենսը 2014-ին էլ ստացել է BAFTA` «Խարդախություն ամերիկյան ձեւով» ֆիլմի համար։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ»,
26.07.2019